Կկարգավորվեն ճգնաժամային կառավարման փուլում գտնվող պարտապանների հետ կապված իրավահարաբերությունները
Գործադիրը հավանություն է տվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին:
Ըստ հիմնավորման՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքում առկա են որոշակի բացեր, թերություններ, որոնք տարաբնույթ մեկնաբանությունների և կիրառման տեղիք են տալիս: Սնանկության ոլորտը կարգավորող իրավական դաշտի ուսումնասիրման և օրենսդրական դաշտի կարգավորման նպատակով անցած տարի վարչապետի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ: Առաջարկվող կարգավորումներով առաջին անգամ ամրագրվել է սնանկության վտանգի ինստիտուտը, որը կարգավորելու է ճգնաժամային կառավարման փուլում գտնվող պարտապանների հետ կապված իրավահարաբերությունները: Պարտապաններին հնարավորություն կընձեռվի առանց սնանկության հասնելու վերադառնալ բնականոն գործունեության՝ հակաճգնաժամային կառավարման օգնություն ստանալով կառավարչի կողմից:
Պարտապանի ֆինանսական առողջացման համար կտրվեն ավելի լայն հնարավորություններ ու ավելի երկար ժամկետներ, ինչը զգալիորեն կարող է մեծացնել ինչպես պարտապանի ֆինանսական առողջացման և շուկա վերադառնալու, այնպես էլ պարտատերերի շահերի պաշտպանության մակարդակը: Արդյունքում շահելու է նաև սնանկության վարույթի արդյունավետությունը:
Սնանկության կառավարիչների գործունեությունը կդառնա առավել արդյունավետ և վերահսկելի՝ ինչպես պարտապանների, այնպես էլ պարտատերերի շահերի պաշտպանության տեսանկյունից: Կլուծվեն սնանկության կառավարիչների վարձատրության հետ կապված խնդիրները, իսկ ֆինանսական առողջացման համար սնանկության կառավարչի վարձատրության նոր կարգը կխրախուսի նրանց ավելի շատ հակվելու պարտապանի ֆինանսական առողջացմանը, քան լուծարմանը: