5788 դիտում
14:56 27-10-2016
Տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը. ՀՀ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Նախքան օրակարգային հարցերի քննարկումը ՀՀ վարչապետը, անդրադառնալով հոկտեմբերի 31-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում մեկնարկելիք 2017թ. պետբյուջեի նախագծի քննարկումներին, նշել է. «Կարևորում եմ, որ ձեր ոլորտների վերաբերյալ ներկայացումները լինեն ավելի շատ ծրագրային բյուջետավորման ձևաչափով և բխեն կառավարության կողմից ներկայացված ծրագրային դրույթներից: Մասնավորապես՝ անհրաժեշտ է պատգամավորներին և հանրությանը հասկանալի լեզվով ներկայացնել այն մոտեցումներն ու սկզբունքները, որոնց ներքո ձևավորվել են ձեր ոլորտների բյուջեները: Անհրաժեշտ է հատկացված ֆինանսավորումը ներկայացնել՝ ելնելով իրականացվելիք ծրագրերի որակական և քանակական արդյունքներից ու ցուցանիշներից, որպեսզի հնարավոր լինի պատկերացում կազմել դրանց նպատակի և անհրաժեշտության մասին: Խնդրում եմ բոլորին մաքսիմալ ուշադիր մոտենալ և պատրաստվել»:
Այնուհետև գործադիրի ղեկավարը մի շարք հանձնարարականներ է տվել. «Հանձնարարում եմ Բնապահպանության, Էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարներին, համագործակցելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ՝ 15-օրյա ժամկետում Ջրի ազգային խորհրդին ներկայացնել փոքր հիդրոէլեկտրակայանների ջրօգտագործման թույլտվությունների և շահագործման լիցենզիաների տրամադրման ոլորտում տիրող ներկա վիճակի վերաբերյալ առաջարկություններ: Մասնավորապես՝
1. 2009 թ. հունվարի 22-ին ՀՀ կառավարության նիստի համար 3 արձանագրային որոշմամբ հաստատված փոքր ՀԷԿ-երի զարգացման սխեմայի վերանայում:
2. Ախուրյան, Ձորագետ, Դեբեդ, Ազատ, Արփա, Որոտան գետերի ավազաններում նոր ՀԷԿ-երի կառուցման և նոր ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման նպատակահարմարության վերաբերյալ:
3. Բնապահպանական խնդիրները մեղմելու նպատակով շահագործված փոքր ՀԷԿ-երի համար նոր գնագոյացման մեխանիզմների կիրառման առումով պետք է հասկանանք՝ սակագնային քաղաքականությունն այդ ոլորտում ոնց է լինելու: Ինչին է վերաբերում այս հանձնարարականը, կարծում եմ՝ հասկանալի է:
Համենայնդեպս, մենք ունենք արդեն բնապահպանական հնարավոր խնդիրներ այն գետերի վրա, որտեղ ՀԷԿ-երի քանակն ավելի շատ է նախատեսված, քան երևի պետք էր: Կարծում եմ՝ այնտեղ կան լուծումներ՝ ջրօգտագործման հետ կապված թույլտվությունների սահմանափակում: Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից ակնկալում ենք, որպեսզի իրենք այս հարցին մոտենան այնպես, որ էներգետիկ անվտանգության հետ կապված խնդիրներ չառաջանան: Մենք ունենք գետային ավազաններ, որտեղ փոքր ՀԷԿ-երը խիտ են դասավորված, և այնտեղ ունենք խնդիրներ»: Գործադիրի ղեկավարի հաջորդ հանձնարարականը վերաբերել է պետական տեսչություններին, կրճատումներին. վարչապետը Գյուղատնտեսության նախարարին հանձնարարել է մեկշաբաթյա ժամկետում կառավարությանը ներկայացնել նախագիծ՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությունը լուծարելու վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետությունում ընդերքօգտագործման ոլորտում ներդրումներ ներգրավելու նպատակով հնարավոր արհեստական խոչընդոտները վերացնելու համար Կարեն Կարապետյանը հանձնարարել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին՝ մեկամսյա ժամկետում ուսումնասիրել միջազգային փորձը և ներկայացնել ընդերքօգտագործման իրավունքի հետ կապված նաև հողօգտագործման իրավունք տրամադրելու հնարավորության վերաբերյալ առաջարկություններ: «Ինչի՞ մասին է խոսքը. բիզնեսը գալիս է, ընդերքօգտագործման հետ կապված թույլտվություններն ստանում է, հետագայում հողի օգտագործման հետ կապված բազմաթիվ խնդիրներ է ունենում»,-ընդգծել է վարչապետը՝ հավելելով, որ անհրաժեշտ է այդ դաշտը կարգավորել:
Նմանատիպ նյութեր
4520 դիտում
17:14 26-10-2016
Վարչապետը հանձնարարականներ է տվել գործադիր մարմինների ղեկավարներին՝ Կառավարության ծրագրի իրականացման վերաբերյալ
15942 դիտում
13:44 29-12-2016
Կառավարության նիստում Կարեն Կարապետյանը մի շարք հանձնարարականներ է տվել
2164 դիտում
15:24 16-07-2019
Արցախի կառավարության նիստ. Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել
Այս բաժնից
814 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
844 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»