211652_close_icon
views-count1559 դիտում article-date 22:15 21-06-2016

ԵՊՀ զարգացման ռազմավարական ծրագրի (2016-2020թթ.) շրջանակներում մշակվել է ԵՊՀ աշխատակիցների համացանցային ներքին տիրույթ՝ ինտրանետ համակարգ

Այսօր ԵՊՀ-ում մեկնարկեց Տեղեկատվական համակարգերի սպասարկման և զարգացման վարչության ու Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնի մասնագետների կողմից մշակված պետհամալսարանի աշխատակիցների ներքին տիրույթի համացանցային գործիքին ծանոթացնելու նպատակով կազմակերպված սեմինարների շարքը: Պետհամալսարանի ռեկտորատի նախաձեռնությամբ իրականացվող սեմինարները, որոնք ընթանում էին միաժամնակ ԵՊՀ գիտխորհրդի նիստերի և 6-րդ մասնաշենքի դահլիճներում, ղեկավարում էին ԵՊՀ պրոռեկտորները: Հանդիպումներին մասնակցում էին ֆակուլտետների ամբիոնների այն լաբորանտները, ովքեր պատասխանատու կլինեն ֆակուլտետի բոլոր աշխատակիցներին խորհրդատվությամբ օգնելու և համակարգի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար, ինչպես նաև գիտահետազոտական լաբորատորիաների աշխատակիցներ: Համալսարանի ինտրանետ համակարգի նպատակն է ավտոմատացնել և առավել արդյունավետ դարձնել ԵՊՀ տեղեկատվության փոխանակման հոսքերը, հաշվետվողականության գործընթացները, աջակցել ԵՊՀ միասնական տեղեկատվական համակարգի ձևավորմանը: Ստեղծված համացանցային գործիքի միջոցով ԵՊՀ բոլոր աշխատողները համալսարանի պաշտոնական դոմեյնի տիրույթի (ysu.am)՝ իրենց անձնական էլեկտրոնային փոստի հասցեներով պետք է մուտք գործեն համակարգ և մուտքագրեն իրենց գիտամանկավարժական գործունեության արդյունքների (հոդվածներ, թեզիսներ, մենագրություններ, արտոնագրեր և այլն) մասին տեղեկատվությունը: Սեմինարները շարունակական բնույթ կկրեն և կանցկացվեն Տեղեկատվական համակարգերի սպասարկման և զարգացման վարչության ու Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնի մասնագետների կողմից: Հավելենք, որ ստեղծվել է նաև «ԵՊՀ աշխատակիցների համացանցային ներքին տիրույթ» օգտագործողի ուղեցույցը, որը տեղադրված է ԵՊՀ պորտալի «Փաստաթղթեր» կայքում:

Նմանատիպ նյութեր