3076 դիտում
13:47 14-04-2016
Ղարաբաղը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում. Էդվարդ Նալբանդյան
[b]Հարց[/b]. Բարի երեկո, պարոն նախարար: Շնորհակալություն մեր հրավերն ընդունելու ու հաղորդաշարին հյուրընկալվելու համար: Սկսենք, երևի թե, ամենակարևոր հարցից. Ձեր կարծիքով ինչո՞ւ սկսվեց այս ամենը:
Էդվարդ Նալբանդյան. Բարի երեկո: Կարծում եմ՝ գլխավոր բացատրությունն այն է, որ Ադրբեջանը ձախողվել է բանակցային գործընթացում: Ժամանակին ձախողվել էր ռազմական դաշտում, փորձեց հաջողության հասնել բանակցությունների միջոցով, բայց դարձյալ ձախողվեց:
Ես ընդհանրապես այդքան չեմ սիրում խոսել հաջողությունների կամ դիվանագիտական ձախողումների մասին, բայց լինում են հանգրվաներ, երբ պետք է որոշ բաների մասին բացել փակագծերը:
Ի՞նչ է, եթե ոչ ձախողում, երբ ողջ միջազգային հանրությունը և այն ներկայացնող եռանախագահող երկրները խոսում են հայտնի երեք սկզբունքների մասին` ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության մասին, Ադրբեջանը խոսում է միայն մեկ սկզբունքի մասին: Վերջերս` մի քանի օր առաջ, եռանախագահներն էին այստեղ, մամուլի ասուլիսի ժամանակ նրանք կրկին վերահաստատեցին այդ երեք սկզբունքները՝ որպես հիմք բանակցային գործընթացի ու հիմնախնդրի կարգավորման համար, իսկ հաջորդ օրն ադրբեջանական ամբողջ մամուլը լույս տեսավ վերնագրերով, թե եռանախագահները պաշտպանել են տարածքային ամբողջականության սկզբունքը՝ որպես բանակցային գործընթացի, կարգավորման հիմք: Արդյո՞ք դա հաջողություն է Ադրբեջանի համար: Իհարկե` ոչ: Արդյո՞ք հաջողություն է Ադրբեջանի համար այն, որ ամեն կերպ խուսափում են անգամ որևէ հղում կատարել կամ հիշատակել եռանախագահ երկրների ղեկավարների մակարդակով ընդունված հինգ հայտարարությունները, որոնք հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ նախագահների մակարդակով ընդունված գլխավոր փաստաթղթերն են: Դրա վառ ապացույցն էր անցած տարի Ռիգայում կայացած Արևելյան գործընկերության գագաթաժողովը, երբ Ադրբեջանի նախագահը հրաժարվեց ներկա գտնվել, իսկ արտգործնախարարը լքեց գագաթաժողովը, որովհետև հռչակագրի մեջ հղում էր կատարվում այդ հինգ հայտարարություններին, որոնք արել են եռանախագահող երկրների նախագահները՝ որպես հիմնախնդրի կարգավորման հիմք:
Ի՞նչ է, եթե ոչ ձախողում, երբ եռանախագահներն ասում են, որ պետք է ստեղծել միջադեպերի քննության մեխանիզմ, որը կարող է լինել ոչ միայն հետաքննության, այլ նաև զսպման մեխանիզմ: Այդ առաջարկությունը հնչում է ոչ միայն եռանախագահներից, այլև ՄԱԿ-ից, Եվրամիությունից, տարբեր միջազգային կառույցներից, իսկ Ադրբեջանը ձևացնում է, որ այդպիսի բան գոյություն չունի:
Իհարկե, քննադատություններ են հնչում և եռանախագահների հասցեին, որ իրենք ոչ միշտ են հասցեագրված հայտարարություններ անում, բայց հիշեցնեմ, որ նախորդ տարի Ադրբեջանին վերաբերող երեք շատ հստակ հասցեագրված հայտարարություն արեցին, որտեղ կոչ էին անում վերահաստատել հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման հանձնառությունը: Այդ կոչն Ադրբեջանն այդպես էլ չլսեց: Եռանախագահները կոչ արեցին համաձայնել, ինչպես դա արել են Հայաստանն ու Արցախը, հետաքննությունների մեխանիզմի ստեղծմանը: Ադրբեջանը կրկին չհամաձայնեց: Կոչ արեցին վերջ տալ եռանախագահների հասցեին ուղղված քննադատությունները, քանի որ դրանք խոսում են այն մասին, որ այդ երկրում քաղաքական կամքն է բացակայում հիմնախնդրի կարգավորման համար: Այս շարքը կարելի է շատ երկար շարունակել:
Ի՞նչ էր, եթե ոչ ձախողում, երբ Կազանում իրենք, փաստորեն, հետքայլ արեցին գրեթե ձեռք բերված պայմանավորվածություններից: Ի՞նչ է, եթե ոչ ձախողում, որ Կազանից առաջ Սոչիում, Սոչիից առաջ Աստրախանում, Աստրախանից առաջ Սանկտ-Պետերբուրգում նույն hետքայլերն էին անում, կամ Կազանից տասը տարի առաջ Փարիզում այսպես կոչված «փարիզյան սկզբունքները», երբ թվում էր, որ կողմերը կարող են ինչ-որ համաձայնության գալ, և Ադրբեջանը հետքայլ արեց Քի Վեսթում: Եվ այսպես շարունակ:
Հայտնվելով մի իրավիճակում, երբ բանակցություններում արդեն ասելիք չունի, մի իրավիճակում, երբ ստիպված էր անգամ հրաժարվել եռանախագահների հետ հանդիպումից, ինչի վկայությունն էր այն, երբ Վաշինգտոնում ադրբեջանական կողմը ընդհանրապես հրաժարվեց հանդիպել եռանախագահներին:
Տարիներ շարունակ Ադրբեջանն իր սպառնալիքներն էր հնչեցնում, տարիներ շարունակ բոլորը կոչ էին անում հարգել հրադադարը, հարգել զինադադարի 1994թ. մայիսի համաձայնագիրը և 1995թ. զինադադարի ամրապնդման համաձայնագիրը: Չնայած դրան` Ադրբեջանը ձևացնում էր, թե դա իրեն չի վերաբերում: Հիմա գնաց ավելի լայնածավալ գործողությունների: Կարծում եմ՝ բոլորի համար ակնհայտ է, թե ով է սկսել այս գործողությունները: Բոլոր դեպքերում այն զրույցների ընթացքում, որոնք ես ունեցել եմ իմ գործընկերների հետ, որևէ մեկի մոտ կասկած չի եղել, որ հենց Ադրբեջանն է սկսել այդ գործողությունները:
Եվ երկրորդը, պարզ է, թե որն էր իր նպատակը. այն, ինչն իրենք բազմիցս ասել էին` ռազմական ճանապարհով լուծել հիմնախնդիրը: Եվ կրկին ձախողվեց: Ադրբեջանը կարող էր ունենալ իր առջև դրված նվազագույն ու առավելագույն խնդիրներ: Կարծում եմ՝ ոչ նվազագույն, ոչ էլ առավելագույն խնդիրներն Ադրբեջանը չլուծեց: Հիմա ստիպված կլինի վերադառնալ բանակցային գործընթաց, նստել բանակցությունների սեղանի շուրջ ու շարունակել բանակցությունները: Իհարկե, բանակցություններ վերսկսելն այդքան հեշտ չէ, պետք է համապատասխան պայմաններ ապահովել, և եռանախագահների ջանքերն ուղղված են հենց դրան:
[b]Հարց[/b]. Պարոն նախարար, ես հասկանում եմ, որ դիվանագիտության բնույթն այնպիսին է, որ ոչ միշտ է, որ կարելի է և պետք է խոսել ամեն ինչի մասին, ինչն ընթանում է բանակցային հարթությունում: Այդուհանդերձ, ինչպես Դուք ասացիք, հրանոթները լռել են: Հիմա արդեն խնդիրը տեղափոխվել է դիվանագիտության հարթություն: Ի՞նչ է անում այս ուղղությամբ Հայաստանը և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը: Հարցն առավել շեշտադրվում է, քանի որ հասարակության մեջ պնդումներ կան, որ տեղեկատվության սղություն կա՝ կապված այդ գործունեության հետ:
Էդվարդ Նալբանդյան. Դուք երևի շատ ճիշտ եք. դիվանագիտությունն այն ոլորտը չէ, ուր ամեն ինչի մասին պետք է հրապարակավ խոսել: Բայց ինչ վերաբերում է այս վերջին իրադարձություններին, կարծում եմ, որ վերջին միայն մեկ շաբաթվա ընթացքում, եթե նայեք արտգործնախարարության կայքէջը, ապա կտեսնեք, որ առնվազն տասը հաղորդագրություն է եղել՝ հենց այս իրադարձություններին, զարգացումներին նվիրված: Այս զարգացումների, Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների առաջին իսկ վայրկյաններից ես անմիջական կապի մեջ էի իմ գործընկերների հետ` եռանախագահող երկրների և նրանց դեսպանների հետ, ոչ թե մեկ, այլ բազմաթիվ հեռախոսազրույցներ եմ ունեցել, այդ թվում՝ ԵԱՀԿ-ում նախագահող երկրի արտգործնախարարի հետ, նաև մեր հարևան երկրների նախարարների հետ, տարբեր կառույցների գլխավոր քարտուղարների, ղեկավարների հետ: Ակնհայտ էր, որ այս բոլոր կառույցներն ու շատ երկրներ արձագանքեցին ու միանշանակ հայտարարեցին, որ բացառապես խաղաղ ճանապարհով խնդրի հանգուցալուծմանն այլընտրանք չկա, քննադատեցին ռազմական գործողությունների վերսկսումը:
Այս հեռախոսազրույցները, հանդիպումները շարունակվել են մինչ այսօր: Երեկ որոշ այլ զարգացումներ են եղել, որոնք, ինչպես Դուք եք ասում, դեռ հրապարակման ենթակա չեն, բայց անգամ երեկ գիշերվա և այսօր առավոտյան ժամերին ես շուրջ 12 հեռախոսազրույց եմ ունեցել իմ տարբեր գործընկերների ու տարբեր կառույցների ներկայացուցիչների, ղեկավարների հետ: Գլխավորը դիվանագիտության մեջ ճառ ասելը չէ, այլ զանգ կախելն է՝ որպեսզի արդյունք լինի, քանի որ եթե ոչ միայն արտգործնախարարի, այլև արտերկրում դեսպանների շատ հանդիպումների, կամ արտգործնախարարության բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպումների մասին հրապարակվի, ապա դա կարող է թիրախ հանդիսանալ հակառակորդի համար, կամ նրանց համար, ովքեր կարող են դա օգտագործել ինչ-ինչ հակառակ նպատակներով:
[b]Հարց[/b]. Պարոն նախարար, ռազմական գործողությունների վերսկսումից հետո առաջին երկու օրվա ընթացքում ակնհայտ ծուլություն էր նկատվում միջազգային արձագանքներում, և տպավորությունն այնպիսին էր, որ աշխարհը սպասում էր՝ տեսնի, թե ինչ զարգացումներ տեղի կունենան ճակատում, այնուհետև, կոպիտ ասած, խառնվի այս պրոցեսին: Արդյո՞ք այդ տպավորությունը ճիշտ է, և ինչպե՞ս դա կմեկնաբանեք:
Էդվարդ Նալբանդյան. Այնպիսի մի իրավիճակ էր ստեղծվել, որ այնքան էր ասվում, որ Ադրբեջանը պատերազմ է պատրաստում, Ադրբեջանը պատրաստվում է ուժ կիրառել, Ադրբեջանը սպառնում է, Ադրբեջանը գնում է սադրանքների, և դրանք կային, բայց այս կարգի լայնածավալ գործողությունները...
