22134 դիտում
09:40 21-04-2016
Ավտովթար Լոռու մարզում. բախվել են Երևան-Ռոստով մարդատար Ford Transit-ն ու Audi-ն. կա 5 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ ապրիլի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 22:10-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 19-րդ կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի բնակիչ, 41-ամյա Արմեն Սարգսյանի վարած Ford Transit մակնիշի 34 ՍP 109 համարանիշի և Լոռու մարզի Լեռնապատ գյուղի բնակիչ, 30-ամյա Վլադիմիր Արշաֆյանի վարած Audi մակնիշի 34 AO 399 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ford-ի վարորդ Ա. Սարգսյանն ու նրա ուղևորներ՝ 30-ամյա Խաչիկ Բադալյանը, 52-ամյա Անահիտ Պետրոսյանը, 54-ամյա Էդիկ Սավոյանը և 64-ամյա Գագիկ Գասպարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն: Վերջին երեքը առաջին բուժօգնություն ստանալով՝ հրաժարվել են հիվանդանոցում մնալուց:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է նույն վարչության ավագ քննիչ Պարույր Գրիգորյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Գուգարքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ford Transit-ը սպասարկում է Երևան-Ռոստով երթուղին:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+