211652_close_icon
views-count13546 դիտում article-date 18:00 07-05-2016

Անարխիստական հանրապետություն (Մախնո)

Եկեղեցում Մախնոների ընտանիքի նորածին երեխային կնքելու ժամանակ հոգևորականի հագուստը բոցավառվեց մոմից: Քահանան այս տեսնելով ասաց. [b]- Նորածինը մեծ ավազակ է դառնալու:[/b] Երեխայի անունը դրեցին Նեստոր: 17 տարեկանում նա անդամագրվում է անարխո-կումունիստական կուսակցությանը: Մի քանի ամիս անց, 1906թ. հոկտեմբերի 14-ից Հուլյայպոլե քաղաքում (Ուկրաինա, Եկատերինոսլավյան գավառ, Ալեքսանդորվյան շրջան) զբաղվում ահաբեկչությամբ ու թալանով: Առաջին անգամ ձերբակալվում է 1906թ. դեկտեմբերին ապօրինի զենք կրելու մեղադրանքով, սակայն կարճ ժամանակ անց ազատ է արձակվում: Երկրորդ անգամ ձերբակալվում է 1907թ. հոկտեմբերի 5-ին ոստիկանների նկատմամբ բռնության փորձի մեղադրանքով, սակայն նույնպես կարճ ժամանակ անց ազատ է արձակվում: Երրորդ անգամ 1908թ. օգոստոսի 26-ին՝ զինվորական չինովնիկի սպանության մեղադրանքով: Այս անգամ Օդեսայի դատարանի վճռով դատապարտվում է մահապատժի, սակայն պատիժը փոխվում է ցմահ տաժանակրության: 1911թ. տեղափոխում են Բուտիրկա: Բուտիրկայում Նեստոր Մախնոն ծանոթանում է հանցագործների, ավազակների, ինչպես նաև՝ քաղբանտարկյալների հետ: Վերջիններից շատ բան է սովորում: Կիսագրագետ Մախնոն ուսումնասիրում է պատմություն, գրականություն, մաթեմատիկա: Բանտային բողոքի ցույցերին ակտիվ մասնակցության համար Մախնոն 6 անգամ կարցեր է ընկնում, ինչի հետևանքով հիվանդանում է թոքախտով և թողնում ծխելը: [img]/ups/images/0096133001462536791500134.jpg[/img] [i]Անարխոկոմունիստական կուսակցության զինանշանը[/i] 1917թ. Փետրվարյան հեղափոխությունից հետո համաներում է հայտարարվում քաղբանտարկյալների նկատմամբ: Ազատ է արձակվում նաև Մախնոն և վերադառնում հայրենի Հուլյայպոլե: Մարտի 29-ին ընտրվում է Հուլյայպոլեի Գյուղացիական միության նախագահ: Մի քանի ամիս անց այդ միությունը վերանվանվում է Հուլյայպոլեի գյուղացիա-բանվորական խորհուրդ, իսկ Մախնոն ընտրվում է դրա նախագահ: Հասարակական դիրքը նրան հետ չի պահում հանցագործություններից: Նա կազմավորում է անարխիստական «Սև գվարդիա», հարձակվում գնացքների վրա, թալանում կալվածատերերի, գնդակահարում բանակային սպաների և այլն: [img]/ups/images/0946203001462536806339247.jpg[/img] [i]Մախնոյականների դրոշը[/i] 1917թ ամռանը Մախնոն ղեկավարում էր «Հեղափոխության փրկության կոմիտեն», զինաթափում էր կալվածատերերին և քաղքենիներին: Օգոստոսին կոչ է անում առգրավել եկեղեցու և կալվածատերերի հողերը և ստեղծել գյուղացիական կոմունաներ: Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո, 1917թ դեկտեմբերին մասնակցում է Բանվորների, զինվորների և գյուղացիների խորհրդի համագումարին՝ որպես Հուլյայպոլեի խորհրդի պատգամավոր: Ընտրվում է Ալեքսանդրովյան շրջանի հեղկովի դատական հանձնաժողովի անդամ և զբաղվում սովետական իշխանության դեմ հանցագործությունները քննելով: Առաջարկում է քանդել քաղաքային բանտը և ազատել բանտարկյալներին: 1918թ հունվարին ընտրվում է Հուլյայպոլեի հեղկոմի նախագահ, որի անդամների մեծ մասն անարխիստներ և ձախ էսեռներ էին: Ապրիլին մեկնում է Մոսկվա, որտեղ ծանոթանում է անարխիստ առաջնորդների՝ Կրոպոտկինի, Արշինովի, Գրոսմանի, Սևի, ինչպես նաև՝ Լենինի, Տրոցկու, Սվերդլովի, Զինովյեվի և բոլշևիկյան այլ հանցագործների հետ: 1918թ հունիսին վերադառնում է Մոսկվայից և Ուկրաինայում կազմակերպում զինված պայքար ավստրոգերմանական և գետմանական (գետման - Ուկրաինայում գերմանական խամաճիկ իշխանություն) զորքերի դեմ: [img]/ups/images/0184389001462607078803157.jpg[/img] [i]Ուկրաինական ապստամբների ղեկավարները 1919թ. առաջին պլանում ձախից աջ՝ Ս. Կարետնիկ, Ն. Մախնո, Ֆ. Շուս[/i] 1918թ. հուլիսին Մախնոն գալիս է Հուլյայպոլե կազմակերպում զինված խումբ և միանում է Շուսյի պարտիզանական խմբին: Նրանք կատարում են մի շարք հաջող հարձակումներ գերմանական զորքերի, գետմանների և տեղի կալվածատերերի վրա, թալանում ու սպանում: Մի անգամ անտառում ընկնում են շրջափակման մեջ՝ ընդհանուր թվով 36 մարդ: Շուսյն առաջարկում է մնալ անտառում և կռվելով մեռնել, իսկ Մախնոն առաջարկում է ճեղքել պաշարումը և դուրս գալ անտառից, փախչել: Շուսյը հրապարակավ մեղադրում է Մախնոյին՝ փոքրոգության մեջ: Ի պատասխան Մախնոն կրակոտ ելույթ է ունենում պարտիզանների առջև և համոզում նրանց հետևել իրեն՝ ճեղքել շրջափակումը: Պարտիզանները հետևում են Մախնոյին և բարեհաջող դուրս գալիս անտառից: Դրանից հետո պարտիզանները երես են թեքում Շուսյից, Մախնոյին ճանաչում են որպես առաջնորդ. Նրան հռչակում են Բատկա Մախնո: [img]/ups/images/0115425001462536839739148.jpg[/img] [i]Բատկա Մախնոն[/i] Գերմանիայում Նոյեմբերյան հեղափոխությունից հետ (1918թ նոյեմբերի 4-11) գերմանական զորքերը հետ են քաշվում: Մախնոն պատերազմ է սկսում Սիմոն Պետլյուրայի դեմ: Նոյեմբերի 27-ին գրավում է Հուլյայպոլեն, հռչակում Հուլյայպոլեի անարխիստական հանրապետություն, հայտարարում արտակարգ դրություն: Համագործակցելով Կարմիր բանակի հետ նոյեմբերի 29-ին գրավում է Եկատերինոսլավը և նշանակվում ռազմահեղափոխական կոմիտեի նախագահ, իսկ նոյեմբերի 30-ին՝ նշանակվում է Եկատերինոսլավում Բանվորագյուղացիական կարմիր բանակի հրամանատար: Սակայն ռուսները խոստացված օգնությունը չեն տրամադրում Մախնոյին: Այդ պատճառով Պետլյուրան դեկտեմբերին ջախջախում է Մախնոյի բանակին: Մախնոն ստիպված նահանջում է Հուլյայպոլե: [img]/ups/images/0000033001462607317777521.jpg[/img] [i]Սիմոն Պետլյուրա. Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետության դիրեկտորիայի նախագահ1919-1920թթ[/i] 1919թ. դեկտեմբերի 12-16-ին Հուլյայպոլեի շրջանային խորհրդի 2-րդ համագումարում Մախնոն հայտարարում է. [b]- Եթե ընկեր բոլշևիկները Վելիկոռուսիայից գալիս են Ուկրաինա, որպեսզի օգնեն մեզ հակահեղափոխության դեմ պայքարում, ապա մենք նրանց կասենք. «Բարի գալուստ թանկագին ընկերներ»: Իսկ եթե նրանք գալիս են այստեղ մենաշնորհելու Ուկրաինան, ապա մենք նրանց կասենք. «Ձեռքերդ հեռու»:[/b] [img]/ups/images/0822046001462536870190634.jpg[/img] 1919թ փետրվարի կեսերին Մախնոն և նրա ապստամբական բանակը՝ թվով 50 հազար զինվոր, մտնում է 1-ին Անդրդնեպրյան ուկրաինական սովետական դիվիզիայի մեջ, կազմելով նրա երրորդ Անդրդնեպրյան բրիգադը, կռվում դենիկինյան բանակի դեմ՝ Մարիուպոլի առաջնագծում: 1919թ. հունիսի սկզբին Մախնոյի բրիգադը ահեղ դիմակայություն է ցույց է տալիս Սպիտակ բանակի Կովկասյան դիվիզիային (Գեներալ Շկուրոյի ղեկավարությամբ): Կարմիր բանակի հրամանատարությունը ժամանակին զենք, զինամթերք և անհրաժեշտ օգնություն չի տրամադրում Մախնոյի բրիգադին, սակայն հրամայում է ոչ մի դեպքում չլքել դիրքերը: Մախնոն անտեսում է հրամանն ու որոշում է նահանջել, քանի որ չէր կարող պահել դիրքը, որովհետև չուներ բավարար ուժեր և զինամթերք, իսկ մնալու դեպքում կարող էր մեծ կորուստներ կրել: [img]/ups/images/0206275001462536898346971.jpg[/img] Սպիտակները կարողանում են ճեղքել ճակատը և գրավել Դոնբասը: 1919-ի հունիսի 6-ին, Բանվորագյուղացիական Կարմիր բանակի ռազմահեղափոխական կոմիտեի նախագահ Լև Տրոցկին Մախնոյին մեղադրում է «ճակատի կազմալուծման և հրամանատարությանը չենթարկվելու մեջ» և ազատում հրամանատարի պաշտոնից: Հունիս 9-ին Մախնոն հեռագիր է ուղարկում Լենինին, հայտնում իր նվիրվածությունը հեղափոխական գործին, բացատրում պարտության պատճառները և Կարմիր բանակում ստեղծված անտանելի-անհեթեթ իրավիճակը: [img]/ups/images/0378877001462536915668037.jpg[/img] Բոլշևիկների հետ գժտվելուց հետո Մախնոն իր բրիգադի մնացորդների հետ հեռանում է Խերսոն: Հուլիսի կեսին մտնում է Ուկրաինայի հեղափոխական-ապստամբական բանակի մեջ, մի քանի շաբաթ անց դառնում է բանակի գլխավոր հրամանատար: Երբ Սպիտակ բանակը, Դենիկինի գլխավորությամբ, գրոհում է Մոսկվայի ուղղությամբ, Մախնոն սկսում է լայնածավալ պարտիզանական պատերազմ և կրկին կոչ է անում գյուղացիական ապստամբներին աջակցել Կարմիր բանակին. [b]- Մեր գլխավոր թշնամին Դենիկինն է: Կոմունիստներն այնուամենայնիվ հեղափոխականներ են: Մենք նրանց հաշիվները հետո կմաքրենք: Իսկ հիմա պետք է սատարենք նրանց և ամեն ինչ պետք է ուղղենք Դենիկինի դեմ»:[/b] [img]/ups/images/0505145001462536931451391.jpg[/img] [i]Ձախից աջ՝ գեներալ Մարկով, գեներալ Դենինկին, գեներալ Ալեքսեեվ[/i] Մախնոյի պարտիզանական գործողությունների արդյունքում թուլանում է Դենիկինի բանակը: Դենիկինը հավելյալ ուժեր է նետում մախնոյականների դեմ: Այդ պատճառով Դենիկինի գրոհը Մոսկվայի ուղղությամբ ձախողվում է: [img]/ups/images/0202428001462536973782860.jpg[/img] [i]Լև Տրոցկի[/i] Դենիկինյան ճակատի վերացումից հետո, 1920թ հունվարի 11-ին Տրոցկին երկրորդ անգամ Մախնոյին հայտարարում է օրենքից դուրս և որոշում լուծարել Մախնոյի ապստամբական բանակը: Օգտվելով առիթից Վրանգելը բանագնաց է ուղարկում Մախնոյի մոտ, առաջարկում դաշինք կազմել բոլշևիկների դեմ, իսկ հաղթանակի դեպքում խոստանում անցկացնել հողային ռեֆորմ: [img]/ups/images/008912900146253699369845.jpg[/img] [i]Ձախից