211652_close_icon
views-count8431 դիտում article-date 23:46 11-07-2016

Անարգանքի սյանը գամված վերջին դատապարտյալը

Դանիել Դեֆոյի ծննդյան ճշգրիտ ամսաթիվն անհայտ է: Նրա հայրը մսագործ էր, ազգությամբ՝ ֆլամանդացի (Անգլիա էր ներգաղթել Նիդերլանդներից), մայրը՝ բնիկ անգլիացի էր: Երբ նա հինգ տարեկան էր, քաղաքում ժանտախտ բռնկվեց: Համաճարակի զոհ դարձավ յուրաքանչյուր հինգերորդը, սակայն նրանց ընտանիքից ոչ ոք չմահացավ: Ութ տարեկան էր, երբ մահացավ նրա մայրը, և հայրը նրան ուղարկեց գիշերօթիկ դպրոց: Դպրոցն ավարտելուց հետո նա ավարտեց նաև ճեմարանը, սակայն քահանա չդարձավ: 20 տարեկանում Դանիել Դեֆոն սկսեց զբաղվել առևտրով: Առևտրային գործերի բերումով շրջագայեց ամբողջ Եվրոպայում: Շփվելով տարբեր ազգերի ներկայացությունների հետ, սովորեց մի քանի լեզուներ: Մի քանի հաջող առևտրային գործարքներից հետո (1696թ) վարկ վերցրեց (17.000 ֆունտ ստեռլինգ) և բացեց աղյուսի-կղմինդրի գործարան: Սակայն գործը հաջող ընթացք չստացավ: Նա չկարողացավ փակել վարկը և վճարել հարկերը: Հարկերը չվճարելու և վարկերը չմարելու մեղադրանքով նա դատապարտվեց ազատազրկման: Բանտում նա ծանոթացավ հասարակության տականքի հետ՝ գողեր, խարդախներ, մարմնավաճառներ, մուրացկաններ և այլն: [img]/ups/images/040927000146815787787638.jpg[/img] [i]Դանիել Դեֆոյի հայրական տունը[/i] Սնանկանալուց հետո Դեֆոն թողնում է ձեռներեցությունը և զբաղվում լրագրությամբ: Նա համարվում է տնտեսական, քաղաքական լրագրության հիմնադիրը: Նրանից առաջ անգլիական թերթերը դպրոցական պատի թերթ էին հիշեցնում: Իսկ նա իսկական հեղափոխություն է իրականացնում լրագրության մեջ: Նա հոդվածներ է գրում տնտեսական, քաղաքական հրատապ խնդիրների մասին, որոնք իսկապես հետաքրքրում էին հասարակությանը: Լրագրության մեջ ներմուծում է հարցազրույցի ժանրը, հրապարակելով զրույցներ ամենատարբեր մարդկանց հետ: Առաջինն է, որ մամուլում լուսաբանում է քրեական թեմաները՝ ոչ միայն հաղորդելով լուրեր հանցագործությունների մասին, այլև տպագրելով հարցազրույցներ հանցագործների հետ: Օրինակ. նրան հարցազրույց է տվել լոնդոնյան հայտնի գող Ջեկ Շեպարդը: 1690-ականների վերջում Դանիել Դեֆոն սկսում է զբաղվել քաղաքական երգիծանքով՝ գրելով պամֆլետներ, որտեղ ծաղրում է քաղաքական վերնախավին: Այդ ժամանակ Անգլիայի թագավորը Վիլհելմ 3-րդ Օրանացին էր, որը ծագումով Նիդերլանդներից էր (Դեֆոների հայրենիքից): Նրան չհարգող մի խումբ ազնվականների պատվերով ծաղրական պամֆլետ է հրատարակվում «Օտարազգիները» վերնագրով, որտեղ հեղինակը ծաղրում է օտար ծագում ունեցող և անգլերեն վատ խոսող թագավորին: Դրան ի պատասխան Դանիել Դեֆոն գրում է «Ազնվազարմ անգլիացին» պոեմը, որտեղ ծաղրում է անգլիացի ազնվականներին՝ ապացուցելով, որ նրանցից ոչ ոք անգլիական ծագում չունի, իսկ ազնվական տիտղոսները ձեռք են բերել գողացած փողերով: [img]/ups/images/0899054001468157893812508.jpg[/img] [i]«Ազնվազարմ անգլիացին» գրքույկի տիտղոսաթերթը, առաջին էջն ու շապիկը[/i] Այդ ժամանակ Անգլիայում գրքերը հրատարակվում էին մի քանի հարյուր, առավելագույնը՝ հազար տպաքանակով: «Ազնվազարմ անգլիացին» պոեմը