211652_close_icon
views-count6381 դիտում article-date 23:56 26-08-2016

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանրային կապերի պատասխանատուն հայտարարությամբ է հանդես եկել Անդրիաս Ղուկասյանի կնոջ դիմումի կապակցությամբ

Այսօր՝ աշխատանքային օրվա ավարտին Անդրիաս Ղուկասյանի կինը՝ Անահիտ Թարխանյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ է ներկայացրել դիմում Ա. Ղուկասյանի հացադուլի և նրա առողջական վիճակի վերաբերյալ: Դիմում ներկայացնելուց անմիջապես հետո Ա. Թարխանյանին ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նշվածից բացի, այսօր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության ներկայացուցիչները Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ կատարած հերթական այցի շրջանակներում տեսակցել են Ա. Ղուկասյանին: Նրա հետ տեղի է ունեցել առանձնազրույց, ինչպես նաև ուսումնասիրվել են նրա վերաբերյալ փաստաթղթերը: Ա. Թարխանյանի դիմումում բարձրացված հարցերի լուծման նպատակով անմիջապես տեղի է ունեցել քննարկում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հետ: Արդյունքում, ձեռք է բերվել պայմանավորվածություն հետևյալի մասին՝ 1. ապահովել Ա. Թարխանյանի կամ Ա. Ղուկասյանի նախընտրած բժշկի անարգել մուտքը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակը հետազոտելու նպատակով. 2. Ա. Թարխանյանի դիմումում, ինչպես նաև Ա. Ղուկասյանի կողմից իր հետ առանձնազրույցի ընթացքում նշված հետազոտություններն առաջնահերթ կարգով իրականացնել քրեակատարողական վարչության կողմից՝ առաջիկա ոչ աշխատանքային օրերի ընթացքում. 3. սկսել ընթացակարգ՝ ապահովելու համար Անդրիաս Ղուկասյանի հետազոտումը քաղաքացիական հիվանդանոցում: Ա.Թարխանյանի դիմումի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է նաև քննարկման գրավոր ընթացակարգ: [b]Հարգանքով, Ռոնա Ահարոնյան, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանրային կապերի պատասխանատու[/b]

Նմանատիպ նյութեր