211652_close_icon
views-count5022 դիտում article-date 18:14 03-08-2016

Պարոն Ժիրինովսկուն միշտ էլ բնորոշ է եղել քաղաքական անհեթեթությունը. ՌԴ-ում ՀՀ դեսպան

Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկու հայտարարությունների հետ կապված իր տեսակետներն է հայտնել Ռուսաստանի ԱԳՆ-ին և պարզաբանումներ ստացել: Այս մասին նշվում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան տարածած հաղորդագրությունում: Դրանում, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Օլեգ Եսայանը նշել է. «Պարոն Ժիրինովսկուն միշտ էլ բնորոշ է եղել քաղաքական անհեթեթությունը, որի վառ դրսևորումներն են տարբեր հարցերի առնչությամբ նրա կողմից արված անլուրջ մեկնաբանությունները: Այս առումով լրջորեն վերաբերվել Հայաստանի վերաբերյալ արտահայտություններին և հատկապես փորձել դրանք ներկայացնել դրանք որպես Ռուսաստանի դիրքորոշում` նույնպես անլրջություն է: Պարբերաբար Ժիրինովսկու կողմից երևույթների արտառոց մեկնաբանությունները դարձել են նրա քաղաքական գոյատևման դրսևորումներից, որոնց նպատակն է ուշադրություն հրավիրել սեփական անձի վրա։ Դա հատկապես ակնառու է սեպտեմբերին Ռուսաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ: ՌԴ պետդումայի էկսցենտրիկ պատգամավորի ցինիկ արտահայտությունների մասին մեր տեսակետներն ենք հայտնել ՌԴ ԱԳՆ, որտեղից համապատասխան պարզաբանումներ ենք ստացել»։ Հիշեցնենք, որ նախօրեին ռուսական Life հեռուստաալիքի եթերում, պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչ դիրքորոշում ունի Ժիրինովկսին Հայաստանում կատարվող իրադարձությունների վերաբերյալ, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդն ասել է` «թքած Հայաստանի վրա ևս ….»: Նաև Վլադիմիր Ժիրինովսկին խոսել է Հայաստանի տնտեսության ու Հայաստանից արտագաղթի մասին` ասելով. «Փոքր երկիր է, լեռնային, սեղմված լեռների միջև, Ադրբեջանի և Թուրքիայի միջև, ո´չ մի հեռանկար, ո’չ մի տնտեսություն: Այնտեղ արդեն 1 միլիոն հայ է մնացել, իսկ աշխարհում կա 6 միլիոն հայ: Նրանք բոլորն էլ հեռացել են: Լիբանան, Իրան, Ռուսաստան, Ֆրանսիա, Նահանգներ, ողջ աշխարհում ման են գալիս: Այնտեղ ապրելու տեղ չկա` լեռներ են»: Իսկ դիտարկմանը, թե Հայաստանում Ռուսաստանն ունի ռազմաբազա, Ժիրինովսկին արձագանքել է ասելով. «Աստծու սիրուն, կթքեն մեր վրա, դուրս կբերենք բազան… Մեր ոտքերի տակ կընկնեն բազան վերադարձնելու համար: Այդ բազան նրանց փրկությունն է, հակառակ դեպքում նրանց երկու կողմից կջնջեն թուրքերն ու ադրբեջանցիները: Դրա համար էլ Հայաստանի մասին պետք չէ անհանգստանալ: Նրանք երբեք մեզանից չեն հրաժարվի, քանի որ դա կլինի նրանց վերջը: Ադրբեջանն անմիջապես կգրավի Լեռնային Ղարաբաղը, նրանց թուրքերը կօգնեն: Հայաստանին 300 տարի առաջ Եկատերինա Երկրորդ թագուհին է փրկել»:

Նմանատիպ նյութեր