Քրիստիան Ռեյտերը առաջ քաշեց այն վարկածը, որ Բեթհովենի մահը չկանխամտածված արագացրել է նրա բժիշկը՝ Անդրեաս Վավրուխը
1812 թվականից հետո կոմպոզիտորի ստեղծագործական ակտիվությունը ժամանակավորապես դադարում է։ Սակայն երեք տարի անց սկսում է աշխատել նախկին եռանդով։ Այդ ժամանակ ստեղծվում են դաշնամուրային սոնատներ, երկու սոնատ թավջութակի համար, կվարտետներ, «Հեռավոր սիրեցյալին» վոկալային ցիկլը։ Երկար ժամանակ տրամադրում է նաև ժողովրդական երգերի մշակմանը։ Սակայն Բեթհովենի վերջին տարիների գլխավոր ստեղծագործությունները դարձան երկուսը՝ «Հանդիսավոր պատարագը» և 9-րդ սիմֆոնիան երգչախմբի հետ։
9-րդ սիմֆոնիան կատարվել է 1824 թվականին։ Հանրությունը բուռն օվացիա սարքեց։ Բեթհովենը կանգնած էր մեջքով դեպի հանդիսատեսը և ոչինչ չէր լսում։ Այդ ժամանակ երգիչներից մեկը բռնեց նրա ձեռքը և պտտեց դեպի հանդիսատեսը։ Մարդիկ թափահարելով թաշկինակները, գլխարկները, ձեռքերը՝ ողջունում էին կոմպոզիտորին։ Օվացիան այնքան երկար տևեց, որ ներկա գտնվող ոստիկանական չինովնիկները պահանջեցին դադարեցնել։ Այդպիսի վերաբերմունք դրսևորել թույլատրվում էր միայն կայսեր նկատմամբ։
Նապոլեոնի պարտությունից հետո Ավստրիայում հաստատվել էր ոստիկանական ռեժիմ։ Ցանկացած «ազատ միտք» արգելվում էր։ Գաղտնի գործակալները թափանցել էին հասարակության բոլոր շերտերը։
Սակայն Բեթհովենի հռչակն այնքան մեծ էր, որ կառավարությունը որոշեց ոչինչ չանել։ Չնայած խլությանը՝ կոմպոզիտորը շարունակում էր գտնվել իրադարձությունների կենտրոնում։ Այդ ընթացքում ևս նա ծանոթանում էր նշանավոր կոմպոզիտորների գործերին։
Կրտսեր եղբոր մահվանից հետո կոմպոզիտորն իր վրա վերցրեց նրա որդու խնամքը։ Բեթհովենը նրան տեղավորում է լավագույն պանսիոնում և իր աշակերտ Կարլ Չեռնիին հանձնարարում նրան երաժշտության դասեր տալ։ Կոմպոզիտորը ցանկանում էր, որպեսզի տղան դառնա գիտնական կամ դերասան, սակայն նրան հետաքրքրում էր ոչ թե արվեստը, այլ թղթախաղը և բիլիարդը։ Կուտակած պարտքերի պատճառով նա անհաջող ինքնասպանության փորձ կատարեց։ Բեթհովենի վրա այդ դեպքը խիստ բացասաբար անդրադարձավ, առողջական վիճակը կտրուկ վատացավ. զարգանում էր լյարդի ծանր հիվանդություն։
Բեթհովենը մահացավ 1827 թվականի մարտի 26-ին: Թաղման արարողությանը ներկա էր ավելի քան քսան հազար մարդ։ Հնչում էր Բեթհովենի սիրելի հոգեհանգստի պատարագը՝ Լուիջի Կերուբինիի Ռեքվիեմը։ Շիրիմին հնչում էին բանաստեղծ Ֆրանց Գրիլպարցերի գրած խոսքերը։
Նա նկարիչ էր, միաժամանակ մարդ էր, մարդ՝ բառի բարձրագույն իմաստով... Նրա մասին կարելի է խոսել, ինչպես ոչ մի այլ մարդու մասին. նա իրականացրեց փառահեղ գործ, նրա մեջ ոչ մի վատ բան չկար:
2007 թվականի օգոստոսի 29-ին վիեննացի ախտաբան և դատաբժշկական փորձագետ Քրիստիան Ռեյտերը (Վիեննայի բժշկական համալսարանի դատական բժշկության ամբիոնի դոցենտ) առաջ քաշեց այն վարկածը, որ Բեթհովենի մահը չկանխամտածված արագացրել է նրա բժիշկը՝ Անդրեաս Վավրուխը, ով պարբերաբար ծակում էր հիվանդի որովայնաթաղանթը (հեղուկ հանելու համար), ինչից հետո վերքի վրա դնում էր արճիճ պարունակող թրջոցներ։ Ռեյտերի կատարած հետազոտությունները ցույց են տվել, որ ամեն անգամ բժշկի այցելությունից հետո Բեթհովենի օրգանիզմում արճիճի պարունակությունը կտրուկ մեծանում էր։