24580 դիտում
12:15 12-09-2016
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. 25-ամյա վարորդը «07»-ով բախվել է երկաթբետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Կոտայքի մարզի Արգել գյուղի բնակիչ, 25-ամյա Գևորգ Ավետիսյանը իր վարած Վազ 2107 մակնիշի 34 ՏC 421 համարանիշի ավտոմեքենայով Եղվարդ-Զովունի ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում դեպի Զովունի ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտամիջյան հատվածում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի օրվա պատասխանատու Արտավազդ Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննիչ Ռազմիկ Արսենյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Եղվարդի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Հրշեջները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազաբալոնը։
Վթարի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի պատճառը եղել է այն, որ վարորդի ինքնազգացողությունը վատացել է։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+