2677 դիտում
11:03 09-11-2016
Եթե ուզում եք որևէ գործ տապալել, ստեղծեք հանձնաժողով. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Եթե ուզում եք որևէ գործ տապալել, ստեղծեք հանձնաժողով»: Անկախ նրանից, թե ինչ դեր էր խաղացել այդ ասույթի հեղինակը (Վ. Ի. Լենինը) համաշխարհային պատմության մեջ, բնորոշումը շատ ճիշտ էր և, համենայնդեպս, ռուսական, խորհրդային և հետխորհրդային իրականությանը միանգամայն համապատասխան:
Քանի՞ հանձնաժողով է ստեղծել Հայաստանի խորհրդարանը` «հոկտեմբերի 27-ի», «մարտի 1-ի», «գազի», ստեղծվելու է, ասենք, «Նաիրիտի» հանձնաժողով: Առաջին երկու գործերի վերաբերյալ որևէ նոր բան պաշտոնապես չբացահայտվեց, գազի գինը, որքան էլ խորհրդարանական հանձնաժողովը պնդում էր, թե հնարավոր է իջեցնել, միևնույն է, չիջավ, մինչև որ «ամենավերևներում» չընդունվեց քաղաքական որոշում: Ինչ մնում է «Նաիրիտին»: Ի՞նչ է՝ եթե ընդդիմադիր պատգամավորներն այս խնդրի շուրջ բոցավառ պոպուլիստական ելույթներ ունենան, «Նաիրիտը» կաշխատի՞: Կամ՝ նրանք, ովքեր ձև էին անում, թե աշխատեցնում են, բայց իրականում փող էին ուտում, կպատժվե՞ն: Բնականաբար՝ ոչ: Բայց այդպես է ոչ միայն խորհրդարանական հանձնաժողովների դեպքում:
Ենթադրենք, հիվանդանոցում մարդ է մահանում, և մահացածի հարազատները կարծում են, թե մեղավոր են բժիշկները: Ի՞նչ անել: Դե, իհարկե, հանձնաժողով կազմել: Ումի՞ց: Բնականաբար, բժիշկներից: Ասացեք, խնդրեմ, ո՞ր մի բժիշկը կասի, որ իր գործընկերը սխալ է: Չեն ասի: Նրանք լրագրող չեն, որ փորձեն ինքնահաստատվել իրար հաշվին: Վաղն իրենց հիվանդանոցում մարդ կմահանա (այդպիսին է կյանքը), և նրանք են ստիպված լինելու արդարանալ մահացածի հարազատների առաջ: Դրա համար էլ նման բոլոր գործերը հայտնվում են փակուղում:
Կամ՝ մենք ունենք բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով, որի գործառույթների մեջ մտնում է, մասնավորապես, «բարձրաստիճան պաշտոնատար անձանց շահերի բախման և էթիկայի կանոնների խախտումների բացահայտումը»: Հետո՞, բացահայտե՞ց: Կամ գուցե մեզանում շահերի բախման դեպքե՞ր չկան: Օրինակ՝ Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության ժամանակ շահերն այնպես բախվեցին, որ միլիարդավոր դոլարներ հօդս ցնդեցին:
Կա նաև կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողով, որը վարչապետը ցանկանում է «հարստացնել» հասարակական հատվածի և ընդդիմության ներկայացուցիչներով: Ենթադրենք, ես համաձայնում եմ դառնալ այդ հանձնաժողովի անդամ, շաբաթը երկու ժամ գնում, նստում եմ այդ հանձնաժողովի նիստերին և լսում եմ մյուս հանձնաժողովականների ելույթները: Դրանից որևէ բան չի փոխվելու»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1511 դիտում
09:03 25-12-2014
Ստեղծեք Ձերը, առանց քննադատելու ուրիշներին. Առավոտ. խմբագրական
8752 դիտում
10:55 09-06-2017
«Գործ տա՞լ», թե չտալ. Ի՞նչ եք ուզում խեղճ մարդուց՝ եթե նա վերևներին չմուծվի, համակարգում չի աշխատի․ «Առավոտ»
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը