211652_close_icon
views-count5363 դիտում article-date 23:41 31-08-2016

«Երևանյան ամառ 2016»-ն ամփոփվել է. «Ցտեսութուն ամառ»

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ արդեն 4-րդ տարին անընդմեջ անցկացվող «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագրի այս տարվա միջոցառումներն ամփոփվել են Կարապի լճի հարակից տարածքում կազմակերպված համերգային ծրագրով: «Ցտեսություն, ամառ» միջոցառումը հագեցած էր «Երևանյան ամառ 2016»-ի մասնակից արտիստների երաժշտական և պարային կատարումներով, նորաձևության ցուցադրություններով: Երաժշտական համարները՝ Հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ էին՝ գեղարվեստական ղեկավար, Երևանի պատվավոր քաղաքացի Երվանդ Երզնկյանի դիրիժորությամբ: Միջոցառմանը ներկա Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ամփոփելով «Երևանյան ամառ 2016» ավանդական դարձած ծրագիրն, ընդգծել է, որ մայրաքաղաքն ամռան ամիսների ընթացքում ապրել է մարզական և մշակութային աշխույժ, փառատոնային ու հետաքրքիր առօրյայով: «Ավարտվեց ևս մեկ ամառ և, գնահատելով «Երևանյան ամառ» եռամսյա ծրագիրը, կարող ենք արձանագրել, որ այն, հիրավի, ծառայեց նպատակին՝ ավելի հետաքրքիր ու բովանդակալից դարձնելով մայրաքաղաքում իրենց ամառային հանգիստ անցկացնող մեր համաքաղաքացիների և զբոսաշրջիկների օրերը: Ուրախությամբ պետք է շեշտեմ, որ ամռան ողջ ընթացքում ամենատարբեր ժանրի միջոցառումներ անցկացվեցին վարչական բոլոր շրջանների կենտրոնական այգիներում, հրապարակներում և մշակութային միջոցառումների հարթակ դարձած մի շարք այլ հատվածներում: Եռամսյա ծրագրով անցկացված միջոցառումների և դրանց հաջողության համար, իհարկե, պետք է շնորհակալություն հայտնենք բոլոր մասնակիցներին և հատկապես մեր համաքաղաքացիներին, ովքեր նոր շունչ ու նոր լիցքեր են փոխանցել: Շարունակելով ձևավորված ավանդույթները՝ մենք «Երևանյան ամառ» ծրագրի նոր գաղափարներով կհանդիպենք արդեն հաջորդ տարի», - եզրափակել է Արամ Սուքիասյանը: Երևանի քաղաքապետի տեղակալը «Երևանյան ամառ 2016» ծրագրին ակտիվ մասնակցության համար շնորհակալագրեր է հանձնել մասնակից կազմակերպությունների ներկայացուցիչներին և անհատներին:

Նմանատիպ նյութեր