211652_close_icon
views-count3296 դիտում article-date 18:41 08-05-2016

ՀՀ և ԱՀ կառավարությունների անդամների խորհրդակցություն՝ վարչապետների գլխավորությամբ

Մայիսի 8-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը դիմավորել է Արցախ ժամանած՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությանը: Այնուհետև, երկու կառավարությունների անդամների մի մասի մասնակցությամբ, հրավիրվել է խորհրդակցություն՝ քննարկելու երկու հանրապետությունների գործադիր մարմինների միջև համագործակցության հիմնական հարցերը: Վարչապետ Ա. Հարությունյանն իր ողջույնի խոսքում, մասնավորապես, ասել է. «Ողջունում եմ ձեզ Արցախում այս կարևոր ժամանակահատվածում: Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ վերջին շրջանում Արցախին ցուցաբերած աջակցության համար, մենք զգացել ենք ձեր պատրաստակամությունը մասնակցելու հայրենիքի պաշտպանությանը և պատվով լուծելու մեր առջև ծառացած խնդիրները: Երկու կառավարությունները միշտ սերտ կապի մեջ են եղել, և կարևոր է, որ այս դժվարին օրերին նույնպես մեր բոլոր խնդրանքներն ու առաջարկները ձեր կողմից արագ բավարարվել են՝ դրանով անմիջականորեն մասնակցելով Արցախի անվտանգության ապահովման գործին»: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ուրախություն է հայտնել հայկական երկրորդ հանրապետությունում գտնվելու առթիվ: Նա շեշտադրել է, որ պատերազմի արդյունքում ևս մեկ անգամ ապացուցվեց ազգի միասնականությունը և հայկական զինված ուժերի հզորությունը: Հ. Աբրահամյանը նշել է, որ ՀՀ կառավարության պատվիրակությունն Արցախում է ընթացիկ խնդիրները միասին քննարկելու և դրանց լուծումներ տալու նպատակով: ՀՀ և ԱՀ գործադիր մարմինների անդամները ներկայացրել են իրենց ղեկավարած ոլորտների խնդիրները և փոխգործակցության արդյունքները: Նրանք առաջ են քաշել կոնկրետ առաջարկներ և ձեռք բերել փոխադարձ պայմանավորվածություններ դրանց կյանքի կոչման ուղղությամբ: Կառավարությունների ղեկավարները տվել են համապատասխան հանձնարարականներ՝ վերհանված խնդիրների արդյունավետ լուծման նպատակով:

Նմանատիպ նյութեր