211652_close_icon
views-count2627 դիտում article-date 16:15 22-09-2016

Էներգետիկ համակարգը մեր երկրի ամենակայացած համակարգերից է. ՀՀ վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների, ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ ֆինանսների, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունների աշխատակազմերին է ներկայացրել նորանշանակ նախարարներին, տեղեկացնում է ՀՀ կառավարության կայքը։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Լևոն Յոլյանին կատարած աշխատանքի համար և նշել, որ նա իր մասնագիտական կարողություններով ու փորձով կշարունակի օգտակար լինել: Ներկայացնելով նորանշանակ նախարար Աշոտ Մանուկյանին՝ Կարեն Կարապետյանն ասել է, որ նա հմուտ կառավարիչ է և լավատեղյակ է ոլորտին: Ընդգծելով, որ էներգետիկ համակարգը մեր երկրի ամենակայացած համակարգերից է և անդրադառնալով նախարարության առջև դրված խնդիրներին՝ վարչապետը նշել է, որ ակնկալում է նոր հայեցակարգ, որը տարածաշրջանային ակտիվ համագործակցություն կապահովի էներգետիկ շուկայում: «Մենք ապրում ենք բավական բարդ աշխարհաքաղաքական միջավայրում, բայց միևնույն ժամանակ ռեգիոնալ համագործակցության ֆանտաստիկ հնարավորություններ ունենք, ունենք հզորությունների ավելցուկ, որը պետք է օգտագործենք: Ակնկալում եմ նաև, որ ակտիվ մասնակցեք նոր սակագների մեթոդաբանության ձևավորմանը: Գուցե մենք տնտեսագիտորեն որոշակի քայլերի գնանք, որոնք շատ մարդիկ չհասկանան, չընդունեն, բայց մենք սոցիալապես անապահով խավի կողքին կանգնելու խնդիր ունենք, մեր սակագնային քաղաքականությամբ որոշակի բիզնես ուղղությունների ոգևորելու և աջակցելու խնդիր ունենք, որոնք կարող են զարգանալ, տալ հավելյալ արժեք և միևնույն ժամանակ ընդլայնել մեր շուկաները»: Կառավարության ղեկավարն առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել նաև ԲԷՑ-ի կառավարման համակարգի վրա՝ շեշտադրելով, որ այնտեղ անհրաժեշտ են որակապես նոր փոփոխություններ՝ ուղղված աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:

Նմանատիպ նյութեր