1807 դիտում
23:57 09-06-2016
Այսօր ԵՊՀ պատմության թանգարանում տեղի ունեցավ Ձեռնարկությունների հետ ԵՊՀ համագործակցության պորտալի ներկայացումը
Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ռեկտորը, պրոռեկտորներ, ֆակուլտետների դեկաններ, տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ, հայաստանյան այլ բուհերի կարիերայի կենտրոնների տնօրեններ, ինչպես նաև Մայր բուհի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ և ուսանողներ:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ողջույնի իր խոսքում նշեց, որ պորտալի ստեղծումը հնարավորություն կտա ավելի ամրապնդելու ուսանողների և գործարար աշխարհի միջև կապը. «Այն կարևոր գործիք կդառնա ոչ միայն համալսարանի վարչակազմի և ուսանողների, այլև գործատուների համար: Ակնկալվում է, որ այն կհեշտացնի նաև տեղեկատվության հավաքագրումը և դասակարգումը: Մեզանում այսօր աշխատաշուկան դեռևս ձևավորված չէ, այն դեռ ճանապարհ ունի անցնելու, բայց մենք չենք սպասի, այլ կփորձենք այս կերպ աջակցել ու օգնել դրա կայացմանը»:
ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, ներկայացնելով ձեռնարկությունների հետ համագործակցության շրջանակներում ԵՊՀ-ում իրականացվող աշխատանքները, հույս հայտնեց, որ պորտալը կդառնա ուսանողների կողմից հաճախ օգտագործվող, աշխատաշուկայում նրանց մրցունակությանը նպաստող կարևոր ինտերնետային գործիք:
«Մենք մեր ռազմավարությամբ ամրագրել ենք ձեռնարկությունների հետ համագործակցության մի շարք գերակա ուղղություններ, որոնցից են ձեռնարկությունների մասնակցությունը կրթական ծրագրերի մշակմանը և իրականացմանը, պրակտիկաների կազմակերպումը, թափուր աշխատատեղերի համալրումը, լրացուցիչ դասընթացների իրականացումը և այլն»,- ասաց Ռուբեն Մարկոսյանը:
Պարոն Մարկոսյանը հավելեց նաև, որ տեղեկատվական տեխնոլոգիաների տեսանկյունից այս գործիքը համարվում է պորտալ, քանի որ դրա տեղեկատվությունը միաժամանակ փոխլրացվում է մի շարք կայքերում:
Պորտալում ներկայացված են ԵՊՀ գործընկեր ձեռնարկությունների տվյալների բազան՝ ըստ ոլորտների, ձեռնարկությունների հետ համագործակցության ֆակուլտետային խորհուրդների կազմը, իրականացված աշխատանքները, ինչպես նաև հայտարարություններ պրակտիկաների, աշխատանքային հնարավորությունների, դասընթացների վերաբերյալ: Պորտալի միջոցով լայն հանրությանը հասանելի կլինի նաև ԵՊՀ-ձեռնարկություններ փոխգործակցության գործընթացի վերաբերյալ առցանց հաշվետվությունը:
Ձեռնարկությունների հետ աշխատանքները համակարգվում է ԵՊՀ գիտական խորհրդին կից ձեռնարկությունների հետ համագործակցություն ապահովող մշտական հանձնաժողովի կողմից, որը ստեղծվել է 2013 թ.-ին Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ ու ԵՊՀ գիտական խորհրդի հաստատմամբ: Հանձնաժողովի նախագահը ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն է, աշխատակազմում ընդգրկված են բոլոր պրոռեկտորները, ֆակուլտետների դեկանները, վարչական ենթակառուցվածքների մի շարք ղեկավարներ, ուսանողական կառույցների ներկայացուցիչներ: Հանձնաժողովի քարտուղարությունն իրականացնում է ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը:
Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի տնօրեն Լիլիթ Հակոբյանն էլ ներկայացրեց ուսումնասիրության արդյունքները, թե ինչպես են արտասահմանյան առաջատար բուհերում աշխատում կարիերայի ուղղորդման ռեսուրսները:
Այնուհետև կենտրոնի աշխատակցուհի Արծվիկ Սարգսյանը տեսապատկերի միջոցով ներկաներին ցույց տվեց, թե ինչպես և ինչ գործառույթներ է իրականացնում Ձեռնարկությունների հետ ԵՊՀ համագործակցության պորտալը:
Հավելենք, որ պորտալը ամբողջական է դարձել Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության կողմից, իսկ տեխնիկական մասն ապահովել է Տեղեկատվական համակարգերի սպասարկման և զարգացման վարչությունը:
Նմանատիպ նյութեր
3632 դիտում
20:39 11-12-2019
Երևան քաղաքի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Կենդանի նկար» ծրագրի շնորհանդեսը
Այս բաժնից
493 դիտում
17:36 23-12-2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ամփոփել է 2024-ը և ուրվագծել 2025-ի հիմնական անելիքները
331 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց