211652_close_icon
views-count2072 դիտում article-date 14:44 03-05-2016

Այսօր Ասթմայի միջազգային օրն է

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) 1998 թվականին, ի նշան բրոնխիալ ասթմայով հիվանդացության խնդրի կարևորության բարձրաձայնման, մայիսի առաջին երեքշաբթին հայտարարեց ասթմայի դեմ պայքարի օր: ԱՀԿ գնահատմամբ` աշխարհում ասթմայով տառապում է ավելի քան 300 միլիոն մարդ: Յուրաքանչյուր 10 տարվա ընթացքում հիվանդների թիվն աճում է 1.5-2 անգամ: Սա համամարդկային խնդիր է: Ասթմա՝ հունարենից թարգմանաբար նշանակում է շնչի խանգարում (հայերեն՝ շնչախտ, շնչի վատթարացում): Վերջին 30 տարվա ընթացքում մեծահասակների շրջանում ասթման հայտնվել է ամենատարածված, իսկ երեխաների շրջանում՝ առաջատար քրոնիկական հիվանդությունների շարքում: Բացառություն չէ նաև Հայաստանը։ Մեզանում 6-11 տարեկան երեխաների 12.6, իսկ մեծահասակների ավելի քան 7%­ը տառապում են քրոնիկական ասթմայով։ Մոտավորապես 8000 մարդու մոտ հիվանդությունն ընթանում է ծանր ձևով: Հատկանշական է, որ ԱՀԿ որոշումից դեռ 11 տարի առաջ՝ 1987թ. մայիսի 5-ին, Հայաստանում ստեղծվեց Հանրապետական անձավաբուժական` ասթմայի կենտրոնը: Շուրջ 30 տարվա անխափան աշխատանքի ընթացքում կենտրոնում առողջությունը բարելավել և կյանքի որակը լավացրել է ավելի քան 7 հազար մարդ, որից 2 հազար երեխա և նույնքան մեծահասակ ընդհանրապես ազատվել են ասթմայից: Շնչառական խնդիրների բուժմամբ զբաղվող մասնագետների, կլինիցիստների, գիտնականների, բժշկական սարքավորումներ արտադրղների ջանքերի միավորման նպատակով 2013թ. մայիսին հիմնադրվել է Շնչառական բժշկության հայկական ընկերությունը։ Բրոնխիալ ասթմայի խնդրի նկատմամբ ուշադրություն գրավելու, ոլորտում արձանագրվող նվաճումների մասին բժշկական հանրության լայն շրջանակին տեղեկացնելու, ինչպես նաև խնդիրները բարձրաձայնելու նպատակով «Հանրապետական անձավաբուժական» և «Բնաբուժություն» կենտրոններն ամեն տարի մայիսի առաջին երեքշաբթի օրը մասնագետների համար գիտակիրառական համաժողով են կազմակերպում: 2016թ. մայիսի 3-ի կոնֆերանսը «Ալերգիկ ռինիտի և բրոնխիալ ասթմայի կապը` պատճառները և հետևանքները» թեմայով է: Պլենար զեկույցով հանդես կգան պրոֆեսոր Փիթեր Հովարը (ՄԵծ Բրիտանիա), սեկցիոն ղեկավարներն են Արթուր Շուքուրյանը (ՀՀ ԱՆ գլխավոր օտոլարինգոլագ), Սպարտակ Ղամբարովը (ՀՀ ԱՆ գլխավոր ալերգոլոգ) և Անդրանիկ Ոսկանյանը (ՀՀ ԱՆ գլխավոր թոքաբան): Բրոնխիալ ասթման ավելի շատ հանրային խնդիր է, քան բժշկական, հետևաբար ասթմայի պաթոգենեզի իմացությունը կարևոր նշանակություն ունի հիվանդության դեմ հանրային պայքարի և կանխարգելման գործում: Ռիսկի խմբում գտնվող երեխաների հայտնաբերման ակտիվ գործունեությունը և հետագա անձավաբուժությունը հնարավորություն կտան խիստ նվազեցնել ասթմայով հիվանդացությունը Հայաստանում: Նշենք, որ ժամանակակից բժշկության հաջողությունները թույլ են տալիս կանխել ասթմայի ձևավորումը, իսկ արդեն կայացած ասթմայի դեպքում ` ապահովել աշխատունակություն և կյանքի որակ: Ասթման ցածր մահացությամբ հիվանդություն է, սակայն հաճախ բերում է հաշմանդամության: Հետազոտությունների տվյալներով` ասթմայով հիվանդների անձավաբուժական վերականգնումն աշխատունակության կորուստը նվազեցնում է 11 անգամ՝ տարեկան 66 օրից հասցնելով մինչև 6 օր: Սա առանձնահատուկ կարևոր է, եթե հաշվի առնենք, որ մարդն ասթմայով տառապում է աշխատունակ տարիքում:

Նմանատիպ նյութեր