211652_close_icon
views-count5148 դիտում article-date 17:20 04-06-2016

Հանդիսավոր արարողություն՝ Ջահանգիր աղայի փողոցի անվանակոչման առիթով․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մայրաքաղաքի Ավան վարչական շրջանում եզդիների ազգային հերոս Ջահանգիր աղայի անունով փողոց անվանակոչելու առիթով այսօր հանդիսավոր արարողություն էր կազմակերպվել: Միջոցառմանը ներկա են եղել Երևանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը, Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը, Ջահանգիր աղայի որդի Սուրեն աղան, եզդիական համայնքի ներկայացուցիչներ և բազմաթիվ ավանցիներ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով և շնորհավորելով ներկաներին փողոցի անվանակոչման առթիվ՝ քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը նշել է, որ փաստն ինքնին նշանակալի իրադարձություն է, քանի որ հայերի ու եզդիների բարեկամությունը, որն անցել է ժամանակի փորձությունը, քանիցս ապացուցել է, որ երկու ժողովուրդները միասին ոչ միայն ուրախանում են, այլ նաև, անհրաժեշտության դեպքում, ուս ուսի տված պայքարում են հանուն Հայրենիքի: «Պատմությունից մեզ քաջ հայտնի է, թե, մասնավորապես, Ջահանգիր աղան ինչ դեր է ունեցել ինչպես դեռ 20-րդ դարասկզբին հայ ժողովրդի մղած ինքնապաշտպանական մարտերում, այնպես էլ իր զինվորների հետ միասին Հայոց ցեղասպանության տարիներին հայ և եզդի բազմաթիվ գաղթականների Արևելյան Հայաստան անվտանգ տեղափոխվելու հարցում: Իսկ 1918 թվականին իր 1500 հոգանոց հեծյալ ջոկատով նաև ակտիվ մասնակցություն է ունեցել Սարդարապատի և Բաշ-Ապարանի ճակատամարտերին: Այնուհետ Ջահանգիր աղան, Դրաստամատ Կանայանի հրամանատարության ներքո, իր ջոկատով պայքարը շարունակել է նաև Հայկական բանակի կազմում և ցուցաբերած քաջության ու խիզախության համար պարգևատրվել «Գևորգյան» խաչով: Եվ այս օրինակն ունենալով՝ այլևս օրինաչափ ու բնական էր, որ արցախյան գոյամարտում եզդիները ևս իրենց մասնակցությունն ունեցան ու հայ եղբայրների հետ միասին կռեցին հաղթանակը: Եզդի ժողովրդի զավակներն այսօր էլ են հայերիս հետ միասին պաշտպանում մեր երկրի սահմանները, երբեմն նաև կյանքի գնով: Հավերժ փառք մեր բոլոր հերոսների հիշատակին», - նշել է Արայիկ Քոթանջյանը: Եզդիական համայնքի ներկայացուցիչներն էլ, իրենց հերթին խոսելով հայերի և եզդիների բարեկամության մասին, հատկանշել են, որ այն իսկապես ամուր է և որ իրենց կողմից բարձրացվող հարցերի հանդեպ կա մշտական ուշադրություն և հոգածություն: Ի մասնավորի, նշվել է հատկապես վերջին տարիների օրինակը. չի եղել մի դեպք, երբ որևէ խնդրով դիմեն Երևանի քաղաքապետին ու այս կամ այն կերպ այն չլուծվի: Քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը վստահեցրել, որ ազգային փոքրամասնությունների, այդ թվում նաև ամենամեծը համարվող եզդիական համայնքի խնդիրները մշտապես եղել ու մնալու են քաղաքային իշխանությունների և անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուշադրության կենտրոնում: Հիշեցնենք, որ եզդիների ազգային հերոս Ջահանգիր աղայի անունով փողոց անվանակոչելու որոշումն ընդունվել է Երևանի ավագանու մայիսի 25-ի հերթական նիստում: Անվանակոչության վերաբերյալ միջնորդություններ էին ներկայացրել «Եզդի և հայ ժողովուրդների բարեկամություն» ՀԿ նախագահ Սիաբանդ Բաքոյանը, «Սինջար» եզդիների ազգային միավորում ՀԿ նախագահ Բորիս Թամոյանը, «Հայասա» երիտասարդական հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Մկրտչյանը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիներ Սուրեն Խատոյանն ու Վազիր Խատոևը: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր