211652_close_icon
views-count10815 դիտում article-date 23:52 20-06-2016

Ռուսների հետ ընդհանուր լեզու չկա. Ստեփան Բանդերա

Նա լսող երեխա էր, խորապես հարգում էր ծնողներին, ամեն օր՝ առավոտյան և երեկոյան երկար աղոթում էր: Նրանց տանը մեծ գրադարան կար, և հաճախ էին կազմակերպվում ընթերցումներ, որոնց ներկա էին լինում մտավորականներ, հոգևորականներ, զինվորականներ: Նա 5 տարեկան էր, երբ սկսվում է Առաջին Համաշխարհային պատերազմը: Տղան երեք անգամ ականատես է լինում մարտական գործողությունների, քանի որ նրանց գյուղը պարբերաբար հայտնվում էր ճակատամարտի գծում: Վերջին ճակատամարտի ժամանակ, որը տևում է երկու շաբաթ, արկն ընկնում է նրանց տան վրա, սակայն զոհեր չեն լինում: Պատերազմը, ինչպես նաև՝ հաջորդած ազգային-ազատագրական շարժումները մեծ տպավորություն են թողնում երեխայի աշխարհայացքի և հոգեբանության վրա: Ստեփան Բանդերան («բանդերա» թարգմանաբար նշանակում է «դրոշ») ծնվել է հոգևորականի ընտանիքում, 1909թ. հունվարի 1-ին, Հին Ուգրինով գյուղում, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորությունում, որն այդ ժամանակ մտնում էր Ավստրո-Հունգարիայի կայսրության մեջ (Արևմտյան Ուկրաինա): Աստրո-Հունգարիայի փլուզումից հետո Արևմտյան Ուկրաինան անկախանում է: Ստեփանի հայրը՝ Անդրեյ Բանդերան, 1918թ. ընտրվում է Արևմտյան Ուկրաինայի ժողովորդական հանրապետության խորհրդարանի պատգամավոր: [img]/ups/images/0551256001466312039821727.png[/img] [i]Անդրեյ Բանդերայի ընտանիքը (կանգնած աջից երկրորդը՝ Ստեփան Բանդերան)[/i] 1919-ի աշնանը Ստեփանը ընդունվում է գիմնազիա: Հետագա ութ տարիներին Ստեփանն ուսումնասիրում է հունարեն, լատիներեն, պատմություն, գրականություն, հոգեբանություն, տրամաբանություն, փիլիսոփայություն և այլն: Երրորդ դասարանում Ստեփանն անդամագրվում է աշակերտական հայրենասիրական կազմակերպությանը՝ «Պլաստ»: [img]/ups/images/0245849001466312054613412.jpg[/img] [i]Ստեփան Բանդերան դպրոցական տարիքում 1923թ.[/i] Հինգերորդ դասարանում Ստեփանն անդամագրվում է երիտասարդական հայրենասիրական կազմակերպությանը և դառնում նրա ամենակրտսեր անդամներից մեկը: [img]/ups/images/0484985001466312084206959.jpg[/img] [i]Ստեփան Բանդերան գիմնազիայի ավարտական դասարանում (կանգնած՝ ձախից չորրորդը)[/i] Լեհաստանը 1919-ին բռնազավթում է Արևմտյան Ուկրաինան: Ուկրաինան զրկվում է անկախությունից: Սահմանափակվում է ուկրաներենի կիրառումը: Պետական պաշտոններում ընտրվելու և նշանակվելու իրավունք ունեին միայն լեհերը: 1920-ին Չեխոսլովակիայում ստեղծվում է Ուկրաինայի ռազմական կազմակերպությունը (Українська військова організація) (ՈւՌԿ), որը ընդհատակյա գործունեությունն է ծավալում Ուկրաինայում և զինված պայքար մղում լեհ զավթիչների դեմ, նպատակ ունենալով վերականգնել Ուկրաինայի անկախությունը: [img]/ups/images/0864818001466312105304743.jpg[/img] Ստեփան Բանդերան Ուկրաինայի ռազմական կազմակերպության անդամ է դառնում 19 տարեկանում: 1929-ին Վիեննայում ուկրաինական երիտասարդական կազմակերպությունները միավորվում և հիմնում են Ուկրաինական ազգայնականների կազմակերպությունը (ՈւԱԿ), որին անդամագրվում է նաև Բանդերան: ՈւԱԿ-ի առաջնային նպատակը Ուկրաինայի անկախության վերականգնումն էր: 1929-ին Գալիցիայում ՈւԱԿ-ը կազմակերպում է բողոքի ցույցեր, հարձակումներ է գործում լեհական բանկերի վրա և թալանում: 1930-ին Գալիցիայում պայքարի նոր ալիք է բարձրանում, որի ընթացքում ուկրաինացի ազգայնականներն այրում ու թալանում են լեհերին պատկանող մոտ 2000 շենք և տուն: Լեհական իշխանությունները ճնշում են բողոքի ցույցերը, ձերբակալում մոտ 2000 մարդու: [img]/ups/images/033073400146631215499943.png[/img] [i]Ուկարինայի ազգայնականների կազմակերպությունը (Բանդերան առաջին շարքում՝ ձախից հինգերորդը)[/i] 1928-1930թթ. Բանդերան թղթակցում է «Ազգի պարծանքը» ընդհատակյա երգիծական ամսագրին, հոդվածները ստորագրելով «Մատվեյ Գորդոն» կեղծանվամբ: Բացի հրապարակախոսությունից Բանդերան ակտիվ հասարակական գործունեություն է ծավալում, ինչի համար 1930-1933թթ. ձերբակալվում է հինգ անգամ. 1930-ին՝ հոր հետ միասին հակալեհական քարոզչության մեղադրանքով, 1931-ի ամռանը լեհ-չեխական սահմանն ապօրինի հատելու համար, երրորդ անգամ 1931-ի վերջում Լվովի քաղաքական ոստիկանության կոմիսար Ե. Չեխովսկու դեմ հարձակմանը մասնակցելու համար, 1932-ի մարտին՝ Ցեշինայում, իսկ հունիսի 2-ին Տչեվում: 1932-ի դեկտեմբերի 22-ին ժամը 18-ին, երբ Լվովում ի կատար էր ածվում ՈւԱԿ-ի երկու զինյալ-անդամների մահապատիժը, Ստեփան Բանդերայի կազմակերպմամբ ղողանջում են Լվովի բոլոր կաթոլիկ եկեղեցիների զանգերը: 1933թ. հունիսի 3-ին ՈւԱԿ-ը որոշում է սպանել Լվովում Սովետական հյուպատոսին: Գործողությունը կազմակերպում է Ստեփան Բանդերան: Հոկտեմբերի 22-ին Ստեփան Բանդերայի հանձնարարությամբ 19-ամյա Նիկոլայ Լեմիկը մտնում է Լվովում ԽՍՀՄ հյուպատոսարան, գնդակահարում հյուպատոսության քարտուղար Ա.Պ. Մայլովին: [img]/ups/images/0858670001466312175846329.jpg[/img] [i]Նիկոլայ Լեմիկը դատարանում[/i] 1933-ի հուլիսի 4-ին Բանդերայի առաջարկով ՈւՌԿ-ն մտնում է ՈւԱԿ-ի մեջ և դառնում նրա ռազմականացված թևը: Իսկ 24-ամյա Բանդերան ընտրվում է ՈւԱԿ-ի ղեկավար խորհրդի անդամ: Այդ պաշտոնում նա պայքար է ծավալում լեհ զավթիչների, ինչպես նաև ռուս-բոլշևիկների կամայականությունների դեմ, հարվածելով Արևմտյան Ուկրաինայում սովետական դիվանագետներին, բոլշևիկյան գործակալներին և ռուսոֆիլներին: Ստեփան Բանդերան լայնածավալ քարոզչություն է կազմակերպում երիտասարդների և ուսանողների շրջանում, ինչպես նաև բանվորների և գյուղացիների միջավայրում, տարածում անկախության գաղափարը, ներշնչում ազգային արժանապատվություն և վստահություն սեփական ուժերի նկատմամբ: Զանգվածային ցույցերը նպաստում են ազգային և քաղաքական զարթոնքին: Նրա նախաձեռնությամբ կառուցվում են Ուկրաինայի անկախության համար զոհվածների խորհրդանշական գերեզմաններ, որոնց մոտ կազմակերպվում են նվիրական միջոցառումներ: Նրա նախաձեռնությամբ անցկացվում են հակամենաշնորհային ցույցեր, որոնց մասնակիցները հրապարակավ հրաժարվում են գնել լեհական և ռուսական արտադրության ապրանքներ (օղի, ծխախոտ և այլն): Լեհաստանը 1932-ին սաստկացնում է հակաուկրաինական գործողությունները, արգելում է ուկրաներենով կրթությունը և պաշտոնական գրագրությունը: Բանդերան ազգայնական պայքարի մեջ է ներքաշում նաև դպրոցականներին: 1933թ. սեպտեմբերին Բանդերայի նախաձեռնությամբ կազմակերպվում է «դպրոցական ցույց», որի ժամանակ դպրոցականները հրաժարվում են պատասխանել լեհերեն տրված հարցերին, կոչ են անում լեհ ուսուցիչներին վերադառնալ Լեհաստան, պատուհաններից դուրս են նետում Լեհաստանի պետական խորհրդանիշները: Այդ դպրոցական ցույցին մասնակցում են տասնյակ հազարավոր երեխաներ: 1934թ. ՈւԱԿ անդամները հարձակում են կազմակերպում Լեհաստանի ներքին գործերի նախարար Բրոնիսլավ Պերացկու դեմ, որի արդյունքում վերջինս զոհվում է: Ահաբեկչության կազմակերպման և իրագործման մեղադրանքով ձերբակալվում է 12 մարդ, այդ թվում՝ Ստեփան Բանդերան: [img]/ups/images/0769948001466312196472832.jpg[/img] [i]Բրոնիսլավ Պերացկին և նրան սպանած Գրիգորի Մացեյկոն[/i] Վարշավայում ընթացող դատավարությունը լուսաբանող լրագրողներից մեկը նկատում է, որ Ստեփան Բանդերան կարճահասակ է (158 սմ), նայում է ուղիղ, այլ ոչ թե ճակատի տակից, խոսում է հստակ և կիրթ, հանդարտ և բարձր ձայնով: Մեկ այլ թերթ (Gazeta Polska) արձանագրում է, որ Բանդերան բացահայտ հանդուգն է: Երբ դատախազը հայտարարում է, թե ՈւԱԿ-ը զինված գործողություններով ոտնահարում է քրիստոնեական արժեքները, այդ ժամանակ Բանդերան հակադարձում է. [b]«Մեր զինված գործողությունների պատասխանատվությունը կրում են լեհական իշխանությունները, որոնք տրորելով Աստծո և երկրային օրենքները, ստրկացրել են ուկրաինական ժողովրդին և ստեղծել այնպիսի իրավիճակ, երբ պարզապես պարտավոր ես սպանել դահիճներին և դավաճաններին»:[/b] Դատական առաջին նիստի ժամանակ Բանդերան իրեն անվանում է «Լեհաստանի օրենքներին չենթարկվող Ուկրաինայի քաղաքացի», հրաժարվում է ցուցմունքներ տալ լեհերեն: Նրա օրինակին են հետևում 11 ընկերները (նույնիսկ վկաներից մի քանիսը): Երբ դատավորը կամ դատախազը հարց է ուղղում ամբաստանյալներից որևէ մեկին, վերջինս տեղից վեր կենալով բացականչում է՝ «Փա՜ռք Ուկրաինային» (Слава Україні), որից հետո հարցին պատասխանում ուկրաներեն՝ քաղաքական աստառ տալով պատասխանին: Այդպիսով ամբաստանյալները դատարանի դահլիճը վերածում են ուկրաինական ազգայնականության քարոզչության ամբիոնի: Վարշավյան դատավարությանը զուգահեռ մեկ այլ դատավարություն է բացվում Լվովում: ՈւԱԿ-ի 27 անդամներ մեղադրվում են գիմնազիայի տնօրենի (Իվան Բաբիյ) և ուսանողներից մեկի (Յակով Բաչինսկի) սպանության մեջ, որոնք ազգայնականների ասելով համագործակցել էին լեհական ոստիկանության հետ: Բանդերան մեղադրվում է սպանությունների, ահաբեկչական գործողությունների կազմակերպման մեջ: Բանդերային Վարշավայից բերում են Լվով: Այստեղ դատարանի դահլիճում 25-ամյա Ստեփան Բանդերան հանդես է գալիս որպես ՈւԱԿ-ի ղեկավար, պարզաբանում է ուկրաինացի ազգայնականների քաղաքական և մշակութային նպատակները: Վարշավայի և Լվովի դատարանները Բանդերային դատապարտում են ընդհանուր առմամբ 7 ցմահ ազատազրկման: Բանտում Բանդերան 1937-ին Սուրբ Ծննդյան տոնի նախօրեին կազմակերպում է երգչախումբ, որն ինքն է գլխավորում: Կապն արտաքին աշխարհի հետ պահում է քահանա Իոսիֆ Կլադոչնին, որը տարին երեք անգամ գալիս է բանտ՝ խոստովանության: Խորհրդային Միության և Նացիստական Գերմանիայի միջև 1939թ. օգոստոսի 23-ին Մոսկվայում կնքվում է ռազմական-քաղաքական համագործակցության պայմանագիր, որով նացիստներն ու կոմունիստները պայմանավորվում են համատեղ ուժերով գրավել և միմյանց միջև կիսել եվրոպական մի շարք երկրներ: Պայմանագիրը ստորագրում են Խորհրդային Միության Արտաքին գործերի ժողկոմ Վ.Մ. Մոլոտովը և Գերմանիայի արտգործնախարար Յոախիմ ֆոն Ռիբենտրոպը: Պատմության մեջ այն հիշատակվում է որպես Ռիբենտրոպ-Մոլոտով պակտ: [img]/ups/images/0116684001466312264226516.jpg[/img] Ռիբենտրոպ-Մոլոտով պակտը ստորագրելուց հետո սեպտեմբերի 1-ին Գերմանիան ներխուժում է Լեհաստան, մյուս կողմից սեպտեմբերի 17-ին Լեհաստան է ներխուժում Խորհրդային Միությունը, գրավում է Արևմտյան Ուկրաինան, սկսվում է զանգվածաբար հալածել հասարակական գործիչներին, հոգևորականներին, մտավորականներին, ազնիվ մարդկանց, բացվում են նոր կալանավայրեր և ճամբարներ, որտեղ նետվում են հազարավոր անմեղ մարդիկ: Ստեփան Բանդերայի հորը և երկու քույրերին՝ Անդրեյին, Մարթային և Օքսաննային չեկիստները ձերբակալում են 1941-ի մայիսի 23-ին: Հարցաքննության ժամանակ քննիչի հարցին, թե ի՞նչ քաղաքական հայացքներ ունեք, Անդրեյ Բանդերան պատասխանում է. [b]«Ես համոզված ազգայնական եմ: Ուկրաինացիների համար միակ ճշմարիտ պետական կարգը համարում եմ անկախ Ուկրաինան»:[/b] Հուլիսի 8-ին չեկիստական եռյակ դատարանը Անդրեյ Բանդերային դատապարտում է մահապատժի, որն իրականացնում են հուլիսի 10-ին: Մարթային և Օքսաննային առանց քննության և դատի էտապով աքսորում են Կրասնոյարսկի երկրամասի համակենտրոնացման ճամբար: Որոշ ժամանակ անց աքսորում են նաև Ստեփանի երրորդ քրոջը ամուսնու հետ միասին: [img]/ups/images/0795876001466312283571113.jpg[/img] [i]Անդրեյ Բանդերա[/i] 1939-ի սեպտեմբերին Գերմանիան ռմբակոծում է Լեհաստանի այն քաղաքը, որտեղ գտնվում էր այն բանտը, որտեղ նստած էր Բանդերան: Բանտապահները խուճապահար փախչում են, իսկ կալանավորները, օգտվելով առիթից, ազատորեն դուրս են գալիս բանտախցերից և ազատում նաև մեկուսարանում փակված Ստեփան Բանդերային: Բանտից դուրս գալուց հետո Բանդերան վերադառնում է Լվով: Այդ ժամանակ Կարմիր բանակը զավթել էր Լվովը: Բանտում սրացած ռևմատիզմը բուժելու համար Բանդերան մեկնում է Գերմանիա: Այնուհետև մեկնում է Հռոմ՝ մասնակցելու ՈւԱԿ համաժողովին: Այդ ժամանակ Ուակ ղեկավարը գնդապետ Անդրեյ Մելնիկն էր: [img]/ups/images/0150127001466312216540019.jpg[/img] [i]Անդրեյ Մելնիկ[/i] Բանդերան և Մելնիկը ազատագրական պայքարի ռազմավարության վերաբերյալ խորը տարաձայնություններ ունեին, որոնք բարձրաձայնվում են Հռոմի համաժողովի ժամանակ: Մելնիկն առաջարկում էր առանց նախապայմանների համագործակցել Նացիստական Գերմանիայի հետ, սակայն չներքաշվել ռազմական գործողությունների մեջ և հրաժարվել զինված պայքարից, իսկ Բանդերան առաջարկում էր հենվել գերազանցապես սեփական ուժերի վրա, կազմավորել զինված պայքար և համագործակցել պատերազմող բոլոր կողմերի հետ (բացառությամբ ԽՍՀՄ-ի), այն պայմանով, որ ճանաչեն Ուկրաինայի անկախությունը: Արդյունքում Մելնիկը առանց նախապայմանների գնաց գերմանացիների հետ համագործակցության, ինչի հետևանքով ՈւԱԿ-ը պառակտվեց: [img]/ups/images/052761700146640607947903.png[/img] 1940-ի փետրվարին Կրակով քաղաքում գումարվում է Ուկրաինական ազգայնականների կազմակերպության (ՈւԱԿ) համաժողովը, որին մասնակցում են հիմնականում Բանդերայի կողմնակիցները՝ երիտասարդներն ու արմատականները: Համաժողովը Ստեփան Բանդերային ընտրում է առաջնորդ: ՈւԱԿ-ն առաջնային նպատակ է հռչակում Ուկրաինայի անկախությունը, ազգային բանակի ստեղծումը և օտար զորքերի դուրս բերումը Ուկրաինայից: Այդպես ՈւԱԿ-ը կիսվում է բանդերականների և մելնիկականների: [img]/ups/images/0873140001466317242853486.jpg[/img] [i]Բանդերականնների զինանշանը և մելնիկականների զինանշանը[/i] Գերմանիայի ղեկավարության վերաբերմունքը ՈւԱԿ-ի նկատմամբ հակասական էր: Աբվերը (Գերմանիայի ռազմական հետախուզությունը) անհրաժեշտ էր համարում համագործակցել Ուկրաինայի ազգայնականների հետ, իսկ նացիստական կուսակցության ղեկավարներից Մարտին Բորմանը ՈւԱԿ-ին չէր համարում լուրջ քաղաքական գործոն, հետևաբար, մերժում էր որևէ համագործակցություն նրա հետ: [img]/ups/images/0852792001466312230394798.jpg[/img] [i]Մարտին Բորման[/i] Այնումանեայնիվ Վերմախտի նախաձեռնությամբ և Բանդերայի աջակցությաբ ստեղծվում են ուկրաինական երկու լեգիոններ՝ «Նախտիգալը» և «Ռոլանդը», ընդհանուր թվով՝ 600 մարդ: [img]/ups/images/0242420001466312250445074.jpg[/img] Պատերազմի սկզբում Կարմիր բանակի խուճապահար նահանջը տասնյակ հազարավոր կալանավորների համար ողբերգական հետևանք է ունենում: Չկարողանալով հապճեպ տեղափոխել կալանավորներին, խորհրդային իրավապահներն ու չեկիստները բանտարկյալներին (անկախ պատժաչափից) իջեցնում են բանտի նկուղները, այնուհետև նռնակներ նետում նրանց վրա ու զանգվածաբար սպանում կալանավորներին: Այդպիսով միայն Գալիցիայում սպանում են 10.000 մարդու, իսկ Վոլնիում՝ 5.000: Մի քանի օր անց այդ հրեշավոր սպանդի ականատեսն են դառնում դատապարտյալների հարազատները, իսկ գերմանացի զավթիչները այդ պատերազմական հանցագործության մասին վկայող փաստերը ներկայացնում են Միջազգային Կարմիր խաչին: Այդ սարսափելի սպանդից հետո բոլոր ուկրաինացիներն ատելությամբ են լցվում ռուսների, կոմունիստների և Ստալինի նկատմամբ: Հակառուսական ատելությունը զսպելու և ռուսական սադրանքներին չենթարկվելու համար Ստեփան Բանդերան շրջանառության մեջ է դնում կարգախոս. «Ռուսների հետ ընդհանուր լեզու չկա» («З москалями нема спільної мови.»): [img]/ups/images/0652277001466312694962389.jpg[/img] [i]1941թ. հունիսի 30-ին Լվով մտնող փողոցում փակցրած պաստառներ[/i] 1941-ի հունիսի 30-ին գերմանացիները մտնում են Լվով: Նրանց հետևից Լվով է մտնում նաև «Նախտիգալ» լեգիոնը՝ բանդերական գործիչ Ռոման Շուխևիչի գլխավորությամբ: [img]/ups/images/0979257001466312709108129.jpg[/img] [i]«Նախտիգալ» լեգիոնի սպայակազմը (ձախից երկրորդը՝ հարամանատար Ռոման Շուխևիչ)[/i] Հունիսի 30-ին Լվովում բազմահազարանոց հանրահավաքի ժամանակ բանդերականները հռչակում են «Ուկրաինայի պետության վերածնունդը»: Այդպիսով Ուկրաինան հռչակվում է անկախ: Ձևավորվում է Ուկրաինայի կառավարությունը՝ բանդերական Յարոսլավ Ստեցկոյի գլխավորությամբ, բաղկացած 15 նախարարներից: Բացի այդ ձևավորվում են ՈւԱԿ-ի 7-12 հոգանոց խմբեր (ընդհանուր թվով՝ 2000 մարդ), որոնք դեպի արևելք արագ շարժվող գերմանացիներից առաջ էին ընկնում և ուկրաինական բնակավայրերում խլում էին գերմանացիներից նախաձեռնությունը և տեղերում ձևավորում ուկրանական տեղական իշխանության մարմիններ: [img]/ups/images/0957096001466312724274819.jpg[/img] [i]Յարոսլավ Ստեցկո[/i] Գերմանական իշխանությունները չեն ճանաչում Ուկրաինայի անկախությունը: Արդեն հուլիսի 5-ին գերմանացիները Կրակովում ձերբակալում են Ստեփան Բանդերային, իսկ հուլիսի 9-ին Լվովում անկախ Ուկրաինայի վարչապետ Յարոսլավ Ստեցկոյին: Բանդերային տեղափոխում են Բեռլին և պահանջում հրաժարվել հունիսի 30-ին ընդունված Ուկրաինայի անկախության հռչակագրից: Բանդերան չի ընդունում գերմանացիների պահանջը, ինչից հետո նրան բանտ են նետում, այնուհետև տեղափոխում Զակսենհաուզենի համակենտրոնացման ճամբար, որտեղ նա մնում է մինչև 1944-ի վերջը: Յարոսլավ Ստեցկոյին բանտարկում են Ալեքսանդրպլաց բանտում, իսկ 1942-ի հունվարի տեղափոխում Զակսենհաուզենի համակենտրոնացման ճամբար: Բանդերայի կալանավորումից հետո, 1941թ. աշնանը Անդրեյ Մելնիկի կողմնակիցները մեկ անգամ ևս փորձում են ձևավորել անկախ Ուկրաինայի կառավարություն: Սակայն այս փորձը նույնպես կասեցվում է գերմանացիների կողմից: Մելնիկին ձերբակալում են և տեղափախում նույն Զակսենհաուզենի համակենտրոնացման ճամբար: Իսկ 1942-ի սկզբում Բաբին Յար տեղանքում (Կիևի մերձակայքում) գերմանացիները գնդակահարում են ՈւԱԿ-ի 40 հեղինակավոր գործիչների, այդ թվում 35-ամյա բանաստեղծուհի Օլենա Տելիգային՝ Ուկրաինայի գրողների միության նախագահին: [img]/ups/images/0747962001466312740691057.jpg[/img] [i]Օլենա Տելիգա[/i] Այդ զանգվածային տեռորից և հալածանքներից հետո Ուկրաինայի անկախության համար պայքարն, այնուամենայնիվ շարունակվում է: Ուկրաինացի ազգայնականները կազմավորում են պարտիզանական ջոկատներ, որոնք միավորվում են 1942-ի վերջում և անվանվում Ուկրաինայի ապստամբական բանակ (ՈւԱԲ), որի ղեկավար է ընտրվում բանդերական հայտնի գործիչ, լուծարված «Նախտիգալ» լեգիոնի հրամանատար Ռոման Շուխևիչը (գեներալ Տարաս Չուպրինկա կեղծանունով): 1943-1944թթ. ՈւԱԲ-ի թվակազմը հասնում է 100.000 զինվորի: Այն վերահսկում էր Վոլինը, Պոլեսյեն և ամբողջ Գալիցիան: ՈւԱԲ-ը զինված պայքար էր մղում ոչ միայն նացիստական ու սովետական բանակների դեմ, այլև կարմիր պարտիզանների, ինչպես նաև՝ լեհական պարտիզանների (Armia Krajowa) դեմ: Գերմանական զավթիչների Ուկրաինայից հեռանալուց հետո խորհրդային քարոզչությունը ուկրաինացի ազգայնականներին նույնացնում է նացիստների հետ և հալածում: ՈւԱԲ-ի դեմ կռվի են նետվում Խորհրդային բանակի կանոնավոր զորամիավորումները: Միայն 1946-ին 2.000 մարտ ու բախում է գրանցվում, իսկ 1948-ին՝ 1.500: 1950-ի մարտի 5-ին զոհվում է ՈւԱԲ-ի հրամանատար Ռոման Շուխևիչը, ինչից հետո զինված բախումները դադարում են: 1944-ի սեպտեմբերի 25-ին նացիստական համակենտրոնացման ճամբարից ազատ են արձակվում հարյուրավոր ուկրաինացի գերիներ, այդ թվում՝ Ստեփան Բանդերան, Անդրեյ Մելնիկը, Յարոսլավ Ստեցկոն: Սակայն Բանդերային չի հաջողվում վերադառնալ Ուկրաինա: Պատերազմից հետո Բանդերան հաստատվում է Արևմտյան Գերմանիայում: 1947-ին ՈւԱԿ համաժողովը Ստեփան Բանդերային ընտրում է առաջնորդ: Բանդերայի կինն ու երեխաները երկար ժամանակ թաքնվում են Գերմանիայում անտառում գտնվող խրճիթում: Միայն 1954-ին ընտանիքը տեղափոխվում է Մյունխեն: [img]/ups/images/0240994001466312759354954.jpg[/img] ԿԳԲ-ն հինգ անգամ մահափորձ է կազմակերպում Ստեփան Բանդերայի դեմ, սակայն ամեն անգամ գերմանական ոստիկանությունը և Բանդերայի թիկնապահները բացահայտում են դրանք: Առաջին մահափորձը ձախողվում է 1947-ին՝ բացահայտվում է ԿԳԲ-ի գործակալ Յարոսլավ Մորոզը, երկրորդը՝ 1948-ին, բացահայտվում է ԿԳԲ-ի գործակալ Վլադիմիր Ստելմաշչուկը, երրորդը ձախողվում է 1952-ի աշնանը, բացահայտվում են ԿԳԲ-ի գերմանացի գործակալներ Լեգուդը և Լեմանը, 1953-ին՝ գործակալ Ստեփան Լիբգոլցը: 1959-ին գերմանական ոստիկանությունը ձերբակալում է Վինցուկ ազգանունով մեկին, որը մի քանի անգամ հայտնվում է Մյունխենում և հետաքրքրվում, թե որտեղ են ապրում Բանդերայի երեխաները: Նույն թվականին տեղեկություն է ստացվում, որ Բանդերայի դեմ նոր մահափորձ է նախապատրաստվում: [img]/ups/images/0238009001466312772860545.jpg[/img] [i]Մյունխենում Կրայնտմայնշտրասե փողոցի № 7 շենքը, որտեղ ապրել է Ստեփան Բանդերան[/i] Հինգշաբթի, 1953-ի հոկտեմբերի 15-ին, կեսօրին Ստեփան Բանդերան գնում է տուն ճաշելու: Շուկայից գնումներ է կատարում և ավտոմեքենայով ուղևորվում տուն: Ժամը 13-անց 5 րոպեյին շենքի մուտքի մոտ Բանդերան կանգնեցնում է մեքենան և ազատ թողնում թիկնապահներին: Բանդերան մտնում է Կրայնտմայնշտրասե փողոցի № 7 շենքի մուտքը և աստիճաններով բարձրանում դեպի իր բնակարանը: 3-րդ հարկում նա հանդիպում է մի մարդու, որի դեմքը ծանոթ էր. Նրան այդ օրն առավոտյան տեսել էր եկեղեցում: Ծանոթ-անծանոթը ԿԳԲ-ի գործակալ Բոգդան Ստաշինսկին էր: Նա ձեռքում ոլորած թերթի մեջ ատրճանակ-սրսկիչ էր թաքցրել՝ լցված կալիումի ցիանիդով: Նա կալիումի ցիանիդը կրակում է Բանդերայի դեմքին: Բանդերան կորցնում է գիտակցությունը, ընկնում աստիճանների վրա, կոտրում գլուխը: Այդ ձայները լսած հարևանները դուրս են գալիս իրենց բնակարաններից, սակայն մարդասպանն արդեն հեռացել էր, իսկ Բանդերան արնաշաղախ ընկած էր աստիճաններին: Ստեփան Բանդերան մահանում է հիվանդանոցի ճանապարհին, այդպես էլ գիտակցության չգալով: Մահվան պատճառը համարվում է գլխի կոտրվածքը, սակայն փորձաքննությունն ապացուցում է, որ մահվան իրական պատճառը կալցիումի ցիանիդով թունավորումն է, ինչի հետևանքով տեղի է ունեցել սրտի կանգ և գիտակցության կորուստ: Բանդերան թաղվում է Մյունխենի Վալդֆրիդհոֆ գերեզմանոցում: Թաղմանը մասնակցում են տասնյակ հազարավոր մարդիկ: Նրա գերեզմանի մեջ լցնում են Ուկրաինայից բերված հող և Սև ծովից բերված ջուր: Շիրիմին դրվում են 250 ծաղկեպսակներ: [img]/ups/images/0345371001466312790726893.jpg[/img] [i]Մյունխենի Վալդֆրիդհոֆ գերեզմանոցը և Ստեփան Բանդերայի գերեզմանը[/i] Բոգդան Ստաշինսկին վերադառնում է Մոսկվա: ԿԳԲ-ի ղեկավար Ա.Ն. Շելեպինն անձամբ պարգևատրում է նրան «Մարտական կարմիր շքանշանով»: Այնուհետև Ստաշինսկին ամուսնանում է գերմանուհի Ինգե Պոլի հետ և ապրում Արևելյան Գերմանիայում: 1962-ին մահանում է նրանց երեխան: Դրանից հետո Ստաշինսկին կնոջ հետ փախչում է Արևմտյան Գերմանիա, հանձնվում ոստիկնությանը, խոստովանում, որ ԽՍՀՄ ԿԳԲ-ի կարգադրությամբ ինքն է սպանել Ստեփան Բանդերային: [img]/ups/images/0415492001466312810949885.jpg[/img] 1962թ հոկտեմբերի 19-ին Կարլսրուե քաղաքի դատարանը Բոգդան Ստաշինսկիին դատապարտում է 8 տարվա ազատազրկման: Բանդերայի դուստրը՝ Նատալյա Բանդերան դատարանում ելույթն ավարտում է այս խոսքերով. [b]«Անմոռանալի հայրս դաստիարակել էր մեզ սիրով առ Աստված և Ուկրաինան: Նա խորապես հավատացյալ քրիստոնյա էր և զոհվեց հանուն Աստծո և ազատ Ուկրաինայի»[/b]: [img]/ups/images/0068755001466312830460930.jpg[/img] [i]Ստեփան Բանդերայի արձանները Ուկրաինայում[/i] 2010թ. հունվարի 20-ին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն հրամանագիր է ստորագրում (№ 46/2010), ըստ որի Ստեփան Բանդերային հետմահու շնորհում է Ուկրաինայի հերոսի կոչում՝ «Ազգային գաղափարի իրագործման պայքարում անընկճելի ոգու, անկախ Ուկրաինայի համար պայքարում հերոսականության և անձնազոհության համար»: Յուշչենկոն պետական բարձրագույն պարգևը հանձնում է Բանդերայի թոռանը՝ Ստեփանին: [img]/ups/images/077770700146631284165640.jpg[/img] [i]Վիկտոր Յուշչենկո՝ Ուկրաինայի նախագահ (2005-2010թթ)[/i] Ուկրաինայի բազմաթիվ քաղաքներում կան Բանդերայի հուշարձաններ, թանգարաններ, նրա անունով փողոցներ և հրապարակներ: Նրա մասին բազմաթիվ երգեր, գրքեր են գրվել, նկարահանվել են վավերագրական և գեղարվեստական ֆիլմեր: Ուկրաինայի «Ազատություն» կուսակցությունը (նախագահ՝ Օլեգ Տյագնիբոկ) 2006-ից սկսած, ամեն տարի հունվարի մեկին, Ստեփան Բանդերայի ծննդյան օրը կազմակերպում է ջահերով երթեր Կիևում, Լվովում, Օդեսայում և Ուկրաինայի այլ քաղաքներում: [img]/ups/images/0310090001466406103861076.jpg[/img]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+

Նմանատիպ նյութեր