211652_close_icon
views-count1886 դիտում article-date 16:39 24-10-2016

Տարոն Մարգարյանը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ՝ աղբամանների տեղադրման վայրերը վերանայելու համար

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ նախորդ շաբաթ գրանցվել է ապօրինաշինության և հողազավթման 12 դեպք, որոնցից 2-ի մասով իրականացվել են քանդման աշխատանքներ: Զեկուցվել է նաև, որ զանգվածային լրատվության միջոցներով հանրության շրջանում շարունակվում են իրազեկման աշխատանքները շինարարության թույլտվությունների տրամադրման կարգի վերաբերյալ: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել ուժեղացված հսկողությունն ու իրազեկման աշխատանքները: Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է 8 վարչական արձանագրություն: Նույն ժամանակահատվածում ապամոնտաժվել է 3 լքյալ կրպակ: Չնախատեսված վայրերում կենցաղային, ինչպես նաև շինարարական աղբը թափելու դեպքերի հայտնաբերման ու կանխարգելման աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կազմվել է 45 վարչական արձանագրություն: Հանձնարարվել է շարունակել խստացված և ամենօրյա հսկողությունը: Աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությանը, վարչական շրջանների ղեկավարներին և օպերատիվ շտաբին էլ հանձնարարվել է «Սանիթեք» ընկերության հետ համատեղ ստեղծել աշխատանքային խումբ, ուսումնասիրել և կարգավորել մայրաքաղաքում աղբամանների տեղադրման վայրերի ընտրության հարցը: «Պարբերաբար բողոքներ եմ լսում բնակիչներից, որ այս կամ այն հասցեում աղբամանները ոչ հարմար տեղում են դրված: Դժգոհությունները հատկապես շատ են փողոցների բանուկ հատվածներում տեղադրված աղբամանների մասով, ինչը ինքս էլ մի քանի անգամ նկատել եմ: Մարդիկ արդարացիորեն նաև դժգոհում են, որ այս հարցի հետ կապված մեր կոմունալ վարչությունն ու «Սանիթեքը» մեկը մյուսի վրա են փորձում գցել պատասխանատվությունը: Նման մոտեցումն անընդունելի է ինձ համար: Բազմիցս եմ նշել, որ եթե որևէ խնդիր անհանգստացնում է մեր բնակիչներին, պետք է լուծումներ գտնել, ոչ թե փորձել արդարանալ, թե տվյալ խնդրի կարգավորումը մեր դաշտում չէ: Ու հատկապես այս հարցում պատասխանատվությունը երկուստեք է՝ թե՛ կոմունալ վարչությանը և թե՛ «Սանիթեք»-ինը: Ստեղծեք համատեղ աշխատանքային խումբ, որում ներգրավեք նաև վարչական շրջանների կոմունալ ծառայություններին և քննարկեք հարցն ու կարճ ժամանակում հնարավոր լուծումներ գտեք խնդրահարույց աղբամանների տեղափոխման մասով», - ընդգծել է Տարոն Մարգարյանը: Խորհրդակցության ժամանակ զեկուցվել է նաև, որ Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացվող ամենօրյա հսկողության շրջանակում կազմվել է 14 արձանագրություն: Համապատասխան քայլեր են ձեռնարկվել նաև տնտեսվարողների կողմից փողոցների որոշակի հատվածներում ավտոկայանմանը ապօրինաբար խոչընդոտող մետաղյա արգելապատնեշների հեռացման ուղղությամբ: Զեկուցվել է նաև, որ շարունակվում է խստացված հսկողությունը ավտոկայանատեղի համար ապօրինի գումարների գանձման դեպքերը բացառելու ուղղությամբ: Ըստ այդմ, 9 իրավախախտ անձ բերման է ենթարկվել Կենտրոնի ոստիկանության բաժանմունք: Հանձնարարվել է շարունակել խիստ և հետևողական աշխատանքները, արագ արձագանքել «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվող ահազանգերին: Տրանսպորտի ոլորտի համակարգողներին էլ հանձնարարվել է աշխատանք տանել սպասարկող ընկերությունների հետ և սկսել ձմռան նախապատրաստական աշխատանքները: [b]Երևանի քաղաքապետարան [/b]

Նմանատիպ նյութեր