211652_close_icon
views-count2731 դիտում article-date 16:34 06-04-2016

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ԳԴՀ Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով ժամանել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաք Բեռլին, որտեղ նախատեսվում են Սերժ Սարգսյանի հանդիպումները Գերմանիայի բարձրագույն ղեկավարության հետ: Ապրիլի 6–ին ՀՀ Նախագահը հանդիպում է ունեցել ԳԴՀ Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի հետ: Զրուցակիցները հայ-գերմանական միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում երկուստեք կարևորել են միջխորհրդարանական համագործակցությունը, որի զարգացման գործում Նախագահ Սերժ Սարգսյանը կարևորել է Նորբերթ Լամմերթի ավանդը: «Դուք ոչ միայն խրախուսում եք երկու խորհրդարանների միջև կապերը, որոնք գործնական հարթակ են ձևավորում փոխադարձ շահերի լիարժեք ընկալման համար, այլև ձեր ուշադրության ներքո եք պահում հայ ժողովրդին վերաբերող հարցերը»,- Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթին ասել է Սերժ Սարգսյանը: ՀՀ Նախագահը, որպես ասվածի վկայություն, նշել է պարոն Լամմերթի մասնակցությունը Գերմանիայում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումներին, ինչպես նաև նրա ելույթը Բունդեսթագի Հայոց ցեղասպանությանը նվիրված հատուկ նիստին։ Նորբերթ Լամմերթը վստահություն է հայտնել, որ ՀՀ Նախագահի պաշտոնական այցը և դրա շրջանակներում հանդիպումները Գերմանիայի բարձրագույն ղեկավարության հետ, նոր մակարդակի կբարձրացնեն հայ-գերմանական քաղաքական երկխոսությունն ու կընդլայնեն համագործակցությունը: Քննարկվել են նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող խնդիրներ և հույս է հայտնվել, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունները կարգավորող նոր շրջանակային համաձայնագիրը կստորագրվի տեսանելի ապագայում: Ի պատասխան ՀՀ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ Նախագահ Լամմերթի հարցին, Նախագահ Սարգսյանը տեղեկացրել է սահմանադրական փոփոխություններով պայմանավորված առաջիկա զարգացումների մասին և շնորհակալություն հայտնել գերմանական կողմին այդ գործընթացում տրամադրված խորհրդատվական աջակցության համար: Հանդիպմանն անդրադարձ է եղել ԼՂ հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումներին:

Նմանատիպ նյութեր