211652_close_icon
views-count1628 դիտում article-date 19:33 23-12-2024

Դեկտեմբերի 18-ը հայ մեծանուն գրող Հրանտ Մաթևոսյանի հիշատակի օրն էր. հարգանքի տուրք ու խնկարկում` Կոմիտասի անվան պանթեոնում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

«…Պետք է մտածեինք պահանջատիրոջ մասին և ոչ պահանջատիրության: Պետք է սիրեինք այս Հայրենիքը, հոգայինք այսօրվա հոգսը: Այլապես, հնարավոր է, վաղը պահանջատիրությունը բավարարվի՝ մեջտեղը պահանջատեր չլինի, մանավանդ որ այսպես մի անգամ արդեն եղել է. ձեզ Երզնկայից Շուշի երկիր ենք տալիս, բայց ժողովուրդ չունեք… »
                                                                                                                                                             Հրանտ Մաթևոսյան

Դեկտեմբերի 18-ին՝ հայ մեծանուն գրող Հրանտ Մաթևոսյանի մահվան  տարելիցի օրը, նրա հիշատակը խնկարկելու համար Կոմիտասի անվան պանթեոնում հավաքվել էին նրա ընտանիքի անդամները, ընկերները, նրան արվեստարժևորող ու գնահատող մարդիկ:

Ուշարժան էր, որ ներկաների մեջ մեծ թիվ էին կազմում երիտասարդները՝ հիմնականում ուսանողներ, ովքեր խոստովանում էին, որ Մաթևոսյանի արձակի երկրպագուներն են, հիացմունքով էին խոսում մեծանուն գրողի, մարդու և հայի թողած գրական ժառանգության մասին։

Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Վահե Թորոսյանի խոսքով՝ իր և ներկա երիտասարդների համար մեծ պատիվ է  Հրանտ Մաթևոսյանի հուշարձանին այցի գալը. «Մենք եկել ենք մեր հարգանքի տուրքը մատուցելու մեծանուն գրողին, Գրողների միության նախագահին,  մեծ հային իր նվիրումի, իր գրական վաստակի համար:  Արձակագիր, ում թողած գրական ժառանգությունը այսօր էլ ուսանելի է մեր հասարակության, հատկապես երիտասարդության համար: Ես ինքս պատանի տարիքում  բավականաչափ ընթերցել եմ Հրանտ Մաթևոսյան, սովորել նրանից: Նրա եռհատորյակը այսօր էր զարդարում է իմ գրադարանը։ Կարող եմ հիշատակել հատկապես այն պատմվածքները, որոնք խորը տպավորություն են թողել ինձ վրա, մասնավորապես՝ «Աշնան արև»-ը, «Գոմեշը»:

Որոշակիորեն քաջածանոթ եմ  Մաթևոսյանի թողած ժառանգությանը, և կարծում եմ` հայ ժողովորդը, հայ ազգը մաթևոսյանական պատգամներից և ավանդված գրական ժառանգությունից շատ բան ունի սովորելու: Միևնույն ժամանակ  հաստատապես վստահ եմ, որ  Հրանտ Մաթևոսյանի վաստակն ու նրա գրական վաստակի խորը գիտակցումը հասարակությունը կունենա: Ցավոք, չեմ կարծում, թե  պատշաճ կերպով արժևորված է Հրանտ Մաթևոսյանի    գրական մեծոււթյունը : Կարևոր է , որ պետությունը պատշաճ հոգածություն դրսևորի մեր  մեծերի նկատմամբ, հարգի նրանց վաստակն ու հիշատակը, և արժանին մատուցի»:   

Ըստ գրողի որդու՝ «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոնի տնօրեն Դավիթ Մաթևոսյանի` Մաթևոսյանի պատկերացրած հայրենիքը մշակութային գաղափարներ ամրագրած հայրենիքն է…

«Մաթևոսյանի 90-ամյա հոբելյանի  առիթով  ծրագրերը շատ են, անելիքները` բազում։ Հրանտ Մաթևոսյանի հոբելյանական տարին զուտ նոր վերամեկնարկի առիթ և հնարավորություն ենք համարում: Անընդունելի է այն մոտեցումը,  որ մարդկանց պետք է հիշել միայն հոբելյանների ժամանակ, հետո միջակայքում մոռանալ , հետո նորից հիշել, հետո ձևանալ, թե հարգում ես քո մշակույթը, քո գիտությունը, կամ քո մեծերին պատվում ես: Անելիքները շատ են, ծրագրերը կյանքի կոչելու համա գումար չկա, բայց  գործընկերներ ենք փնտրում, նոր խոստումնալից հեռանկարներ կան։ Գուցե չկարողանանք իրականացնել մեր բոլոր մտահաղացումները, սակայն կաշխատենք առավելագույնն անել։ Մենք ոչ մեկից ոչինչ չենք խնդրում, ուղղակի առաջարկում ենք` ինչպես մեր Մեծը տեր է եղել և տեր է լինելու այս երկրին, այս քաղաքակրթությանը և այս մշակույթին, նույն ձևով այս երկիրն ու Հայրենիքը տեր լինի իր Մեծին՝ Մաթևոսյանին, և իր մեծերին, բոլոր նրանց, ովքեր մեծ են բառի ամենաընդգրկուն իմաստով, և որոնց ջանքերով ու կյանքի գնով այս երկիրը կայացել է: Եվ միայն այդ գիտակցությամբ տեր լինելով սեփական  մշակույթին, սեփական այցեքարտին, սեփական ինքնությանը` հնարավոր կլինի կանխել բոլոր այն ձախավերությունները, ողորմելիությունը, գավառականությունը,  պռատությունը, որ մեզանում կա։ Եթե ոչ արմատախիլ անել, ապա գոնե խիստ չափավորել,  հեռանկար տալ երկրին, Հայրենիքին ու ժողովրդին: Եթե ոչ, ուրեմն նույն ընթացքով շարունակվելու ենք, քանի որ  գոյատևելու ենք և ոչ թե ապրելու: Դա այն հզոր պատգամն է, որ մեր մեծերը մեզ թողել են։ Այդ պատգամով էլ պետք է առաջնորդվել, ոչ թե այն անսկզբունքայնությամբ և անհետևողականությամբ, որով ապրում ենք»:

 Ուշարժան էին Մաթևոսյանի աշխատանքային ընկերների պատմած դրվագները, հուշերը Հրանտ Մաթևոսյանի մասին։ Այդ հուշերում կրկին Մաթևոսյան մարդու պայծառ կերպարն է. «Համեստ, անսահման բարի ու կարեկից: Ուներ սկզբունք՝ վատությանը լավությամբ պատասխանիր, և դա պատգամում էր բոլորին»:

Տեքստը՝ Մելանյա Ծառուկյանի 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր