211652_close_icon
views-count1907 դիտում article-date 14:36 14-09-2016

Նյու Յորքում ընթանում է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 71-րդ նստաշրջանը

Նյու Յորքում ընթանում է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 71-րդ նստաշրջանը՝ համաշխարհային կազմակերպության գլխավոր խորհրդակցական մարմինը, որն ամեն տարի հավաքում է բոլոր 193 պետությունների առաջնորդներին։ Նստաշրջանը, բացվել է երեկ, տեղի ժամանակով 15:00-ին, ավանդական լռության րոպեով՝ աղոթքի ու մտորման համար։ 71-րդ նստաշրջանի նախագահ է ընտրվել Ֆիջիից դիվանագետ Փիթեր Թոմսոնը: Նստաշրջանի առաջին օրերին կլուծվեն հիմնականում ընթացակարգային հարցեր, այդ թվում՝ կապված Վեհաժողովի վեց հիմնական հանձնաժողովների օրակարգի հետ: Ասամբլեայի դիտարկմանն է ներկայացվել 170 հարց։ Օրակարգում ներառված են Աֆրիկայի երկրների զարգացման խնդիրները, մարդասիրական օգնության ցուցաբերման գործում ջանքերի համակարգումը, արդարադատության աջակցումն ու միջազգային իրավունքի զարգացումը։ Միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը նպաստելու հարցերի շարքում կքննարկվի դրությունը Մերձավոր Արևելքում, Պաղեստինի հարցը, դրությունը Աֆղանստանում, կիպրական հարցը, իրավիճակը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում և այլն։ Նաև աշխատանք կտարվի թմրանյութերի վերահսկման, միջազգային ահաբեկչության դեմ պայքարի, խաղաղարար գործողությունների ֆինանսավորման հարցերով, քննարկումներ կծավալվեն նաև զինաթափման հարցով։ Ավանդաբար կդիտարկվեն մարդու իրավունքների, ռասիզմի, ռասայական խտրականության, քսենոֆոբիայի և անհանդուրժողականության վերացման հարցերը։ Ամենամյա ընդհանուր բանավեճերը կմեկնարկեն սեպտեմբերի 20-ին և կտևեն մինչև սեպտեմբերի 26-ը: Սեպտեմբերի 20-ին կմեկնարկեն ընդհանուր բանավեճերը: Ավանդույթի համաձայն՝ այդ օրն առաջինը Վեհաժողովի ամբիոն կբարձրանան Բրազիլիայի և ԱՄՆ-ի առաջնորդները: Իսկ մինչ այդ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կազմակերպության անդամ պետություններին կներկայացնի ՄԱԿ-ի աշխատանքի մասին իր ամենամյա զեկույցը: Ելույթ ունեցողների նախնական ցուցակի համաձայն՝ օրվա առաջին կեսին նախագահ Օբամայից հետո ելույթ կունենան Չադի եւ Ֆրանսիայի նախագահները, ինչպես նաև Գայանայի, Քաթարի, Արգենտինայի, Սլովակիայի, Մալավիի, Հորդանանի, Շվեյցարիայի և Պերուի ղեկավարները: Նույն օրը ծրագրվում է նաև Մեծ Բրիտանիայի վարչապետի ելույթը:

Նմանատիպ նյութեր