140735 դիտում
09:21 02-11-2016
Դաժան ու ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. Mitsubishi-ն 120 մետր գլորվել է ձորը. կա 2 զոհ, 3 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ
Այսօր՝ նոյեմբերի 2-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 06։50-ի սահմաններում Mitsubishi Grandis մակնիշի 35 AG 494 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 199-րդ կմ հատվածում, դեպի Արցախ ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 120 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 3 հոգի տեղափոխվել են Սիսիանի բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Մահացածներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել Սիսիանի հրշեջ-փրկարարները, իսկ մեկին էլ հայտնաբերել են մեքենայից դուրս։
Դեպքի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի, հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը։
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանում է քննչական խումբը։
Փաստի առթիվ Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 1-ից ավելի մարդու մահ) հատկանիշով։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է Երևան քաղաքի Ավետ Ավետիսյան փողոցի 2-րդ շենքի բնակիչ, 60-ամյա Սոս Վարդանյանի անվամբ։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ճանապարհն անցանելի է, անգամ եղանակային այս վատ պայմաններում ձյուն չի եղել։ Դեպքի վայրում մահացածների հարազատը, ով եղել է ավտոմեքենայի մեջ, ասում էր, որ Սիսիանի բժիշկները 40 րոպե հետո են միայն ժամանել դեպքի վայր. «Եվ հարազատներս իմ աչքի առաջ մահացան»։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ավտոմեքենայի անվադողերը ձմեռային են եղել։ Իսկ եթե ոլորան հանդիսացող նշված հատվածում տեղադրված լինեին երկաթբետոնե արգելապատնեշներ, կարելի է վստահ պնդել, որ մեքենան կբախվեր արգելապատնեշներին և չէր հայտնվի ձորում ու այս ողբերգական վթարի ականատեսը չէինք լինի։
Հավաքվածներն էլ ասում էին, որ մահացածներն ու վիրավորները գնում էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ իրենց ազգականին տեսակցության, ով որպես ժամկետային զինծառայող Հադրութի զորամասում է ծառայում։
****
16:00
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց՝ [color=#EF2929]ոստիկանությունն ու Սիսիանի քննչական բաժինը՝ ավագ քննիչ Գրիգորյանի գլխավորությամբ պարզել են, որ ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի բնակիչ, 35-ամյա Միքայել Կարինյանը, ինչի հետևանքով նա և ուղևոր, Երևան քաղաքի Սողոմոն Տարոնցու նրբանցքի բնակիչ, 52-ամյա Մարինե Սարգսյանը տեղում մահացել էին, իսկ Աղիտուի զինվորական հոսպիտալ են տեղափոխվել Երևան քաղաքի Բաբաջաբյան փողոցի բնակիչ, 31-ամյա Թերեզա Կարինյանը, Երևան քաղաքի Ֆրունզեի փողոցի բնակիչ, 55-ամյա Արսեն Մխիթարյանը, Երևան քաղաքի Լուկաշինի 1-ին փողոցի բնակիչ, 23-ամյա Էմմա Սարգսյանը և Երևան քաղաքի Սողոմոն Տարոնցու նրբանցքի բնակիչ, 27-ամյա Հովսեփ Մխիթարյանը:
[/color]
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 105+
105+