47164 դիտում
09:15 23-05-2016
Խոշոր ու ողբերգական ավտովթար Գյումրիում. մարդատար Ford Transit-ը բախվել է էլեկտրասյանը, կա 1 զոհ, 8 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 23-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում Գյումրի քաղաքի բնակիչ, 27-ամյա Արկադի Գյումրի քաղաքի Երևանյան խճուղի թիվ 9Ա շենքի դիմաց իր վարած Ford Transit մակնիշի 20 ՏՍ 334 համարանիշի մարդատար միկրոավտոբուսով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Դարբինյանը, ուղևորներ՝ 39-ամյա Արկադի Սահակյանը, 43-ամյա Աշոտ Խուրշուդյանը, 37-ամյա Արտյոմ Միլիտոսյանը, 54-ամյա Ազատ Խումարյանը, 29-ամյա Էդգար Հակոբյանը, 36-ամյա Արթուր Միլիտոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն, իսկ բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի բնակիչ, 48-ամյա Տիգրան Խաչատրյանը մահացել է:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Արթուր Կարապետյանի գլխավորությամբ:
Բոլոր վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, իսկ 2 քաղաքացու արգելափակված ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները:
Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վիրավորներից Ա. Խուրշուդյանը, Ա. Խումարյանը, Է.հակոբյանը և Ա. Միլիտոսյանը գտնվում են ծայրահեղ ծանր, իսկ մյուս վիրավորները՝ ծանր վիճակում:
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը: Տեղում աշխատել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի և հրամանատարի տեղակալ Սուքիաս Գրիգորյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում հավաքվածների պատմելով՝ օպերատիվ են գործել շտապօգնության և հիվանդանոցի աշխատակիցները, իսկ վիրավորներին հիվանդանոց են տեղափոխել նաև մի քանի քաղաքացիներ, Գ. Վարդանյանի և Ս. Գրիգորյանի ուղեկցությամբ:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+