211652_close_icon
views-count4162 դիտում article-date 17:34 03-11-2016

«Գրանշան 2016» տառատեսակների միջազգային մրցույթի հայաստանյան մրցանակակիրները պարգևատրվել են

ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ, «Գրանշան» ոչ լատինական տառատեսակների միջազգային մրցույթն անցկացվում է 2008 թվականից: Ամենամյա մրցույթն այս տարի անցկացվել է սեպտեմբերի 13-17-ը, Վարշավայում, տառաստեղծների ու դիզայներների միջազգային ասոցիացիայի (ATypI) համաժողովին զուգընթաց: Ս. թ. նոյեմբերի 3-ին, ՀՀ մշակույթի նախարարությունում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարվել են մրցույթի արդյունքները: Ասուլիսին մասնակցել են` ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, Հայաստանի ազգային գրապալատի «Հայկական տառատեսակների պահպանման ու մշակման» բաժնի վարիչ, «Գրանշան» կազմկոմիտեի և մրցութային հանձնաժողովի համանախագահ Էդիկ Ղաբուզյանը, «Գրանշան» կազմկոմիտեի և մրցութային հանձնաժողովի համանախագահ, «Կոհան ընդ պարտնյորս» ընկերության նախագահ Բորիս Կոհանը (Մյունխեն): Ասուլիսին ներկա էին նաև Հայաստանի ազգային գրապալատի «Հայկական տառատեսակների պահպանման ու մշակման բաժնի» գլխավոր մասնագետ, «Գրանշան» կազմկոմիտեի և մրցութային հանձնաժողովի անդամ Անժելա Պողոսովան, Հայաստանի ազգային գրապալատի «Հայկական տառատեսակների պահպանման ու մշակման բաժնի» առաջատար մասնագետ, «Գրանշան 2016» մրցույթի մրցանակակիր` Հրաչուհի Գրիգորյանը, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի 4-րդ կուրսի ուսանող, «Գրանշան 2016» մրցույթի մրցանակակիր` Մարիետա Արզումանյանը, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի 4-րդ կուրսի ուսանող, «Գրանշան 2016» մրցույթի մրցանակակիր` Սյուզի Հակոբյանը: Մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարվել են «Գրանշան 2016-ի» մրցանակակիրների անուններն ըստ անվանակարգերի, իսկ հայաստանցի մրցանակակիրներին հանձնվել է դիպլոմներ: «Գրանշան 2016» մրցույթին 28 երկրից ներկայացվել էր 98 տառատեսակ: Մրցույթն այս տարի անցկացվել է հետևյալ անվանակարգերով. ◆ Հայկական (տեքստային, վերնագրային կամ ազատ ոճի), ◆ Արաբական (տեքստային, վերնագրային կամ ազատ ոճի), ◆ Չինական ավանդական և պարզեցված (տեքստային, վերնագրային կամ ազատ ոճի,) ◆ Կիրիլյան (տեքստային, վերնագրային կամ ազատ ոճի), ◆ Հունական (տեքստային, վերնագրային կամ ազատ ոճի), ◆ Եբրայական (տեքստային, վերնագրային կամ ազատ ոճի), ◆ Հնդկական (տեքստային, վերնագրային կամ ազատ ոճի), ◆ Կորեական (տեքստային, վերնագրային կամ ազատ ոճի), ◆ Թայլանդական (տեքստային, վերնագրային կամ ազատ ոճի), ◆ Եվ ցանկացած այլ լեզվական համակարգ՝ որպես ազատ ոճի տառատեսակներ: Մրցութին Հայաստանից ներկայացվել էր 13 տառատեսակ, հանձնաժողովի աշխատանքներին մասնակցել են` Ազգային գրապալատի աշխատակիցներ Էդիկ Ղաբուզյանը (հանձնաժողովի համանախագահ) և Անժելա Պողոսովան (հանձնաժողովի անդամ, թարգմանիչ): Հայաստանցի տառաստեղծներ Մարիետա Արզումանյանի ու Սյուզի Հակոբյանի (Հայաստանի գեղեցիկ արվեստների պետական ակադեմիայի 4-րդ կուրսի ուսանողներ) աշխատանքներն առաջին հիմնական անվանակարգի՝ «Հայկական տեքստային, վերնագրային կամ ազատ ոճի» տառատեսակներում արժանացել են 1-ին և 2-րդ մրցանակների: Նույն անվանակարգում «Հատուկ կարծիքի» է արժանացել Հայաստանի ազգային գրապալատի աշխատակից Հրաչուհի Գրիգորյանի աշխատանքը: Մարիետա Արզումանյանի մեկ այլ աշխատանք ազատ ոճի տառատեսակներում արժանացել է «Հատուկ կարծիքի»:

Նմանատիպ նյութեր