211652_close_icon
views-count2076 դիտում article-date 21:36 22-09-2016

Տոկիոյում անցկացվել է Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված միջոցառում

Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Անկախության 25-ամյակի կապակցությամբ Տոկիոյի «Օկուրա» հյուրանոցի սրահում Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է պաշտոնական ընդունելություն: Միջոցառման հյուրերին ողջունեց Ճապոնիայում ՀՀ դեսպան Հրանտ Պողոսյանը, ով իր խոսքում, մասնավորապես, անդրադարձավ անկախ Հայաստանի ձեռքբերումներին և երկրի հետագա զարգացման ծրագրերին: Հայաստանի Հանրապետության համար խորհրդանշական այս հոբելյանի համատեքստում դեսպան Պողոսյանը գոհունակություն հայտնեց հայ-ճապոնական սերտացող փոխգործակցության կապակցությամբ, որի խորհրդանիշերից մեկը դարձավ սեպտեմբերի 16-ին Տոկիոյի կենտրոնական պուրակներից մեկում տեղադրված «Բարեկամության խաչքարը»: Դեսպանը համոզմունք հայտնեց, որ վերջերս իրականացված նախաձեռնությունները և ակտիվ փոխայցելությունները նոր խթան կհանդիսանան հայ-ճապոնական համագործակցությունն առավել խորացնելու համար: Հայաստանի Հանրապետության ղեկավարությանը, հայ ժողովրդին և հյուրերին իրենց շնորհավորական ուղերձները հղեցին նաև Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի գլխավոր քարտուղար Շունիչի Սուզուկին և «Ճապոնիա-Հայաստան գործարար և մշակութային նախաձեռնության» նախագահ Յասումինե Սատակեն: Ընդունելությանը ներկա էին Ճապոնիայի Ազգային ժողովի, կառավարության, պետական այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ, Ճապոնիայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, դիվանագետներ, «Ճապոնիա-Հայաստան գործարար և մշակութային նախաձեռնության», Ճապոնիա-Հայաստան ընկերակցության, Ճապոնիա-հայկական բարեկամության միության անդամներ, գործարարներ, արվեստագետներ, լրագրողներ և հայ համայնքի ներկայացուցիչներ:

Նմանատիպ նյութեր