[b]Հարց[/b]. Այսինքն՝ վարժվել էին և չէի՞ն սպասում...
Էդվարդ Նալբանդյան. Ոչ թե վարժվել էին, այլ շատերին թվում էր, թե կարող են նորից սադրանքներ լինել, և այլն, և այլն, բայց այս կարգի, այս ծավալի գործողություններ ոչ բոլորն էին ակնկալում:
Իհարկե, առաջին տեղեկությունները ստանալով, որոշ վերլուծության կարիք էլ կար, որովհետև կա տեղեկատվություն, որ ստանում են մեկ կողմից, բայց պետք է նաև լսեն մյուս կողմին, և պետք է նաև համադրեն այդ տեղեկատվությունը, պետք է ունենան նաև այլ աղբյուրներից տեղեկատվություն և, այդ ամենը համադրելով, ինչ-որ հայտարարություններ, եզրակացություններ անեն: Բայց կարծում եմ՝ հայտարարություններ բավական արագ սկսեցին հնչել:
Չեմ ասում մեր հայտարարության մասին, քանի որ արտաքին գործերի նախարարությունը ժամեր անց իր հայտարարությունն արեց իրադարձությունների զարգացման վերաբերյալ: Հնչեցին նաև եռանախագահող երկրների կողմից հայտարարություններ, սկսեցին հնչել միջազգային կառույցների կողմից:
Կարծում եմ՝ չենք կարող ասել, որ դա ծուլության նշան էր: Մտահոգությունը շատ մեծ է, և մոտիկից այդ կառույցները և եռանախագահող երկրները հետևում են, ջանքեր են գործադրում, որպեսզի իրավիճակը ոչ միայն առավել չապակայունանա, այլ հակառակը, ստեղծվեն համապատասխան պայմաններ, որպեսզի հնարավոր լինի բանակցությունները շարունակել:
[b]Հարց[/b]. Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հայտարարեց, թե մարտական գործողությունների վերսկսման մասին տեղեկացել է երրորդ դեմքից: Կարո՞ղ է այդպես լինել:
Էդվարդ Նալբանդյան. Գիտեք՝ դա առաջին անգամ չէ, երբ որ ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաներն ասում են, թե իրենք չգիտեին: Մեկ ձեռքը մի բան է անում, մյուս ձեռքը՝ ուրիշ բան է անում։ Կամ ձևացնում են, որ չգիտեն: Անգամ ամենաբարձր ղեկավարությունն առաջին անգամ չէ, որ այնպիսի տպավորություն է ստեղծում, որ ինքը ինքնաթիռում էր, ինքը, չգիտեմ` որտեղ էր, և ինչ-որ մեկը որոշեց, ինչ-որ գործողություններ արեց, սադրանքներ կազմակերպեց:
Դա առաջին անգամ չէ. Հայաստանում մենք դրան մոտիկից ծանոթ ենք: Բայց ինչ-որ Դուք եք մատնանշում, չգիտեմ՝ այդպես է, թե ոչ, բայց իրականության մեջ հենց իմ զանգերից հետո այդ զրուցակիցները սկսեցին կապվել իր հետ: Սկզբից նա չէր վերցնում հեռախոսը: Դժվար էր իր հետ կապվել: Հետո ձևացնում էր, թե ինքը իսկապես այդքան էլ տեղյակ չէ: Այսինքն, կարելի է արդեն դատողությունները թողնել այդ զրուցակիցներին, որ ասեն, թե ինչքանով կարող են հավատալ այդ կարգի, այդ ոճի դրսևորումներին, երբ այս շատ սուր ճգնաժամային պայմաններում ադրբեջանցիները ձևացնում են, թե իբր տեղյակ չեն:
[b]Հարց[/b]. Լավ: Վերջին օրերի զարգացումների մեջ բավականին ուշագրավ էր մի դրվագ, որը կապված էր տրամաբանորեն մեզ գործընկեր համարվող երկրների հետ: Բնականաբար, տեղյակ եք, որ որոշ հայտարարություններ հնչեցին այդ երկրներից, որոնք, մեղմ ձևակերպենք, այդքան էլ հայանպաստ չէին կամ նույնիսկ չեզոք չէին: Անկհայտորեն այնտեղ նկատվում էին ադրբեջանահաճո որոշակի տարրեր: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա:
Էդվարդ Նալբանդյան. Եթե ի նկատի ունեք ԵԱՏՄ անդամ երկրներին, ապա այստեղ էլ պետք չէ չափազանցեցնել, որովհետև եթե վերցնենք Եվրամիության երկրներին, ոչ միշտ են Եվրամության բոլոր երկրներն իրար հետ համաձայն։ Միշտ հայտարարություններ են անում կամ դիրքորոշումներ են հայտնում, որոնք միշտ չեն կարող դուր գալ այլ անդամ երկրներին:
Իսկ ԵԱՏՄ-ն նոր ձևավորվող կառույց է: Ես համեմատեցի Եվրամիության հետ, բայց կարելի է համեմատել շատ այլ կառույցների հետ: Սա տնտեսական միություն է, և այստեղ այդ երկրները նաև ունեն իրենց տրամադրվածությունները, իրենց ուղղվածությունները, իրենց շահերը, իրենց նախընտրությունները ու կարող են համապատասխան կարծիքներ արտահայտնել: ԵԱՏՄ-ի մեջ մենք չունենք այդպիսի կառույց, որը համադրում է արտաքին քաղաքականության ոլորտի դիրքորոշումները, ինչը մենք ունենք ՀԱՊԿ-ում:
Բայց անգամ ՀԱՊԿ-ում են այդպիսի բաներ պատահում: Իհարկե, դա է պատճառը, որ գագաթաժողովներից գագաթաժողով, արտգործնախարարների հանդիպումներից արտգործնախարարների հանդիպում մենք միշտ այդ հարցը բարձրաձայնել ենք, և ոչ միայն մենք, քարտուղարությունը, նաև այլ երկրներ: Իհարկե, պետք է այս ուղղությամբ ավելի համադրված և ավելի արդյունավետ աշխատանք տարվի և համագործակցություն, փոխգործակցություն հաստատվի անդամ երկրների միջև: Շուտով մենք նախատեսում ենք մեզ մոտ ՀԱՊԿ-ի արտգործնախարարների հանդիպում: Կարծում եմ՝ այդ հարցը նորից բարձրացվելու է:
[b]Հարց[/b]. Մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի բարձրագույն իշխանության շրջանակներում վերջին օրերին հայտարարություններ հնչեցին, որոնցում ակնհայտորեն նկատվում էր Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունների նույնականացում բովանդակության և խորության առումով: Գոնե հայտարարությունների մակարդակով այդպիսի տպավորություն ստեղծվում էր: Բնականաբար, այս իրողությունը պետք է բավական մեծ դժգոհություն առաջացներ հասարակության շրջանում: Արդյո՞ք նորմալ է այս իրադրությունը:
Էդվարդ Նալբանդյան. Ադրբեջանը չէ, որտեղ տեղակայված է ռուսաստանյան ռազմական բազան, Ադրբեջանը չէ, որ ՀԱՊԿ-ի անդամ է, Ադրբեջանը չէ, որը, ի տարբերություն Հայաստանի, ունի տասնյակ պայմանագրեր Ռուսաստանի հետ, որոնք վերաբերում են պաշտպանության և ռազմարդյունաբերական ոլորտներին: Ադրբեջանը չէ, որ ստորագրել է Ռուսաստանի հետ հայտնի «5-րդ արձանագրությունը», որին ես բավական մանրամասն անդրադարձել եմ մեր հարցազրույցներից մեկի ընթացքում: Այս շարքը կարելի է շարունակել: Իհարկե, այսպիսի տրամաբանություն կա (գիտեմ, որ մեր հանրային կարծիքում էլ բավական սուր քննարկումների առարկա է դարձել), որ Ադրբեջանը Ռուսաստանից համապատասխան զենք է գնում: Այսպիսի կարծիք է հնչում, որ իբրև դա բիզնես է: Չգիտեմ՝ ընդունել, թե չընդունել այդ փաստարկը, բայց իրականում հայ-ռուսական հարաբերությունները բիզնես հարաբերություններ չեն, դրանք միայն խոսքով դաշնակցային հարաբերություններ չեն, դրանք նաև իրավապայմանագրային հիմքեր ունեն: Սա ակնհայտ է բոլորի համար, ներառյալ՝ Ադրբեջանի, գաղտնիք չէ:
[b]Հարց[/b]. Հասարակության որոշակի շրջանակներում այս ամենի ֆոնին պահանջ է ուրվագծվում՝ կապված Եվրասիական տնտեսական միությանը մեր անդամակցության հետ: Տրամաբանությունն այսպիսին է: Մեր գործընկեր երկրներից երկուսը՝ Բելառուսը և Ղազախստանը, ցուցաբերում են ոչ միանշանակ կեցվածք՝ կապված վերջին զարգացումների հետ: Ռուսաստանը զենք է վաճառում մեր թշնամուն: Այս պարագայում ինչո՞ւ մնալ այդպիսի կառույցում: Ի՞նչ պատասխանել այդ մարդկանց:
Էդվարդ Նալբանդյան. Ինչպես ես ասացի, Եվրասիական տնտեսական միությունը տնտեսական բնույթի միություն է: Դա այն կառույցն է, որտեղ անդամ երկրները կարող են կոնսենսուսի վրա հիմնված որոշումներ կայացնել, արտահայտել իրենց դիրքորոշումը: Այդ կառույցի մեջ որևէ որոշում հնարավոր չէ ընդունել՝ առանց բոլոր երկրների համաձայնության: Հայաստանն ունի լիիրավ իրավունք՝ արտահայտելու իր կարծիքը, և որևէ որոշում չի կարող ընդունվել առանց նաև մեր կարծիքի: Այդ նույն երկրները նաև ՀԱՊԿ-ի անդամ են, և լինելով ՀԱՊԿ-ի անդամ (այնտեղ լրիվ ուրիշ պատմություն է, ինչպես ես ասացի)՝ պետք է ավելի համադրված մոտեցում ցուցաբերեն արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ:
Հատկապես, եթե խոսքը գնում է Ղարաբաղի մասին, ապա ՀԱՊԿ-ի շրջանակներում կառույցի գագաթաժողովները և արտգործնախարարների խորհուրդները բազմիցս հայտարարություններ են արել, որոշումներ են ընդունել, որտեղ հստակ նշված է ՀԱՊԿ անդամ երկրների մոտեցումը, դիրքորոշումը հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ: Խոսքը գնում է եռանախագահող երկրների ջանքերի աջակցության, հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման մասին՝ հայտնի երեք սկզբունքների հիման վրա, եռանախագահող երկրների ղեկավարների հինգ հայտնի հայտարարությունների աջակցության մասին: Շատ հստակ է դա: Եթե այդ անդամ-երկրներից որևէ մեկն ինչ-որ տեղ սայթաքում է անում կամ այլ դիրքորոշումներ է արտահայտում, ապա այդ շրջանակներում մենք հիշեցնում ենք, որ ունենք ընդհանուր՝ նախագահների մակարդակով կոնսենսուսով ընդունված մոտեցումներ, և անգամ այդ ընդունված որոշումների հիման վրա հանձնարարականներ են տրված անդամ երկրների դեսպաններին, որպեսզի գործեն դրա հիման վրա՝ նկատի ունենալով վերոհիշյալ մոտեցումները:
[b]Հարց[/b]. Այսինքն, ռազմական իրադրության հետ կապված՝ մենք մեր ուշադրությունը պետք է կենտրոնացնենք ոչ թե Եվրասիական տնտեսական միության վրա, այլ ՀԱՊԿ-ի վրա:
Էդվարդ Նալբանդյան. Եթե խոսքը գնում է ռազմաքաղաքական հարցերի մասին, ապա, այո՛. ՀԱՊԿ-ը ռազմաքաղաքական դաշինք է, և իհարկե այս շրջանակում է, որ կարող ենք քննարկել այդ հարցերը: ԵԱՏՄ-ում մենք չենք վարանում արտահայտվել, եթե կարիքը կա: Եթե Դուք հետևում եք այն հաղորդագրություններին, որոնք մենք հրապարակեցինք, գիտեք, որ մեր փոխարտգործնախարարը համապատասխան հանձնարարություն ունեցավ և հանդիպեց Բելառուսի դեսպանին, երբ հայտարարություն էր արվել Բելառուսի կողմից այս վերջին իրադարձությունների վերաբերյալ, ինչպես նաև հեռախոսազրույց եղավ Հայաստանի և Բելառուսի արտգործնախարարների միջև: Իհարկե, մենք մանրամասներ չհայտնեցինք, բայց, բնականաբար, մենք շատ անկեղծ, բաց և հստակ խոսում ենք այս բոլոր հարցերի շուրջ: Գիտեք, որ եղավ նաև այլ հայտարարություն Բելառուսի կողմից, որտեղ որոշ ճշտումներ մտցվեցին:
[b]Հարց[/b]. Վերջին օրերի զարգացումների հետ կապված՝ տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյանենրի հայտարարությունները վերլուծելիս փորձագիտական շրջանակներում կարծիք առաջացավ, թե բանակցային սեղանին այժմ նոր փաստաթուղթ է հայտնվել, որն այնքան էլ շահեկան չէ Հայաստանի համար: Կա՞ նման բան:
Էդվարդ Նալբանդյան. Ասել, որ այդքան շահեկան չէ մեզ համար, բայց Ադրբեջանը ստիպված պատերազմական գործողություններ է սկսում, մի քիչ տարօրինակ է հնչում: Դա դիլետանտիզմ է:
Հարցը հենց նրանում է, որ այն, ինչ գտնվում է սեղանի վրա, ես փորձեմ բացել փակագծերը, որովհետև մինչ այդ չէի ասել, բայց հիմա ասեմ: Աշխատանքային փաստաթուղթ համարվում է այն փաստաթուղթը, որը եղել է կողմերի միջև քննարկման առարկա: Այդպիսի բազմաթիվ փաստաթղթեր են եղել: Երբ դրանց շուրջ բանակցությունները չեն հաջողվել, այդ փաստաթղթերը հանձնվել են ի պահ Վիեննայում ԵԱՀԿ գլխավոր գրասենյակ: Ի պահ, այսինքն՝ փակ փաթեթով:
[b]Հարց[/b]. Այսինքն՝ թեման փակվել է, ծրարը հանձնվե՞լ է:
Էդվարդ Նալբանդյան. Միգուցե ոչ վերջնական է փակվել, բայց չի ստացվել այդ աշխատանքային փաստաթղթի շուրջ քննարկումները վերջացնել, դրա համար այն տրված է ի պահ Վիեննայում:
Դուք գիտե՞ք՝ որ փաստաթուղթը Վիեննայում ի պահ դեռ չի տրված՝ Կազանի փաստաթուղթը: Ուրեմն, համապատասխանաբար, մնացած բոլոր մեկնաբանություններն ավելորդ են: Բազմիցս հնչեցին իմ տարբեր գործընկերների կողմից բացատրություններ այս կապակցությամբ: Այո՛, կան տարբեր գաղափարներ, բայց հեծանիվ հնարելու պատճառ չկա: Հայտնի են սկզբունքները, և հայտնի են գլխավոր տարրերը: Գլխավոր էությունն այս բանակցային գործընթացի այն է, որ Ղարաբաղը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում:
[b]Հարց[/b]. Այսինքն՝ սա կարմիր թելով անցնում է ամբողջ փաստաթղթի միջով:
Էդվարդ Նալբանդյան. Այո՛, բոլոր փաստաթղթերի միջով, ոչ թե մեկ փաստաթղթի:
[b]Հարց[/b]. Եվ այստեղից հետքայլ որևէ պարագայում չե՞նք կարող անել:
Էդվարդ Նալբանդյան. Դուք կարծում եք՝ մենք կարո՞ղ ենք անել:
[b]Հարց[/b]. Ես ուզում եմ, որ մենք հասարակությանը հստակ ասենք...
Էդվարդ Նալբանդյան. Եթե հասարակությունը, ժողովուրդը չի կարող անել, ապա ոչ ոք չի կարող անել:
[b]Հարց[/b]. Ռազմական գործողություններն ուղեկցվեցին ադրբեջանական կողմից ծայրաստիճան վայրագության դրսևորումներով, ինչի ապացույցները հայկական կողմն ունի: Արդյո՞ք մեր երկիրը պատրաստվում է դրանք իրավական հարթության մեջ ներկայացնել միջազգային հանրությանը և պահանջել, որ այդ վայրագությունները գործողները պատասխանատվության ենթարկվեն:
Էդվարդ Նալբանդյան. Բնականաբար, և մենք սկսել ենք այդ գործընթացը: Արդեն այսօր փաստեր են ներկայացվել ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակ, համապատասխան նամակ է ուղարկվել: Բնականաբար, այս գործընթացը շարունակվելու է:
[b]Հարց[/b]. Վերջին հարցը: Շատերը պնդում են, որ այս ամենի ֆոնին անիմաստ է դառնում բանակցային գործընթացի շարունակությունը, քանի որ Ադրբեջանը հերթական անգամ և բացահայտ կերպով ցույց տվեց, որ նա ոչ մի կերպ չի պատրաստվում գնալ խաղաղ կարգավորման ճանապարհով: Արդյո՞ք բանակցային պրոցեսն այս պարագայում ֆարսի չի վերածվել:
Էդվարդ Նալբանդյան. Եթե կողմերից մեկը փորձում էլ է ֆարսի վերածել, ամբողջ միջազգային հանրությունն այսօր կոչ է անում վերադառնալ բանակցային սեղանի շուրջ: Եվ դա բնական է, որովհետև, երբ ասում ենք այլընտրանք չկա բանակցություններին, այդպես էլ կա:
Որևէ ռազմական գործողություններ, որևէ պատերազմ չեն կարող հարցեր լուծել: Բոլոր պատերազմներից և բոլոր ռազմական գործողություններից հետո ամբողջ պատմության ընթացքում կողմերը վերադառնում են բանակցային սեղանի շուրջ, միգուցե ավելի վատ պայմաններում, սկսում են նորից շարունակել բանակցությունները:
Կարծում եմ՝ որևէ մեկը կարիք չունի ռազմական նոր գործողությունների, նոր պատերազմների: Պետք է շարունակել բանակցային ուղին և փորձել բանակցությունների բացառապես խաղաղ ճանապարհով գտնել հիմնախնդրի կարգավորման հնարավորությունը: Կարծում եմ՝ այդ հնարավորությունն առկա է:
[b]Հարց[/b]. Շնորհակալություն, պարոն նախարար, ժամանակ գտնելու և մեր հաղորդաշարին հյուրընկալվելու համար:
Էդվարդ Նալբանդյան. Շնորհակալություն:
Նմանատիպ նյութեր
1454 դիտում
19:45 20-06-2016
«Լեռնային Ղարաբաղը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում». Էդուարդ Շարմազանով
3211 դիտում
20:08 27-01-2021
Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, մոռացեք այդ մասին. Վահրամ Պողոսյան
Այս բաժնից
733 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
754 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»