211652_close_icon
views-count6116 դիտում article-date 10:18 18-10-2016

Հայաստանի սեզոնային տնտեսությունը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ եղանակային վատ պայմանների պատճառով ժամանակավորապես փակվել է Վերին Լարսի անցակետը: Նմանօրինակ տեղեկություններ, ցավոք սրտի, առաջիկա ամիսներին մենք կլսենք շատ հաճախ, որովհետև եղանակն առաջիկա ամիսներին մեղմ ասած լինելու է Վերին Լարսի համար անբարենպաստ սեզոնային միջավայրում: Ցավոք սրտի, որովհետև Վերին Լարսը հայաստանյան տնտեսության, բիզնեսի համար կարևոր ճանապարհ է, քանի որ այդ բիզնեսը անցնող տարիների ընթացքում տարբեր և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներով ըստ էության գերակշիռ մասով կապվել է միայն ռուսական շուկային: Եվ այս իմաստով, ըստ էության սեզոնային է դարձել Հայաստանի ողջ տնտեսությունը: Վերին Լարսի «փակման» սեզոնի այս բացումը տխուր խորհրդանշականությամբ համընկավ Հայաստանում օրերս կազմակերպված եվրասիական տնտեսական ինտեգրացիայի և հայ-ռուսական հարաբերությունների թեմայով քննարկումներին, որոնց մասնակցում էին և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի, և՛ ԵՏՄ տարբեր պաշտոնյաներ: Եվ նրանք, ներառյալ նաև Հայաստանի նոր վարչապետ Կարեն Կարապետյանը, խոսում էին այն մասին, որ հայ-ռուսական հարաբերություններն ունեն տնտեսական մեծ ներուժ, իսկ Հայաստանն էլ, ըստ Պուտինի խորհրդական Գլազևի, ունի Եվրասիական ինտեգրացիայի կենտրոն դառնալու ներուժ: Եվ ահա ընդամենը երկու-երեք օր անց, եղանակը ցույց տվեց, թե իրականում ինչպիսին է այդ ներուժը: Ակնհայտ է, որ առաջիկա հարյուրամյակներում Վերին Լարսի բարձրությունը ծովի մակերևույթից չի ենթարկվելու փոփոխության և Լարսը շարունակելու է մնալ սեզոնային: Ակնհայտ է, որ առաջիկայում չկան նաև ռուս-վրացական հարաբերությունների այնպիսի վերանայման հեռանկարներ, որոնք կբերեն աբխազական երկաթուղու գործարկման: Հայաստանին մնում է երկու բան՝ կամ գնալ ղարաբաղյան հարցում այնպիսի զիջումներին, որոնց դիմաց Ադրբեջանը կհամաձայնի բացել դեպի Ռուսաստան առավել կայուն ճանապարհ, կամ պարզապես գնալ Հայաստանի տնտեսության համակարգային այնպիսի խորքային փոփոխությունների, որը կբերի մի իրավիճակի, երբ հայկական տնտեսության մեջ ռուսական շուկայի դերը կնվազի և Հայաստանի տնտեսությունը կդադարի կրել սեզոնային բնույթ, գտնելով նոր շուկաներ և ուղղվելով դեպի դրանք Իրանի և Վրաստանի ճանապարհներով»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր