9518 դիտում
19:39 10-04-2016
Ավելի քան 20 քաղաքական գործիչներ պահանջում են ճանաչել ԼՂՀ-ն՝ Ադրբեջանին կանգնեցնելու համար. news.am
Հարկավոր է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ կանխելու համար Ադրբեջանի անմարդկային գործողությունները: Այս մասին ասված է ֆրանսիական քաղաքական գործիչների հայտարարությունում, որը հրապարակվել է Le Monde պարբերականում:
Նրանց թվում են Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ Ֆրանսուա Ռոշբլուանը, Գի Տեսիեն, Ռընե Ռուկեն, Անդրե Սանտինին, սենատոր Լյուկ Կարվունասը, Վալանսի քաղաքապետ Նիկոլա Դարագոնը, Մարսելի փոխքաղաքապետ Ռոլան Բլյումը, պատգամավոր Վալերի Բուայեն:
«Միջազգային հանրության անտարբերությունից ոգեշնչված՝ Ադրբեջանը նախագահ Իլհամ Ալիեւի ղեկավարությամբ, փորձեց ուժով վերադարձնել իր նախկին գաղութը: Ռազմական գործողություններն ավարտվեցին անհուսալի հրադադարով: Հարկավոր է նկատել, որ այդ մարտավարությունը ոչնչի չի հանգեցնի, քանի որ ուժերի հարաբերակցությունն անփոփոխ մնաց:
Հիմա ո՞վ կարող է ղարաբաղցիներից պահանջել վերադառնալ այն ռեժիմի կազմ, որը միայն մեկ բան է ցանկանում՝ ֆիզիկապես ոչնչացնել նրանց: Ղարաբաղցիների համար անկախությունն ու հանրապետության ստեղծումը երբեք ինքնանպատակ չի եղել, այլ խաղաղ եւ անվտանգ ապրելու միջոց:
Ադրբեջանը հարուստ երկիր է, բայց ադրբեջանցիները հարուստ չեն: Նրանք նավթային հարստություններից օգտվելու օրինական իրավունքն ունեն, որոնք խլում է իշխող ընտանիքը: Ալիեւի կլանի համար Ղարաբաղի դեմ պատերազմը շարունակում է լավ միջոց մնալ հասարակության ուշադրությունը շեղելու կոռուպցիայից եւ այն փաստից, որ նա հարստահարում է սեփական ժողովրդին:
Միջազգային հանրությունը, որը հրաշալի գիտի այդ մասին պետք է ընդունի պատասխանատվության իր չափը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է ճանաչվի, որպեսզի Բաքուն դադարի այդ երկրի չճանաչված լինելու հանգամանքը որպես առիթ օգտագործել՝ խաղաղ բնակչության վրա հարձակվելու համար:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ: XXI դարում անիմաստ է բանակցություններ վարել՝ առանց մի կողմի մասնակցության: Վերադառնանք ուղղակի երկխոսությանը, քանի որ, ինչպես ցույց տվեց ապրիլի 5-ի հրադադարը, դա հնարավոր է Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ, եւ միայն նրանց միջեւ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին կոչ ենք անում արագացնել հետաքննության համար հանձնաժողովի ձեւավորումը, որը կհաստատի փաստերն ու կսահմանի պատասխանատվությունը (կողմերի - խմբ.): Այդ ժամանակ հնարավոր կդառնա քաղաքական եւ իրավական պատժամիջոցներ սահմանել նրանց նկատմամբ, ովքեր սկսել են պատերազմը, ինչպես դա ընդունված է աշխարհում մի շարք այլ հակամարտությունների պարագայում»,- ասված է հայտարարությունում:
Հայտարարությանը միացել են սենատոր Միշել Ամյելը, պատգամավոր Ֆրանսուա Պուպոնին, պատգամավոր Յուգ Ֆուրաժը, պատգամավոր Բեռնար Ֆուրնյեն, պատգամավոր Սոֆի Ժուասենը, պատգամավոր Առլետ Գրասկոստը, պատգամավոր Ժան-Ժակ Գույեն, պատգամավոր Քրիստիան Կյորտը, պատգամավոր Պատրիկ Լաբոնը, սենատոր Ֆիլիպ Մարինին, պատգամավոր Ֆրանսուա-Միշել Լամբերը, Բուք-Բել Էրի քաղաքապետ Ռիշար Մայեն, Ռոն Ալպի եւ Օվերնի տարածաշրջանային խորհրդական Էմանուել Մոնդոնը, Բուշ դը-Ռոնի գլխավոր խորհրդական Քրիստոֆ Մասը, Բուրգ դե Վալանսի քաղաքապետ Մառեն Մուրյեն, Վեննի պատվավոր քաղաքապետ Ժակ Ռեմիյեն, սենատոր Ալեն Ներին, պատգամավոր Ռուդի Սալը:
[color=#EF2929]http://news.am/arm/news/321565.html[/color]
Նմանատիպ նյութեր
1276 դիտում
20:19 12-12-2023
Ավելի քան 150 միջազգային գործիչներ պահանջում են ազատ արձակել Բաքվում պահվող հայերին