211652_close_icon
views-count3095 դիտում article-date 18:16 23-06-2016

Ապրիլյան իրադարձություններով պայմանավորված` ԱՀ գործադիր մարմինը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնություններով

Վարչապետ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ՝ հունիսի 23-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության հերթական նիստը: Նիստին գործադիր մարմինը հանդես է եկել օրենսդրական մի շարք նախաձեռնություններով: Կառավարության կողմից լրացում է առաջարկվել ««Հաստատագրված վճարների մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին» և ««Արտոնագրային վճարների մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքներում` ապրիլյան իրադարձություններով պայմանավորված: Վերջին ամիսների ընթացքում, հանրապետությունում ստեղծված իրավիճակի հետ կապված, տնտեսության ոչ բոլոր ճյուղերն են աշխատում ամբողջ ծավալով, ինչի հետևանքով սահմանված հաստատագրված և արտոնագրային վճարները համարժեք չեն ակնկալվող եկամուտների մեծությանը, այնինչ դրանք վճարվում են անկախ հարկ վճարողի կողմից ստացված փաստացի եկամտի մեծությունից: Նախագծերի փաթեթով առաջարկվում է 2016 թվականի ապրիլ-դեկտեմբեր ամիսների համար նվազեցնել հաստատագրված և արտոնագրային վճարների չափերը` շրջաններում կիրառելով 0.3, իսկ Ստեփանակերտ քաղաքում՝ 0.6 նվազեցվող գործակից: Այս արտոնությունից կօգտվի 1500 հարկատու : Նույն նպատակն է հետապնդում նաև ««Շահութահարկի մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին» ԼՂՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է բանկի և վարկային կազմակերպության կողմից պարտապան իրավաբանական և ֆիզիկական անձանց վարկերի և դեբիտորական պարտքերի գծով հաշվեգրված և չվճարված տոկոսները, տույժերը և տուգանքները (կամ դրանց մի մասը) 2016 թվականի ընթացքում զիջելու (կամ ներելու) դեպքում` այդ գումարների չափով նվազեցնել բանկի (վարկային կազմակերպության) տվյալ տարվա համախառն եկամուտը: ««Եկամտային հարկի մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ԼՂՀ օրենքի նախագծի առաջարկը պայմանավորված է 2016 թվականի ապրիլի 1-ից հետո հակառակորդի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների կամ կամավորականների ընտանիքների անդամների սոցիալական վիճակի բարելավման անհրաժեշտությամբ: Գործող օրենսդրության համաձայն` վարկառուի մահվան դեպքում, վերջինիս իրավունքներն ու պարտականությունները, այդ թվում` վարկային պայմանագրից բխող, նույն ծավալով փոխանցվում են նրա ժառանգներին: Նոր նախագծով առաջարկվում է նրանց ազատել վարկային պարտավորություններից, քանի որ ԼՂՀ-ում գործող մի շարք բանկեր պատրաստակամություն են հայտնել ներել զոհված զինծառայողների և կամավորականների, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների վարկի գումարները` դրանք չպահանջելով երաշխավորներից կամ ժառանգությունն ընդունած ժառանգներից: «Սնանկության մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին» և ««Հարկերի մասին» ԼՂՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ԼՂՀ օրենքների նախագծերի փաթեթի նորմերը կոչված են լուծելու այն հիմնական խնդրահարույց հարցերը, որոնց կարգավորման անհրաժեշտությունը բխում է ստեղծված տնտեսական վիճակից: «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ԼՂՀ օրենքի նախագծով բնապահպանական վճարների նոր դրույքաչափեր են սահմանվում: Այն ուղղված է նաև բնապահպանական վճարների հաշվարկման համակարգի կատարելագործմանը: Այս հարցի վերաբերյալ վարչապետը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ և, ուսումնասիրելով բնապահպանական վճարները, ներկայացնել դրանք տնտեսությանը համապատասխանեցնելու առաջարկություններ: Օրինագծերը ներկայացվելու են ԱԺ-ի քննարկմանը: Կառավարության նիստում հավանության է արժանացել իրավաբանական անձանց, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի վերաբերյալ տվյալների փոփոխության դեպքում պետական միասնական գրանցամատյանում գրառված համապատասխան տեղեկությունների՝ ինքնաշխատ կերպով փոփոխման կարգը: Հաստատվել են ինքնաշխատ կերպով փոփոխման ենթակա տվյալների և այդ տվյալների բազաների ցանկերը` պետական գրանցման և պետական հաշվառման գործընթացը կանոնակարգելու նպատակով: Որոշման համաձայն` պետական ռեգիստրի գործակալության պետական միասնական գրանցամատյանում գրառված համապատասխան տեղեկությունները փոփոխվելու են ինքնաշխատ կերպով՝ նոր տեղեկությունները փոխօգնության կարգով ստանալով համապատասխան տեղեկատվական բազան վարող պետական կառավարման մարմնից: Կառավարության կողմից ընդունված մեկ այլ որոշում բխում է «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ԼՂՀ օրենքում կատարված փոփոխություններից ու լրացումներից, ինչպես նաև օրենքով կենսաթոշակ նշանակելիս և կենսաթոշակի չափը հաշվարկելիս կիրառվող մասնագիտական ստաժի ամբողջացման անհրաժեշտությունից։ Որոշմամբ սահմանվել է, որ 2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ առնվազն տասը տարի դատավորի պաշտոնում աշխատած և դատավորի լիազորությունները ԼՂՀ դատական օրենսգրքի նախատեսված հիմքերով, կամ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով դադարեցված անձին 2014 թվականի հուլիսի 1-ից մինչև 2016 թվականի ապրիլի 1-ը նշանակված կենսաթոշակը 2016 թվականի ապրիլի 1-ից վերահաշվարկվում է համապատասխան կարգով: Կենսաթոշակ նշանակելիս և կենսաթոշակի չափը հաշվարկելիս անձի մասնագիտական ստաժում հաշվառվում են նաև ԼՂՀ նախարարների խորհրդին կից կապիտալ շինարարության վարչության պետի, պետի տեղակալի, ԼՂՀ նախարարների խորհրդին կից փախստականների և հումանիտար օգնության հարցերով վարչության պետի, պետի տեղակալի, ԼՂՀ սպորտի վարչության պետի, պետի տեղակալի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության պետի, պետի տեղակալի, ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի, նախագահի տեղակալի, ԼՂՀ ագրոարդյունա¬բերական կոմիտեի նախագահի, նախագահի տեղակալի, ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի խորհրդականի և օգնականի պաշտոնները զբաղեցնելու ժամանակահատվածները։ Հաշվի առնելով հանրապետության գյուղատնտեսության համար եգիպտացորենի մշակության կարևորությունը՝ գործադիր մարմնի կողմից հաստատվել է 2016 թվականի եգիպտացորենի մշակության պետական աջակցության տրամադրման կարգը: Դրանով սահմանվել են աջակցության տրամադրման պայմանները և ընթացակարգերը` նպատակաուղղված ԼՂՀ շրջաններում եգիպտացորենի ցանքատարածությունների և բերքի ծավալների ավելացմանը, ինչպես նաև գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների եկամտաբերության մակարդակի բարձրացմանը: Պետական աջակցությունը տրամադրվելու է եգիպտացորենի մշակության համար նախատեսված վարելահողերը ոռոգման ջրով ապահովված և ցանքսին նախապատրաստված լինելու դեպքում` 1հա դիմաց եգիպտացորենի ստացման համար` 16կգ, իսկ սիլոսի ստացման համար` 18կգ սերմի չափով: Նիստում հավանության է արժանացել գարնանացան մշակաբույսերի ցանքաշրջանառության խթանման 2016 թվականի ծրագիրը: Դրանով նախատեսվում է ավելացնել յուղատու մշակաբույսերի, բանջարեղենի, հնդկացորենի, սորգոյի և ծխախոտի ցանքատարածությունները և արտադրության ծավալները, իսկ հետագայում բարձրացնել նաև ինքնաբավության մակարդակը: Վարելահողերում բանջարեղեն մշակելու համար` 1 հա դիմաց հողօգտագործողին անհատույց կտրամադրվի 200 հազար դրամ կամ դրան համարժեք ապրանքանյութ: Կառավարությունը հաստատել է տոհմային ցածր մթերատու կովերի արժեքի մասնակի սուբսիդավորման կարգը, որով շրջաններում անասնաբուծությամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձանց կցուցաբերվի աջակցություն, որպեսզի նրանք կարողանան մատչելի գնով ձեռք բերել տոհմային ցածր մթերատու կովեր: Սուբսիդավորվելու է ձեռքբերվելիք կովերի արժեքի 35 տոկոսը, մնացած 65 տոկոսը կտրամադրվի «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի» միջոցով, անտոկոս փոխառության տեսքով, 5 տարի մարման ժամկետով և սերունդ ստանալու պարտադիր պայմանով: Նիստում հաստատվել է նաև ԼՂՀ Ասկերանի, Հադրութի, Մարտունու և Շահումյանի շրջանների գյուղատնտեսության զարգացման 2016 թվականի ծրագիրը` ավելի քան 68 մլն դրամ արժեքով: Կառավարության հավանությանն է արժանացել ԼՂՀ Շահումյանի շրջանի՝ Ադրբեջանի Հանրապետության կողմից բռնազավթված հատվածի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը: Հուշարձանների ցանկը արդիականացվել և համապատասխանեցվել է ժամանակակից օրենսդրության պահանջներին ու խնդիրներին: Նիստում ընդունված մեկ այլ որոշմամբ հստակեցվել է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթի անցկացման կարգը` հօգուտ ձեռներեցների: Վարչապետի խոսքով` կառավարությունը նման որոշումներ է ընդունում` ելնելով ստեղծված տնտեսական իրավիճակից: Ըստ կառավարության ղեկավարի` ոլորտում լուրջ բարեփոխումներ են իրականացվելու, որովհետև իշխանության հիմնական նպատակը որակյալ ու անվտանգ ուղևորափոխադրման ապահովումն է: Նիստի ավարտին ԱՀ գյուղնախարար Ա. Մխոյանը հանդես է եկել հանրապետությունում ընթացող հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի ընթացքի մասին հակիրճ տեղեկատվությամբ: «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի» տնօրեն Ա. Բախշիյանը ներկայացրել է բերքի մթերման ընթացքի հետ կապված որոշ մանրամասներ, իսկ ԱՀ ԿԱ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Ա. Հարությունյանը` իրականացվող հակահրդեհային միջոցառումների մասին զեկույց: «Անհրաժեշտ է պլանային համատեղ աշխատանք իրականացնել ակնկալվող առատ բերքն անկորուստ հավաքելու և մթերելու ուղղությամբ: Տեղական ալրաղացները պատրաստ են մինչև 20 հազար տոննա ցորեն մթերելու: Հողամշակների շրջանում անհրաժեշտ է բացատրական աշխատանքներ իրականացնել` բերքը հանձնելու գործում չշտապելու և գնային անկման ճնշման տակ չընկնելու նպատակով»,- իր ամփոփիչ խոսքում նշել է Ա. Հարությունյանը, իսկ ԱԻՊԾ աշխատակիցներին կոչ արել եղանակների տաքացմանը զուգահեռ էլ ավելի ուժեղացնել վերահսկողությունը՝ հնարավոր հրդեհներից խուսափելու համար:

Նմանատիպ նյութեր