211652_close_icon
views-count12565 դիտում article-date 17:16 10-09-2016

Սեյրան Օհանյանը Արթուր Ալեքսանյանին, Միհրան Հարությունյանին, Սիմոն Մարտիրոսյանին և Գոռ Մինասյանին պարգևատրել է «Գարեգին Նժդեհ» գերատեսչական մեդալներով

Սեպտեմբերի 10-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում հյուրընկալվել են 2016թ. օլիմպիական խաղերում հաղթանակներ կերտած և մրցանակային տեղեր զբաղեցրած Հայաստանի օլիմպիական հավաքականի մարզիկներն ու նրանց մարզիչները: Հանդիսավոր ընդունելության ընթացքում հայ մարզիկներին ու մարզիչներին հայտնելով իր երախտագիտությունը և մաղթելով նրանց նորանոր ձեռքբերումներ, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նկատել է, որ հայ ժողովուրդն այսօր ոչ միայն առօրյայում կամ առաջնագծում, այլև միջազգային մրցաշարերում բազմիցս ապացուցում է իր բարոյակամային հատկանիշների, վճռականության և ուժի մասին: Խոսելով զինծառայողների ընդհանուր պատրաստության գործընթացի շուրջ և անչափ կարևորելով սպորտի ու ֆիզպատրաստության դերը՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հավաստիացրել է, որ զինված ուժերի ղեկավարության մշտական ուշադրության կենտրոնում է զինծառայողների ֆիզիկական պատրաստվածության գործընթացը ՝ առաջնորդվելով «Առողջ մարմնում առողջ ոգի» կարգախոսով: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, օլիմպիականներն ընդգծել են, որ իրենք ևս հայրենիքի զինվորներ են և մշտապես պատրաստ են զորավիգ լինել երկրի պաշտպանությանը: Հանդիպման ավարտին 31-րդ օլիմպական խաղերում հաղթած և մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներին՝ հունահռոմեական ոճի ըմբիշներ, ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանին, արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանին, ծանրամարտիկներ՝ արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանին և արծաթե մեդալակիր, զինծառայող Գոռ Մինասյանին Սեյրան Օհանյանը պարգևատրել է «Գարեգին Նժդեհ» գերատեսչական մեդալներով:

Նմանատիպ նյութեր