2590 դիտում
18:00 29-07-2016
Օգոստոսի 4-ին Ստեփանակերտը կհյուրընկալի «Երևան ՏԱՐԱԶֆեստ» երկրորդ փառատոնը
«Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում արդեն 2-րդ տարին անընդմեջ անցկացվող «Երևան ՏԱՐԱԶֆեստ» փառատոնն այս անգամ իր մասնակիցներին կհյուրընկալի Արցախի մայրաքաղաքում:
Փառատոնի ծրագրի մանրամասները լրագրողների հետ հանդիպման շրջանակներում ներկայացրել են Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը, «Տերյան մշակութային կենտրոնի» տնօրեն, դիզայներ Լիլիթ Մելիքյանը, Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը, Ստեփանակերտի քաղաքապետի առաջին տեղակալ Սուրեն Թամրազյանը, Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Կարինե Հարությունյանը, դիզայներներ Արամ Նիկոլյանը, Վահան Խաչատրյանը և Երևանի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը:
Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանի փոխանցմամբ, հաշվի առնելով Երևան-Ստեփանակերտ քաղաքների ակտիվ համագործակցությունը, այս տարի փառատոնը, որը պետք է անցկացվեր օգոստոսի 5-ին Երևանում, կկայանա ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում՝ օգոստոսի 4-ին՝ ժամը 17:00-22:00:
«Քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ ԼՂՀ կատարած վերջին պաշտոնական այցի ժամանակ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն «Երևանյան ամառ 2016» եռամսյա ծրագրի մի շարք միջոցառումներ նախատեսվում է անցկացնել Արցախի մայրաքաղաքում: Հարկ է նշել, որ այս հարցում իր կարևոր մասնակցությունն ունի նաև Ստեփանակերտի քաղաքապետարանը, որն իր լիազորությունների շրջանակում կաջակցի միջոցառումների պատշաճ կազմակերպմանն ու անցկացմանը: Ինչ վերաբերում է «Երևան ՏԱՐԱԶֆեստ» փառատոնին, ապա նշեմ, որ մասնավորապես նախորդ տարի շուրջ 2000 այցելուներ հենց այս փառատոնին ներկա գտնվելու նպատակով հյուրընկալվեցին Երևանում: Ակնկալում ենք, որ Ստեփանակերտում ևս մասնակիցների ու հյուրերի պակաս չի լինի: Օգտվելով առիթից՝ բոլոր ցանկացողներին սիրով հրավիրում ենք դառնալ «Երևան ՏԱՐԱԶֆեստ» երկրորդ փառատոնի մասնակիցն ու վայելել հայկական մշակույթի հարուստ ժառանգության յուրօրինակ ներկայացումը՝ տարազի միջոցով», - նշել է Մարիա Բարաղամյանը:
Առանձնակի կարևորելով ու ողջունելով «Երևան ՏԱՐԱԶֆեստ 2016» փառատոնն Արցախի մայրաքաղաքում անցկացնելու որոշումը՝ Ստեփանակերտի քաղաքապետի առաջին տեղակալ Սուրեն Թամրազյանն էլ իր հերթին ընդգծել է, որ թե՛ Ստեփանակերտի քաղաքապետարանը և թե՛ ԼՂՀ էկոնոմիկայի, ինչպես նաև մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունները ըստ ամենայնի աջակցելու են այն պատշաճ անցկացնելու հարցում:
«Վերջին 4 տարվա ընթացքում Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ մենք մի շարք միջոցառումներ ենք իրականացրել: Այս մեկն իր տեսակի մեջ յուրովի է, և համոզված ենք, որ այն նոր շունչ կհաղորդվի ինչպես մեր մշակութային համագործակցությանը, այնպես էլ զբոսաշրջության խթանմանը», - նշել է Սուրեն Թամրազյանը:
Ներկայացնելով փառատոնի մանրամասները՝ բանախոսները նշել են, որ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղակայված 16 տաղավարներում, փառատոնի խորհրդին համահունչ, կներկայացվեն Երևանի պատմության թանգարանի, Մեգերյան կարպետ-թանգարանի ցուցանմուշները, «Մարաշլեան» ֆոտո-ատելիեի, Անահիտ Սիմոնյան նորաձևության տան, ինչպես նաև մի շարք անհատ ստեղծագործողների աշխատանքները: Առանձին տաղավարներով հանդես կգան Արցախի գորգի գործարանը, արցախյան մի շարք վարպետներ, թանգարաններ, Արցախը ներկայացնող կազմակերպություններ:
Շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետարանին՝ փառատոնի կազմակերպմանն աջակցելու համար, «Տերյան մշակութային կենտրոնի» տնօրեն, դիզայներ Լիլիթ Մելիքյանը համոզմունք է հայտնել, որ Ստեփանակերտում նույնպես «Երևան ՏԱՐԱԶֆեստը» մեծ հետաքրքրություն կառաջացնի:
«Հատկանշական է, որ այս տարի փառատոնը կկայանա մշակութային հարուստ ժառանգություն ունեցող Արցախում: Վերջին տարիներին բավականին մեծացել է ուշադրությունը հայկակակ տարազի նկատմամբ ինչպես մեր համաքաղաքացիների, այնպես էլ զբոսաշրջիկների շրջանում, ովքեր, ծանոթանալով տարազի նմուշներին, ցանկություն են հայտնում անգամ առօրյա հագուստի մեջ օգտագործել որոշ տարրեր», - նշել է Լիլիթ Մելիքյանը:
«Տերյան մշակութային կենտրոնի» հետ համատեղ իրականացվող ազգագրական բնույթի ծավալուն այս միջոցառումը բաղկացած է լինելու երկու մասից՝ ցուցահանդես-տոնավաճառ, որին կմասնակցեն ինչպես Երևանի, այնպես էլ Արցախի ժողվարպետներ, տիկնիկագործներ, թանգարաններ, գորգի գործարաններ և մի շարք այլ կազմակերպություններ:
Բանախոսները նաև հավելել են, որ օգոստոսի 4-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայանալիք փառատոնի ավարտին տեղի կունենան դիզայներներ Լիլիթ Մելիքյանի, Արամ Նիկոլյանի ու Վահան Խաչատրյանի տարազային և մանրանկարչության բաղադրիչ պարունակող հագուստների հավաքածուների անհատական ցուցադրությունները:
«Ուրախալի է այն փաստը, որ այսօր հայկական տարազը մեծ հետաքրքրություն է առաջացնում ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում: Փառատոնը հիանալի հնարավորություն է հատկապես զբոսաշրջիկներին տարազի միջոցով հաղորդակից դարձնելու հայկական մշակույթին», - նկատել է դիզայներ Արամ Նիկոլյանը:
Հարկ է նաև նշել, որ ծրագրի ողջ ընթացքում ելույթ կունենան Երևանի և Արցախի ազգային համույթները, իսկ երեկոյան դեֆիլե-ցուցադրությունը կուղեկցվի Միքայել Ոսկանյան և ընկերներ նվագախմբի կենդանի երաժշտության նվագակցությամբ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նմանատիպ նյութեր
5196 դիտում
21:27 04-08-2016
Ստեփանակերտում մեկնարկել է «Երևան ՏԱՐԱԶֆեստ 2016» երկրորդ փառատոնը
2661 դիտում
10:51 06-08-2015
Կայացել է «Երևան ՏԱՐԱԶֆեստ» առաջին փառատոնը
11839 դիտում
20:22 03-08-2017
«Երևան ՏԱՐԱԶֆեստ» 3-րդ փառատոնը կանցկացվի Հյուսիսային պողոտայում
Այս բաժնից
703 դիտում
14:51 23-12-2024
Դատախազությունն ընթացք է տվել Տարոն Չախոյանի գործողությունների վերաբերյալ Թագուհի Թովմասյանի հաղորդմանը
682 դիտում
13:56 23-12-2024
Այդ քայլերը լինելու են ռադիկալ. Ավինյանը՝ Երևանում օդի որակի բարելավման մասին