32921 դիտում
16:37 14-04-2016
Արտակարգ իրավիճակ սահմանամերձ Չինարի գյուղում. այս դեպքում պատկան մարմինները գործեցին օպերատիվ. աշխատանքները ղեկավարում է նախարար Գագիկ Բեգլարյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 14-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Տավուշի մարզում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առավոտյան ժամը 07:30-ից Տավուշի ճանապարհաշինարարները Ճանշինի պետ Գագիկ Ադամյանի գլխավորությամբ անհրաժեշտ աշխատանքներ են կատարում Բերդ-Արծվաբերդ-Չինարի ավտոճանապարհի 28-րդ կմ-ում՝ Այգեձոր գյուղի վարչական տարածքում մոտ 40 մետր երկարությամբ սողանքը մաքրելու ուղղությամբ:
Ֆոտոլրագրողն ասում է, որ ճանշինականները մի քանի ծանր տեխնիկայով են աշխատանքներ կատարում: Տրակտորներով արդեն սողանքի վայրից հեռացրել են մոտ 1200 քմ մետր գրունտային զանգված, ավելի հասկանալի՝ 200-ից ավելի Камаз-ով հեռացրել են փլուզված հողը:
Փլուզման հետևանքով վնասվել է նաև գյուղը սնուցող գազատարը՝ մոտ 200 գծամետր և օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա»-ի Տավուշի մասնաճյուղի աշխատակիցները՝ տեղամասի պետ Ա. Մանուչարյանի գլխավորությամբ: Վերջիններս ամեն անհրաժեշտ գործողությունները կատարում են, որպեսզի ժամ առաջ գյուղում վերականգնվի գազամատակարարումը:
Պոկվել են նաև հոսանքալարերը, ինչից օգտվում են ոչ միայն սահմանամերձ Չինարի գյուղի բնակիչները, այլ նաև զորամասի ծառայողները:
Առաջին իսկ պահից Չինարի և Այգեձորի գյուղապետերը՝ Տավուշի մարզպետարանի համապատասխան վարչության պետի հետ նույնպես սողանքի վայրում են և ակտիվ աշխատանքներ են կատարում, որոշ պետական չինովնիկների նման գլուխ չեն պահում, այլ ճանշինականների հետ հավասար աշխատում են:
Դեպքի վայր են ժամանել նաև տեղի ոստիկանության և Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները, սակայն նրանք կարծես անելիք չունեն, քանի որ մարզպետարանի, գյուղապետարանի և Ճանշինի աշխատակիցները «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատակիցների հետ բոլոր գործողությունները կատարում են:
Զորամասի ծառայողները նույնպես ակտիվ մասնակցություն են ցուցաբերել ճանապարհը սողանքից մաքրելու ուղղությամբ և այդ աշխատանքները ղեկավարել է անձամբ զորամասի հրամանատարը:
Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ աշխատանքներին օնլայն ճանապարհով հետևում է Կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը, ում դեպքի վայրից տեղեկությունները հաճախակի հայտնում է «Հայավտոճան» ընկերության գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանը:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ կարելի է վստահ լինել այն անում, որ այս դեպքում բավականին օպերատիվ և ճիշտ գործեցին համապատասխան ծառայությունների աշխատակիցները, ինչի շնորհիվ 2 ժամ անց ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի, իսկ արդեն հավանաբար 1 ժամ հետո էլ ճանապարհը կլինի երկկողմանի երթևեկելի և որոշ ժամանակ անց գազամատակարարումն ու էլեկտրաէներգիան կվերականգնվի:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 101+
101+