հրատարակվում է 80.000 օրինակ, ինչը այդ տարիների համար հսկայական տպաքանակ էր: Դրանից հետո Անգլիայում բոլորը ճանաչեցին Դանիել Դեֆոյին: Թագավորը հավանեց այդ պոեմը և հեղինակին վերցրեց իր հովանավորության տակ: [img]/ups/images/0098667001468157912170604.jpg[/img] [i]Անգլիայի թագավոր Վիլհելմ 3-րդ Օրանացին և նրան հաջորդած թագուհի Աննա Ստյուարտը[/i] 1702թ. մահանում է Վիլհելմ 3-րդ Օրանացին: Դեֆոն զրկվում է հովանավորից: Թագն անցնում է Աննային՝ Վիլհելմ Ջեյմս Ստյուարտի դստերը: Գազազած ազնվականներն ու լորդերը առիթ էին փնտրում վրեժ լուծելու Դեֆոյից: Դեկտեմբերին կեղծանունով հրատարակվում է Դեֆոյի «Այլախոհների հետ հաշվեհարդարի ամենակարճ ուղին» պամֆլետը (The Shortest-Way with the Dissenters): Պամֆլետը ծավալով փոքր էր, ընդամենը 12 էջ, սակայն այնքան համոզիչ էր գրված, որ այլախոհները, բողոքականները, այլադավանները վախից սկսում են մտածել արտագաղթելու մասին, իսկ ազնվականները կարծում են, թե իսկապես պետք է վերացնել այլախոհներին և այլադավան բողոքականներին, որոնք ընդդիմադիր կեցվածք ունեին: Մի քանի շաբաթ անց միայն պարզում են, որ երգիծանքի հեղինակը հայտնի այլախոհ, լրագրող Դանիել Դեֆոն է: Նրան ձերբակալում են և ներկայացնում հարկերից խուսափելու մեղադրանք: Միջնադարում կար պատժի այդպիսի տեսակ՝ անարգանքի սյուն: Քաղաքի հրապարակում կանգնեցված էր անարգանքի սյունը, որին կապում էին օրինազանցին, իսկ անցորդները նրա կողքով անցնելիս ամոթանք էին տալիս: Այդպիսով օրինազանցը հասարակական պարսավանքի ու ստորացման էր ենթարկվում, խայտառակվում: 1703թ. Դանիել Դեֆոն 43 տարեկան էր: Դատարանի վճռով նա անարգանքի սյանը գամված պիտի մնար 3 օր՝ 1703թ. հուլիսի 29-31-ը, ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին: Հուլիսի 29-ին Դեֆոյին կապում են անարգանքի սյանը: Ազնվականներն ու նրանց կողմից ուղարկված մարդիկ գալիս ու ամոթանք են տալիս Դեֆոյին: Երեկոյան Դանիել Դեֆոյին տանում են բանտ, որ հաջորդ առավորտյան կրկին բերեն հրապարակ և գամեն սյանը: Բանտում Դանիել Դեֆոն գրում է «Ձոն անարգանքի սյանը» պոեմը (A Hymn to the Pillory), որտեղ քննադատում է վերնախավի բարքերը և արդարադատության համակարգը: Դեֆոն կարողանում է բանտից դուրս ուղարկել այդ պոեմը, որը լույս է տեսնում հուլիսի 31-ին առավոտյան: [img]/ups/images/0694405001468157931545606.jpg[/img] [i]Դանիել Դեֆոն գամված անարգանքի սյանը[/i] Կիրակի առավոտյան մարդիկ, կարդալով Դանիել Դեֆոյի գրած «Ձոն անարգանքի սյանը» պոեմը, շտապում են հրապարակ: Ի զարմանս իշխանությունների, ամբոխը ոչ թե ամոթանք է տալիս Դեֆոյին, այլ ծափահարում, ոչ թե թքում է նրա վրա, այլ ծաղիկներ նվիրում, ոչ թե ծաղրում, այլ սատարող խոսքեր ասում և բարձրաձայն ընթերցում նրա պամֆլետները: Դանիել Դեֆոն վերջին դատապարտյալն է, որին գամել են անարգանքի սյանը: Նրա գրած պոեմի ազդեցության տակ անարգանքի սյունը, որպես պատժի տեսակ, վերացվում է ընդմիշտ: Մի քանի ամիս անց Դեֆոյին բանտից ազատում է բարձաստիճան քաղաքական գործիչ, Բրիտանիայի խորհրդարանի նախկին խոսնակ, արտգործնախարար, լորդ Ռոբերտ Հարլին: Դեռևս նախքան ձերբակալությունը Դեֆոն Հարլիին նամակ էր գրել, որտեղ առաջարկել էր ստեղծել հատուկ գաղտնի ծառայություն, որը գործող հետախուզական և հակահետախուզական ծառայությանը զուգահեռ կզբաղվեր տնտեսական և քաղաքական հետախուզությամբ և մանիպուլյացաներով երկրում և երկրից դուրս: Ռոբերտ Հարլիի միջորդությամբ և երաշխավորությամբ Դեֆոն ազատվում է բանտից: Եվ նրան հանձնարարվում է իրականացնել իր մտահղացումը: [img]/ups/images/0754944001468262480463103.jpg[/img] [i]Ռոբերտ Հարլի[/i] Դեֆոն ստեղծում է հետախուզական և հակահետախուզական նոր ցանցեր, որոնց գործակալներին հանձնարարում է տեղեկություններ հավաքել տնտեսական, քաղաքական, մշակութային գործիչների, հոգևորականների, ինչպես նաև՝ հասարակական տրամադրությունների մասին: Դեֆոյի կարգադրությամբ կազմվում են Անգլիայի բոլոր բարձրաստիճան գործիչների, հանրային բարձր դիրք ունեցողների անձնական գործերը (դոսյեներ), որտեղ ներառվում են տվյալներ նրանց անձնական կյանքի, բնավորության, խոցելի կողմերի, գործած մեղքերի, թուլությունների մասին: Այդ տեղեկությունները հնարավորություն էին տալիս քաղաքական կանխատեսումներ անել ինչպես ներքին, այնպես էլ միջազգային գործընթացների վերաբերյալ: Այդ տվյալների հիման վրա Դեֆոն մշակում և ներդնում է երկրի ներսում անհրաժեշտ կայունություն ապահովելու, ինչպես նաև՝ օտար երկրներում անգլիամետ տրամադրություններ ստեղծելու մանիպուլյացիոն տեխնոլոգիաներ: Այն ժամանակահատվածում, երբ Դեֆոն փաստացի ղեկավարում էր իր ստեղծած հետախուզական և հակահետախուզական կառույցը (1703-1719թթ), Անգլիայում ոչ ոք քաղաքական հետապնդման չի ենթարկվում ու չի հալածվում, որովհետև ամեն տեսակ ընդվզումները կանխվում էին նախքան հասունանալը: Բացի այդ Դեֆոն հրատարակում է «Հայնապատկեր» թերթը, որտեղ հանրամատչելի լեզվով և համոզիչ փաստարկներով կարողանում էր հասարակությանը համոզել, որ իշխանությունների կայացրած որոշումները հիմնավորված են և հասարակության բարօրության համար են: Ժողովուրդը սիրում ու վստահում էր Դեֆոյին, քանի որ նա ազնիվ լրագրողի համբավ ուներ, որը նույնիսկ բանտ էր նստել, անարգանքի սյանը գամվել իշխանություններին քննադատելու համար: [img]/ups/images/0184125001468157971337948.jpg[/img] [i]Դանիել Դեֆոյի հուշաքարը[/i] 1719թ. Դանիել Դեֆոն դադարեցնում է հետախուզական և լրագրողական գործունեությունը և զբաղվում բացառապես գրականությամբ: Նա գրում է բազմաթիվ արժեքավոր ստեղծագործություններ, որոնցից ամենահայտնին ու տարածվածը «Ռոբինզոն Կրուզոյի կյանքն ու անհավանական արկածները» վեպն է (1719թ), որը նրան համաշխարհային հռչակ է պարգևում: Վեպի հիմքում իրական պատմություն է. 1699թ. Լոնդոնի թերթերից մեկում լուր է տպագրում, թե նավաբեկության ենթարկված անգլիական նավի մի նավաստի, չորս տարի միայնակ անցկացնելով անմարդաբնակ կղզում, հայրենիք է վերադարձել հոլանդական նավով: Սակայն վարկած կա, որ այդ լուրը կեղծ է. Այն հորինել է Դանիել Դեֆոն: [img]/ups/images/0741610001468157985949407.jpg[/img] [i]«Ռոբինզոն Կրուզոյի արկածները» գրքի տիտղոսաթերթն ու շապիկը[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր