15945 դիտում
13:44 29-12-2016
Կառավարության նիստում Կարեն Կարապետյանը մի շարք հանձնարարականներ է տվել
Այսօր ՀՀ Կառավարության հերթական նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը նախքան օրակարգին անցնելը, մի քանի հանձնարարականներ է տվել: Այս մասի հայտնում է ՀՀ Կառավարության պաշտոնական [url=http://gov.am/am/news/item/12748/]կայքը[/url]:
Սոցիալական ոլորտի վերաբերյալ - Սոցիալական ապահովության ոլորտում անհրաժեշտ են բարեփոխումներ պետական ծրագրերի ամբողջ սպեկտրով: Պետք է ստեղծենք համակարգեր, որ բացառենք կոռուպցիան: Անհրաժեշտ է բարձրացնել թե՛ ծրագրերի հասցեականությունը, թե՛ դրանց արդյունավետությունը: Հարկ է, որ պետությունն օգնության ձեռք մեկնի կարիքավորին, նրան ոտքի կանգնելու նեցուկ լինի, սակայն չստեղծի չաշխատելու խթաններ, լինի առարկայական և օգտակար՝ անհատին դժվարին կացությունից դուրս գալու, բայց ոչ այդ պայմաններին սովորեցնելու համար: Սոցիալական պետական ծրագրերը պետք է այնպես մշակվեն, որ օգնությունը երբեք չբերի չարաշահումների, կոռուպցիոն դրսևորումների, առաջին հերթին հասնի ամենակարիքավորներին, չաղավաղի սոցիալական արդարությունը: Այս պատճառով այս ոլորտի 6 ծրագրերին այս պահին ուզում եմ անդրադառնալ:
1. Բժշկասոցիալական փորձաքննական համակարգում էվոլյուցիոն ճանապարհով իրականացվող փոփոխությունները դեռևս հեռու են ցանկալի արդյունքից: Այդ իսկ պատճառով բժշկասոցիալական փորձաքննության համակարգում պետք են արմատական բարեփոխումներ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին հանձնարարում եմ՝ տասնօրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ ոլորտի բոլոր բիզնես պրոցեսներում արմատական փոփոխություններ կատարելու վերաբերյալ՝ հիմքում դնելով հետևյալ սկզբունքային մոտեցումները՝
ա) տարանջատել դիմում ընդունելու և որոշում կայացնելու գործառույթները՝ պրակտիկորեն բացառելով քաղաքացիների անմիջական շփումները որոշում կայացնողների հետ,
բ) ձևավորել որոշումների կայացման կենտրոնացված մարմին,
գ) վերանայել հաշմանդամության սահմանում գործող չափորոշիչները՝ հստակ տարանջատելով հիվանդ լինելը և հաշմանդամություն ունենալը, յուրաքանչյուր կարգավիճակի համար սահմանելով քաղաքացուն անհրաժեշտ ծառայությունների ծավալը և սոցիալական երաշխիքների համակարգը,
դ) ներկայացնել առաջարկություն նոր անձնակազմ ձևավորելու, նրանց որակավորմանը ներկայացվող պահանջների թվաքանակի և վարձատրության մեխանիզմների վերաբերյալ:
2. Նպաստների ծրագրերի արդյունավետության և հասցեականության ավելացման համար առաջին հերթին պետք են բարեփոխումներ անապահովության գնահատման համակարգի մասով: Կառավարության ծրագրի համաձայն՝ պետք է իրականացվի անապահովության գնահատման մոտեցումների և մեթոդաբանության արմատական վերանայում՝ հիմք ընդունելով ընտանիքի յուրաքանչյուր աշխատունակ անդամի զբաղվածության ապահովման և պետական սոցիալական աջակցության ծրագրերը, հատկապես բնակչության անաշխատունակ շերտերին ուղղելու սկզբունքային մոտեցումը: Ըստ այդմ, հանձնարարում եմ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ մեկամսյա ժամկետում ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել համապատասխան որոշման նախագիծ՝ անապահովության գնահատման համակարգում ամեն գնով երեսուն միավոր ձեռք բերելու մղումն ապախթանելու և ընտանիքի առաջնային կարիքները հոգալու խթանների ճիշտ համակարգ ձևավորելու ուղղությամբ: ՀՀ առողջապահության նախարարի հետ համատեղ առաջարկություն ներկայացնել անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահով ընտանիքներին տրամադրվող առողջապահական ծառայությունների հասանելիությունը և հասցեականությունը մեծացնելու ուղղությամբ: ՀՀ մարզպետներին՝ առաջարկելով քաղաքապետերին անձնական հսկողության տակ վերցնել սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների կողմից ընտանեկան, սոցիալական նպաստների և հրատապ օգնության նշանակման օրինականության ապահովման հարցը:
3. Զբաղվածության պետական ծրագրերի հասցեականության և արդյունավետության բարձրացման նպատակով հանձնարարում եմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝
1. Մեկամսյա ժամկետում առաջարկել զբաղվածության պետական ծրագրերին ուղղվող ֆինանսական միջոցների վերաբաշխում հետևյալ հիմնական մոտեցումների ներքո՝ բարձր միջին ծախս ունեցող ծրագրերից միջոցների ուղղում առավել ցածր միջին ծախս ունեցող ծրագրերին մեր սահմանափակ ռեսուրսներով՝ ավելի մեծ քանակությամբ շահառուների սպասարկելու համար: Զբաղվածության պետական գործակալության պահպանման ծախսերի առավելագույնս օպտիմալացում, ծրագրերի հնարավորինս պատվիրակում առավել մասնագիտացված պետական կառույցներին:
2. Աշխատանքի տեղավորման աջակցության արդյունավետության բարձրացման նպատակով առավելագույնս պարզեցնել զբաղվածության պետական ծրագրերի իրականացման բիզնես գործընթացները, մշակել զբաղվածության ոլորտի տեղեկատվական համակարգի լիարժեք կառավարման լուծումների ապահովման ժամանակացույցը:
4. Կենսաթոշակների ոլորտի վերաբերյալ - արդարացի և արդյունավետ ծախսերի կատարման համար կարևորագույն խնդիր է աշխատանքային ստաժների ճշգրիտ հաշվարկումը: Այստեղ առկա բոլոր բացերին լուծումներ տալու համար հանձնարարում եմ ներկայացնել առաջարկներ՝
1. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին՝ ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության և ՀՀ ազգային արխիվի միջև քաղաքացիների աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկատվությունն էլեկտրոնային եղանակով փոխանակության համակարգի գործարկման համատեղ ապահովման վերաբերյալ:
2. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Ֆինանսների նախարարին՝ ոչ հավաստի տվյալներ պարունակող փաստաթղթերի հիման վրա ստաժի հաշվարկման դեպքերի վերհանման և բացառելու ուղղությամբ:
3. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետին՝ բացառել աշխատանքային ստաժի հաշվառումն առանց հիմքերի տրված փաստաթղթերի հիման վրա, մշակել և ներդնել աշխատանքային ստաժի հաշվարկման իրավաչափության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու արդյունավետ համակարգ, այդ թվում՝ ռիսկերի վրա հիմնված վերլուծություններ իրականացնելու միջոցով: Աշխատանքներ տանել աշխատանքային գրքույկների թվայնացման ուղղությամբ:
5. Ժամանակավոր անաշխատունակության և աշխատող քաղաքացիների մայրության նպաստների նշանակման և վճռման արդարացիությունն ու արդյունավետությունն ապահովելու համար հանձնարարում եմ՝
1. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին և Պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ ներկայացնել առաջարկություններ նպաստների նշանակման և վճարման ընթացակարգերի կենտրոնացման վերաբերյալ:
2. Առողջապահության նախարարությանը և ՀՀ մարզպետներին, առաջարկում ենք տեղական ինքնակառավարման մարմիններին՝ ուժեղացնել հսկողությունը բժշկական հաստատությունների կողմից ժամանակավոր անաշխատունակության թերթիկների տրամադրման գործընթացի նկատմամբ:
3. Պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ համատեղ առաջարկություններ ներկայացնել նպաստների հաշվարկման, նշանակման և վճարման ճշտության նկատմամբ հսկողությունը, արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ:
6. Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստների վերաբերյալ - Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ ներկայացնել առաջարկություններ գործատուների կողմից խնամքի արձակուրդի ժամանակահատվածի սկիզբը կամ վերջը եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման համակարգի մուտքագրելու կապակցությամբ ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու հնարավորությունները սահմանափակելու ուղղությամբ:
Կարծում եմ, որ հստակ ձևակերպել ենք այն միջոցառումները, որով մենք ակնկալում ենք շատ ավելի պարզեցված համակարգ, ավելի արդյունավետ գումարների օգտագործում, ավելի մեծ դաշտ, որոնց գումարը կհասնի, և հասցեագրված, ինչպես նաև սոցիալական հարցերի նախարարությունը չպետք է զբաղվի այն բաներով, որն ինքը կատարում է ավելի վատ, քան ուրիշները: Աշխատանքի զբաղվածության հարցով իրենք կատարում էին գյուղատնտեսական խնդիրներ, բիզնես խնդիրներ, ուսուցման խնդիրներ և այլն: Այս բոլոր գործառույթները պետք է լիազորել՝ համապատասխան դաշտը նշելով, զանգվածը նշելով՝ ում համար ենք դա անում, որպեսզի կատարեն համապատասխան կառույցները: Ռեալ շատ կարևոր հանձնարարական է, պրինցիպիալ տրամաբանությունն ու փիլիսոփայությունը փոխող: Մենք ստեղծել էինք մի համակարգ, որտեղ աշխատունակ մարդը ցանկություն չունի աշխատանք փնտրելու, ամեն կերպ փորձում է սոցիալապես անապահով դաշտում հայտնվել: Եվ այդ իսկ պատճառով մեր սոցիալական նպաստների թիվն աճում էր, փաստ չէր, որ հասնում էր նրանց, ում որ կարիք կա, և մենք դեմոտիվացնում էինք մարդկանց աշխատելու կամ որոնելու ցանկությունը:
Երկրորդ հանձնարարականների խումբը ոռոգման գործընթացն առավել արդյունավետ իրականացնելու վերաբերյալ է:
2017 թ. ոռոգման ջրի ջրատնտեսական կառույցների՝ ջրամբարներ, ջրանցքներ և այլն, ոռոգելի հողատարածքների բնագավառում ծառայություններ մատուցող կազմակերպությունների ֆինանսական և տեխնիկական միջոցների առավել արդյունավետ օգտագործման նպատակով հանձնարարել՝
1. Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝ մինչև ս.թ. մարտի 1-ը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի, ՀՀ գյուղատնտեսության նախարարի, մարզպետների, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի աջակցությամբ գնահատել ոռոգման ջրամատակարարմամբ պայմանավորված պարտավորությունների ծավալները՝ ըստ համայնքների և ըստ ջրօգտագործողների և ՀՀ կառավարություն ներկայացնել առաջարկություններ այդ պարտավորությունների իրականացման վերաբերյալ:
2. ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին, ՀՀ գյուղատնտեսության նախարարին, մարզպետներին, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին՝ Ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից 2017 թ. ոռոգման ջրապահանջի գնահատման, պայմանագրերի կնքման և անխափան ջրամատակարարման ապահովման նպատակով մինչև 2017 թ. փետրվարի 25-ը կոմիտեին տրամադրել ըստ համայնքների ոռոգելի հողատարածքների կադաստրային և փաստացի վերջին 3 տարիների տվյալները, ոռոգելի մշակաբույսերի կազմն ըստ զբաղեցված տարածքների: Մենք ուզում ենք 2 բազա համատեղել՝ համայնքներում այդ հողատարածքներն ինչ ձևով են հարկվում, և ինչ ձևով են ջրօգտագործման պայմանագրերը կնքվում: Ճշտման մեջ մենք բավական հետաքրքիր փաստեր ենք պարզելու, և համապատասխանաբար շուկան է մեծանալու: Օգտակար է և´ համայնքային բյուջեների ճշտման համար, և´ ջրի բիզնեսը կազմակերպելու, շուկան հասկանալու համար:
3. ՀՀ մարզպետարաններին - հաշվի առնելով «Հայաստանի Հանրապետության տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի ուժի մեջ մտնելը և 2017 թ. համայնքային բյուջեներում համապատասխան մուտքերը նշված օրենքով կարգավորվող չափերում նախատեսելու անհրաժեշտությունը՝ վերլուծել համայնքային բյուջեների սեփական եկամուտների հաշվարկային և փաստացի կատարողական ցուցանիշերը, համայնքների ղեկավարների հետ քննարկել, նախատեսել լրացուցիչ մեխանիզմներ, նոր մոտեցումներ և ապահովել 2017 թ. հաշվարկային ցուցանիշերի ավելի բարձր մակարդակ 2016 թ. համապատասխան ցուցանիշերի նկատմամբ՝ առաջարկելով համայնքների ղեկավարներին անհրաժեշտության դեպքում օրենքով սահմանված կարգով կատարել փոփոխություններ 2017 թ. հաստատված համայնքների բյուջեներում կամ բյուջեների նախագծում: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին՝ համակարգել և մինչև մարտի 1-ը վարչապետին ներկայացնել տեղեկատվություն:
Եվ այսօրվա վերջին հանձնարարականը Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին, Գյուղատնտեսության նախարարին՝ առևտրի խոշոր ցանցերում ներկայացված գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման ոլորտի հիմնական տնտեսվարողներին մեկամսյա ժամկետում հանգամանալից ներկայացնել հումքի մթերման վճարումների կատարման համար պետական վարկավորման առաջարկվող մեխանիզմը և գրավչության առկայության դեպքում ներկայացնել առաջարկություններ վարկային նոր պրոդուկտի ներդրման վերաբերյալ: Քննարկել բանկերի և այլ կառույցների հետ նշված մեխանիզմով ֆինանսավորման համար, բացի «Գյուղական ֆինանսավորման կառույց» պետական հիմնարկի կողմից կառավարվող վարկային ֆոնդերից, այլ միջոցներ ներգրավելու հնարավորությունը: Խոսքն ինչի՞ մասին է. մենք փորձում ենք ստեղծել մի հարթակ, լոգիստական կենտրոն, որտեղ փորձենք օգնել վերամշակող գյուղատնտեսական մթերումներով զբաղվող մեր կառույցներին, որպեսզի այդ ֆինանսական հոսքերը, մթերումները կազմակերպեն ավելի էֆեկտիվ, ավելի կանխատեսելի: Մենք ակնկալում ենք գյուղատնտեսական ոլորտում պրոդուկտի աճ և լրացուցիչ ֆինանսական ճգնաժամեր որպեսզի չստեղծվեն: Այդ մեխանիզմը մենք առաջարկելու ենք բիզնես կառույցներին, որևէ պարտադրանք, ադմինիստրատիվ հանձնարարական այդ բիզնես կառույցներին չկա: Կարծում եմ՝ մեր առաջարկը լինելու է իրենց համար շահավետ, այդ իսկ պատճառով ով համաձայնվի այդ հարթակում մասնակցություն ունենալ, ապա իր համար կստեղծի նպաստավոր պայմաններ:
Նմանատիպ նյութեր
5788 դիտում
14:56 27-10-2016
Տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը. ՀՀ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել
1180 դիտում
12:17 24-10-2023
Սերժ Սարգսյանը ՀՀԿ ԳՄ նիստում հանձնարարականներ է տվել
4520 դիտում
17:14 26-10-2016
Վարչապետը հանձնարարականներ է տվել գործադիր մարմինների ղեկավարներին՝ Կառավարության ծրագրի իրականացման վերաբերյալ
Այս բաժնից
910 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
931 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»