211652_close_icon
views-count6402 դիտում article-date 18:04 27-09-2016

5 մլրդ դրամով ավելի գումարի վերադարձ հարկ վճարողներին. ՊԵԿ-ն աջակցում է մթերողներին և արտահանողներին

Մթերման թեժ փուլին ընդառաջ ՊԵԿ-ն արագացրել է գերավճարների վերադարձման գործընթացը: Կոմիտեի նախագահի հանձնարարությամբ ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչությունն ամփոփել է սեպտեմբերի դրությամբ մթերող կազմակերպությունների գերավճարների հաշվանցման և (կամ) վերադարձման նպատակով կատարված ուսումնասիրությունների արդյունքները և կարճ ժամանակում սկսել վերադարձման գործընթացը: «Չնայած օրենքով ավելի երկար ժամկետ է սահմանված, սակայն հաշվի առնելով հանձնված բերքի դիմաց վճարումներ չստանալու հարցում գյուղացիների դժգոհությունները, փորձում ենք աջակցել մթերողներին: Արդեն սեպտեմբերի դրությամբ 18 մթերողի մոտ 500 մլն դրամ է վերադարձվել»,-նշում է ՊԵԿ ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության պետ Արտակ Անդրեասյանը: Նման ձեռնարկությունները, մանավանդ սահմանամերձ գոտում գործող, ունենալով շրջանառու միջոցներ, կարողանում են դրանք ուղղել արտադրական միջոցների ձեռքբերմանը, արտադրության ընդլայնմանը և արտահանման աճին: Երասխում գործող գինու գործարանի գլխավոր հաշվապահ Գրիշա Կոստանյանն արդեն զգացել է կոմիտեի աջակցության արդյունքը. «Ստանալով մոտ 20 մլն դրամ ԱԱՀ-ի գերավճարի վերադարձ՝ կարողացել ենք գրեթե ողջ մասն ուղղել խաղողի մթերման փուլում առաջացող պարտքերի վճարմանը»: Ընդ որում, վերադարձված գումարով գյուղացիների պարտքի մարման գործընթացին աջակցելու նպատակով կոմիտեն գյուղատնտեսության նախարարությանն է տրամադրում ԱԱՀ-ի գումարի վերադարձ ստացած մթերողների ցանկը: Ընդհանուր առմամբ, գերավճարների հաշվանցման և (կամ) վերադարձման նպատակով կատարված ուսումնասիրությունների արդյունքներով պետական եկամուտների կոմիտեն մոտ 5 մլրդ դրամով ավելի գումար է վերադարձրել հարկ վճարողներին, քան 2015թ. նույն ժամանակահատվածում: Ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից առաջացած գերավճարների հաշվանցման և (կամ) վերադարձման դիմումների հիման վրա 2016 թվականի հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 26-ը ՊԵԿ ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչությունն իրականացրել է 258 ուսումնասիրություն: Արդյունքում 98 հարկ վճարողների վերադարձվել է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից առաջացած ավելի քան 33 մլրդ դրամ գումար, իսկ ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշիվներով (Tax free) օտարերկրյա քաղաքացիներին է վերադարձվել է մոտ 255 մլն դրամ: Մինչդեռ 2015 թվականի նույն ժամանակահատվածում իրականացվել է 203 ուսումնասիրություն, և 98 հարկ վճարողների վերադարձվել է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից առաջացած ավելի քան 28 մլրդ դրամ, իսկ ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշիվներով՝ 205 մլն դրամ: Ընդ որում, 2016թ. ընդունվել է հարկ վճարողների կողմից ներկայացված ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից առաջացած գերավճարների հաշվանցման և վերադարձման թվով 457 դիմում, իսկ 2015թ.՝ 414:

Նմանատիպ նյութեր