Նախարարի հրամանով մարզերում ճանշիններն անցնում են «գրոհի». նախարարն աշխատանքներին հետևելու է օնլայն եղանակով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի հրամանով «ՀԱՅԱՎՏՈՃԱՆ» ընկերության գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանի գլխավորությամբ օպերատիվ խորհրդակցություն է անցկացվել Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, խորհրդակցությունն անցկացվել է Արարատի մարզի «Մուստովիկ» ՍՊԸ-ում, «Վայքի ՃՇՇ» ՓԲԸ-ում և «Սիսիանի Բուատ» ՍՊԸ-ում, որտեղ Ա. Արշակյանը տնօրեններ Ալինա Բազիկյանին, Կարո Գևորգյանին և Էրիկ Պողոսյանին տեղեկացրել է նախարարի հրամանը, որ Ճանշինները պետք է պատրաստ լինեն առաջիկա ձմռանը և նրանց կատարած աշխատանքների վերահսկողությունը նախարարի հրամանով դրվել է Ա. Արշակյանի վրա։
Նախարարությունը նաև ցանկացած խնդրում կանգնելու է նրանց թիկունքին և համատեղ անհրաժեշտ գործողություններն են կատարվելու, որպեսզի քաղաքացիներն իրենց մաշկի վրա զգան ճանշինների դրական աշխատանքի արդյունքները։
Ֆոտոլրագրողը հայտնում է՝ Ա. Արշակյանը եղավ այն պահեստներում, որտեղ պահեստավորվել է մեծ քանակի աղ ու ավազ, եղավ այն տրանսպորտային պարկերում, որտեղ կայանված են այն տեխնիկաները, որոնցով ճանշինի աշխատակիցները աշխատանքներ են կատարելու ճանապարհները ձյան շերտից մաքրելու ուղղությամբ։
Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ նշված ճանշինները ապահովված են անհրաժեշտ տեխնիկաներով, տրանսպորտային միջոցներով, աղ ու ավազով, և բնակչությունը կարող է վստահ լինել, որ այս տարի ճանշինները կաշխատեն օպերատիվ և մենք՝ քաղաքացիներս, մեր մաշկի վրա կզգանք նրանց դրական աշխատանքը։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Սիսիանի նախկին ճանշինի պետ Հրաչյա Գաբրիելյանը, ով մի քանի տարի սպասարկել է բավականին մեծ տարածք, ամեն անգամ ձյան մաքրման աշխատանքներում ոչ միայն թերանում էր, այլ նաև նրա ոչ ճիշտ և օպերատիվ աշխատանքի արդյունքում տեղի էին ունենում ավտովթարներ, որոնց մի մասը, ցավոք՝ ողբերգական, իսկ նրա փոխարեն այդ ճանապարհները մաքրում էին Վայքի, Եղեգնաձորի ճանշինականները։
Հայտարարված մրցույթում Հ. Գաբրիելյանը փորձել էր կրկին մրցույթում (տենդեր) շահել՝ անգամ խառնելով ազդեցիկ մարդկանց, բայց ինչպես ժողովուրդն է ասում՝ «պապն ամեն անգամ փլավ չի ուտի» և Հ. Գաբրիելյանը դուրս մնաց մրցույթից, ու հիմա մրցույթը շահած Սիսիանի ճանշինի պետ Է. Պողոսյանը վստահաբար ասում էր, որ քաղաքացիները մեծ առաջընթաց կզգան իրենց աշխատանքում։
Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ նախարարի հանձնարարականով աշխատանքներին հետևելու են օնլայն եղանակով։
Սիսիանցիներն էլ կատակելով ֆոտոլրագրողին ասում էին. «Եթե նոր նախարարն էս տեմպերով է սկսել աշխատել, ապա վստահ ենք, որ ճանշինների լավ աշխատանքի արդյունքում էլ չենք ասի՝ քաղաքացիները ճանապարհներին մնացին մերկասառույցի տակ ու դարձան սառած սիսիանցի»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի