211652_close_icon
views-count4090 դիտում article-date 23:10 15-09-2016

«Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում տեղի ունեցավ վոկալ երաժշտության երեկո՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին

Սեպտեմբերի 15-ին ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ վոկալ երաժշտության երեկո, որը նվիրված էր ՀՀ անկախության 25-ամյակին: Համերգային երեկոյին ներկա էին պաշտոնատար անձինք, Սփյուռքից ժամանած հյուրեր, մտավորականներ: Պոլսահայ երգիչ Արթուր Բաղդասարյանը և երգեհոնահար Էդվին սրկավագ Գալիփյանը կատարեցին հայ մեծանուն կոմպոզիտորներ Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Մակար Եկմալյանի, Ալան Հովհաննեսի, Էդգար Մանասի, Գևորգ Արմենյանի, Էդվարդ Հակոբյանի, Արա Պարթևյանի, Ռոբերտ Աթայանի ստեղծագործությունները: Ներկաներին ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը փոխանցեց ՀՀսփյուռքի նախարարի մամուլի քարտուղար Սեյրանուհի Գեղամյանը: Ողջույնի խոսքում մասնավորապես նշված էր. «Սիրելի´ ներկաներ, արդեն գեղեցիկ ավանդույթ է դարձել ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող մշակութային ծրագրերի շրջանակներում Պոլսից ժամանած մեր արվեստագետների ելույթների կազմակերպումը Հայրենիքում: Հայ ժողովրդի պատմության մեջ իր ծանրակշիռ դերակատարմամբ մշտապես կարևորվել է Կ.Պոլիսը` որպես հայ մտքի խոշորագույն կենտրոն, որը տասնամյակներ շարունակ հոգևոր լիցքեր է հաղորդել հայ հասարակական և մշակութային կյանքին: Պոլսահայ համայնքն իր մշակութային ներուժով այսօր էլ շարունակում է մեզ հիացնել: Օրեր առաջ մենք առիթ ունեցանք հիանալու «Մարալ» երգի-պարի միության «Արա և Շամիրամ» ներկայացմամբ: Այսօր էլ մենք հուզվեցինք և հպարտացանք մեր երկու երիտասարդների բարձրարվեստ կատարումներով: Շարունակեք ձեր նվիրական գործունեությունը՝ հանուն հայ մշակույթի պահպանման, զարգացման և տարածման: Թո'ղ ՀՀ անկախության 25-ամյակի շրջանակներում կազմակերպվող այս համերգը ստեղծագործական նոր լիցքեր հաղորդի ձեզ»: Համերգի ավարտին Սեյրանուհի Գեղամյանը երգիչ Արթուր Բաղդասարյանին և երգեհոնահար Էդվին սրկավագ Գալիփյանին հանձնեց «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի մասնակցության հավաստագրեր և հուշամեդալներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր