211652_close_icon
views-count5196 դիտում article-date 21:27 04-08-2016

Ստեփանակերտում մեկնարկել է «Երևան ՏԱՐԱԶֆեստ 2016» երկրորդ փառատոնը

Արցախի մայրաքաղաքի Վերածննդի հրապարակում մեկնարկել է «Երևան ՏԱՐԱԶֆեստ 2016» փառատոնը, որը 2-րդ տարին անընդմեջ կազմակերպվում է Երևանի քաղաքապետարանի կողմից «Երևանյան ամառ» եռամսյա ծրագրի շրջանակներում: Փառատոնի պաշտոնական բացման արարողոթյունը մեկնարկել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ողջույնի խոսքով, որը ներկայացրել է Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը: Ուղերձում մասնավորապես ասված է. ««Երևան ՏԱՐԱԶֆեստ 2016», որը «Երևանյան ամառ» ծրագրի հաջողված փառատոներից մեկն է, Ստեփանակերտում անցկացվելով, ևս մեկ անգամ փաստում է, որ մեզ համար ոչ պակաս կարևոր է նաև մշակութային բաղադրիչով համագործակցության ամրապնդումը: Հաջող ընթացք մաղթելով փառատոնին՝ նաև վստահեցնում եմ, որ Երևանի քաղաքապետարանը հետևողականորեն շարունակելու է երկուստեք կապերի ամրապնդմանն ու զարգացմանն ուղղված բոլոր ծրագրերը»: Փառատոնի մշակութային հատվածը մեկնարկել է Երևանից ժամանած «Միլեն շոու բալետի» խորհրդանշական պարային ելույթ-ողջույնով: Փառատոնի մասնակիցների և հյուրերի հետ միասին «Երևան ՏԱՐԱԶֆեստ 2016» փառատոնի ընթացքին տեղում հետևել է նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Արցախի նախագահը շրջել է տաղավարներում և ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին: Հարկ է նշել, որ Վերածննդի հրապարակում տեղակայված երևանյան և արցախյան տաղավարներում ներկայացվել են ավանդական տարազներ, տարազային տարրեր պարունակող ժամանակակից հագուստ և այլ պարագաներ: Փառատոնն ուղեկցվել է Երևանի և Արցախի ազգային համույթների ելույթներով: Առանձնակի կարևորելով «Երևան ՏԱՐԱԶֆեստ 2016» փառատոնը Արցախի մայրաքաղաքում անցկացնելու որոշումը, որը ձեռք է բերվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ԼՂՀ կատարած պաշտոնական վերջին այցի շրջանակներում՝ Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը նշել է, որ այդ տեսանկյունից փառատոնը գործընկեր երկու քաղաքների մշակութային և զբոսաշրջային ծրագրերի խթանմանն ուղղված առաջին խոշոր քայլն է: Փառատոնին մասնակցելու համար Երևանից ժամանել է շուրջ 130 մասնակից, որոնց թվում են ազգային և պարային համույթներ, լրագրողներ, Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության աշխատակիցներ, ժողվարպետներ, դիզայներներ, ազգագրագետներ: Ցուցահանդես-տոնավաճառին ուշ երեկոյան կհաջորդի դիզայներներ Լիլիթ Մելիքյանի, Արամ Նիկոլյանի ու Վահան Խաչատրյանի տարազային և մանրանկարչության բաղադրիչ պարունակող հագուստների հավաքածուների անհատական ցուցադրությունները, որոնք կուղեկցվեն «Միքայել Ոսկանյան և ընկերներ» նվագախմբի նվագակցությամբ:

Նմանատիպ նյութեր