աջ՝ Ռուսաստանի Հարավի Հանրապետության վարչապետ Ա. Կրիվոշեին, Գլխավոր հրամանատար՝ Պ. Վրանգել, շտաբի պետ Պ. Շատիլով[/i] Մախնոն մերժում է առաջարկը և Հուլյայպոլեում հրապարակավ մահապատժի ենթարկում Վրանգելի բանագնացին: 1920թ աշնանը բոլշևիկները կրկին դիմում են Մախնոյի օգնությանը: Մախնոն կրկին սատարում է Կարմիր բանակին, մասնակցում Ղրիմի գրավման գործողություններին: [img]/ups/images/005881600146253701411564.jpg[/img] [i]Ապստամբական բանակի շտաբը և հրամկազմը քննարկում են Վրանգելի ջախջախման պլանը, կենտրոնում՝ Մախնոն (1920թ հոկտեմբեր)[/i] Քաղաքացիական պատերազմի ավարտից հետո բոլշևիկները որոշում են ազատվել մախնոյականներից: Խորհրդային Ռուսաստանը մախնոյականների դեմ նետում է Կարմիր բանակի 5 կանոնավոր բանակ, ավելի քան 350 հազար զինվոր, զրահապատ գնացքներ, զրահատեխնիկա, հրետանի և աերոպլաններ: Մախնոյի դեմ պատերազմը ղեկավարում են Ֆրունզեն, Բուդյոննին, Պարխոմենկոն, Ձերժինսկին: [img]/ups/images/067997900146253754260212.jpg[/img] [i]Ֆրունզե, Բուդյոննի, Պարխոմենկո, Ձերժինսկի[/i] 1920թ. նոյեմբերին կարմիրբանակայինները և չեկիստները անակնկալ շրջափակում են մախնոյականներին և գնդացրային կրակով սպանում շատերին: Սակայն մախնոյականները կարողանում են 7 հազար հոգով փրկվել և հասնել Հուլյայպոլե: Կարմիր բանակը որոշում է մինչև վերջ ոչնչացնել մախնոյականներին և շրջափակում է Հուլյայպոլեն: Մախնոն ճեղքում է շրջափակումն ու խույս տալիս ոչնչացումից: [img]/ups/images/0762607001462537557714258.jpg[/img] [i]Մախնոն զինակիցների հետ (ձախից չորրորդը)[/i] 1921թ. ապրիլի 17-ին «Զվեզդա» թերթը տեղեկացնում է. «Բերդյանսկի շրջանի բանվորները Կարմիր բանակի զորամասերի հետ միասին հաջողությամբ ջախջախել և ցրել են Մախնոյի ավազակախումբը»: Այս հաղորդագրությունը սուտ է: Մախնոն վերջնականապես ջախջախվում է 1921թ հունիսի 18-ին Նեդրիգայլով գյուղի մոտ ճակատամարտում: 1921թ ամռան վերջում Մախնոյի ապստամբական բանակը լուծարվում է: 1921թ օգոստոսի 28-ին Մախնոն չեկիստների հետապնդումից խուսափելով անցնում է Ռումինիա: Այնտեղ ապրում է փախստականների ճամբարում: Նրան արգելում են լքել ճամբարի տարածքը: Ռուսաստանի ԱԳ նախարար Չիչերինը Ռումինիայից պահանջում է արտահանձնել Մախնոյին, սակայն ռումինացիները մերժում են: 1922թ Մախնոն կնոջ և երեք ընկերների հետ Ռումինիայից անցնում է Լեհաստան: 1923թ սեպտեմբերին լեհական իշխանությունները ձերբակալում են Մախնոյին, կնոջն ու ընկերներին, մեղադրելով նրանց Գալիցիայում (Լեհաստանում ուկրաինացիներով բնակեցված շրջանում) ապստամբություն կազմակերպելու մեջ: Սակայն դատարանը արդարացնում է Մախնոյին և նրա ընկերներին: Դեկտեմբերին Մախնոն հայտարարում է բոլշևիկների և սովետական իշխանության դեմ պայքարելու մտադրության մասին: Դրանից հետո չեկիստները Մախնոյի նկատմամբ որս են հայտարարում: 1924թ ապրիլին Մախնոն ինքնասպանության փորձ է կատարում: Դրանից հետո Լեհաստանը թույլատրում է Մախնոյին մեկնել Գերմանիա: Սակայն Բեռլինում չեկիստները առևանգում են Մախնոյին և փորձում տանել Բեռլինում Սովետական դեսպանատուն: Ճանապարհին Մախնոն դուրս է նետվում ավտոմեքենայից, փախչում և հանձնվում Գերմանիայի ոստիկանությանը, որը նրան ապաստան է տրամադրում: 1925թ ապրիլին Մախնոն Բեռլինից մեկնում է Փարիզ, որտեղ ապրում է մինչև մահը: [img]/ups/images/0982337001462537580545950.jpg[/img] [i]Մախնոն թոռնուհու՝ Ելենայի հետ, 1925թ. Փարիզ[/i] Ուկրաինական ապստամբների Բատկան, Հուլյայպոլեի Անարխիստական Հանրապետության առաջնորդ Նեստոր Մախնոն մահանում է 1934թվականին Փարիզում: Թաղվում է Պերլաշեզ գերեզմանոցում: Մախնոն պատմության մեջ միակն անարխիստն է, որը գործնականում կյանքի է կոչել անարխիստական գաղափարները՝ Հուլյայպոլե քաղաքում կայացնելով ինքնակառավարվող անարխիստական հասարակություն՝ առանց իշխանությունների: [img]/ups/images/097953800146253759420452.jpg[/img] Մախնոյի կերպարը ռոմանտիզացվում է մահվանից հետո: Նրա մասին հյուսվում են լեգենդներ: Ասում են, թե Բատկան սարսափելի, դող հարուցող գորշ աչքեր ուներ: Նա կարճահասակ էր (151սմ), բայց ամենուր ահ ու սարսափ էր տարածում: Առասպելը վկայում է, որ Մախնոյի հայացքը քարացնում էր շրջապատողներին և ստիպում առանց հարցաքննության հայտնել գաղտնիքները: Պատմում են նաև, որ Մախնոն կարող էր իր բանակը հանել ցանկացած շրջապատումից: 1918 թվականից մինչև 1920 թվականը Մախնոյի ջոկատը 200 անգամ դուրս է պրծել շրջապատումից: Այս առումով Մախնոյի նման ռազմական գործիչ պատմության մեջ չկա։ Ասում են, թե Մախնոն նախապես կռահում էր հակառակորդի ծրագիրը: Նա առևտրականի կամ պետլյուրականի հագուստով կարողանում էր անցնել թշնամու թիկունքը և դիվերսոն գործողություններ կատարել: Ասում են, թե Մախնոն ավելի քան 300 անգամ առաջ է նետվել հակառակորդի գնդացրային կրակի տակ: Նրա շուրջն ընկնում էին վիրավոր ու սպանված ընկերները, զոհվում էին նրա ձիերը, սակայն նա ողջ էր մնում։ Կարմիրները չորս անգամ հայտարարել են Մախնոյի մահվան մասին, բայց նա կենդանի ու անվնաս նորից հայտնվում էր մարտադաշտում: 12 անգամ հրազենային վիրավորվում է ստացել և մի քանի տասնյալ թրի վերքեր: Նրա համբերությունն անսահման էր: Նա վիրավոր վիճակում օրերով անցկացնում էր թամբին: Բանտում թոքախտով հիվանդանալուց հետո նրա մի թոքը չէր գործում, իսկ ռազմական արշավները տևում էին շաբաթներ, ամիսներ, երբեմն առանց հանգստի, վատ սննդով, հարբելով: [img]/ups/images/0660816001462537610178485.jpg[/img] [i]«Նեստոր Մախնոյի 9 կյանքերը» բազմաասերիանոց ֆիլմի ազդագիրը և կադր ֆիլմից[/i] Բածկան նաև պայծառատես էր։ Նա ասում էր, որ իր ծննդյան 100-ամյակին իրեն կհիշեն, արժանին կմատուցեն և ճիշտը կասեն իր մասին։ 1989 թվականին Նեստոր Մախնոյի 100-ամյակի առթիվ Զապորոժիեում հավաքվեցին անարխիստներ աշխարհի տարբեր անկյուններից: Նրանք որոշեցին հավերժացնել առասպելական Բատկայի անունը, կանգնեցնել հուշարձան, հրատարակել գրքեր և կազմակերպել Մախնոյի ուսմունքի հետևորդների ընկերություն:

Նմանատիպ նյութեր