211652_close_icon
views-count28942 դիտում article-date 01:15 16-07-2016

Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ է արվել. պատանդ է վերցվել Թուրքիայի գլխավոր շտաբի ղեկավարը

Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ է արվել: Այդ մասին քիչ առաջ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, հաղորդում է Reuters-ը: Նրա խոսքով՝ զինվորականների մի խումբ փորձել է տապալել երկրի կառավարությունը: Մայրաքաղաք Անկարայում հնչել են կրակոցներ: Ականատեսները պատմել են, որ քաղաքի վրայով թռչել են կործանիչներ ու ուղղաթիռներ: Միևնույն ժամանակ Ստամբուլում փակվել են Բոսֆորի և Սուլթան Մեհմեդ Ֆաթիհ կամուրջները, սակայն դրանից հետո կամուրջների վրայով տանկեր են անցել: Բացի այդ, թուրքական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ ռազմական մի ուղղաթիռից կրակ է բացվել Անկարայում հետախուզական շտաբի շենքի ուղղությամբ: Այս պահին արգելափակվել են Twitter, Facebook սոցցանցերը և YouTube-ը: Յըլդըրըմը հայտարարել է, որ Թուրքիայի ժողովրդավարությանը ոչինչ չի կարող սպառնալ և հեղաշրջման փորձի մասնակիցները շատ թանկ են վճարելու դրա համար: Թուրքական զինվորականներն էլ հայտարարել են, որ զավթել են կառավարության շենքը: Փոխհրաձգություն է տեղի ունեցել նաև Ստամբուլի ոստիկանության գլխավոր շտաբի մոտ: Հետաձգվել են Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանից բոլոր թռիչքները: Ria Novosti-ի փոխանցմամբ՝ պատանդ է վերցվել Թուրքիայի գլխավոր շտաբի ղեկավար Հուլուսի Աքարը:

Նմանատիպ նյութեր