211652_close_icon

«Գործ տա՞լ», թե չտալ. Ի՞նչ եք ուզում խեղճ մարդուց՝ եթե նա վերևներին չմուծվի, համակարգում չի աշխատի․ «Առավոտ»

views-count8860 դիտում article-date 10:55 09-06-2017
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Բոլորս քննադատեցինք ՀՅԴ խմբակցության երիտասարդ պատգամավոր Անդրանիկ Կարապետյանին, որը կոռուպցիայի մասին ոչ հրապարակային ազդարարումը համարեց «հայի տեսակին» ոչ վայել և կարծիք հայտնեց, որ կոռուպցիայի դեմ պայքարի նոր օրենքներով խրախուսվում է «գործ տալը»: Բայց նա արձանագրել է Հայաստանի բնակչության 90 տոկոսի համոզմունքը: Ավելին ասեմ՝ թեև մենք՝ քննադատողներս, տեսականորեն համաձայն չենք Անդրանիկի հետ, բայց սովորաբար մենք մեր առօրյա պրակտիկայում վարվում ենք ճիշտ այնպես, ինչպես նկարագրում է պատգամավորը: Եվ դա վերաբերում է ոչ միայն կոռուպցիային: Երբ երթուղային տաքսու վարորդը ծխում է, արդյոք մենք նրան դիտողությո՞ւն ենք անում: Իսկ երբ մեր նկատողությանն ի պատասխան վարորդը մեզ ուղարկում է հայտնի ռուսական հասցեով, մենք ի՞նչ է՝ գրի ենք առնում մեքենայի համարանիշը ու դիմում ենք քաղաքապետարա՞ն: Ոչ, լավագույն դեպքում մենք էլ նրան նույն տեղը կուղարկենք: Եվ բոլոր արդարացումները, թե չենք ուզում, որ այս խեղճ մարդը տուժի, որ նա ընտանիք է պահում և այլն, դրանք բոլորը սուտ են: Իրականում մենք վախենում ենք: Վախենում ենք հասարակական կարծիքից և «վատամարդ» դուրս գալուց: Հենց նույն պատճառով էլ մենք պատրաստ ենք առավոտվանից գիշեր օդի մեջ բացականչել՝ «դրանք բոլորը թալանչի են, ավազակ են» և այլն, բայց հենց գործը հասնում է կոնկրետ դեպքին, մենք վարանում ենք ճշմարտությունը հրապարակելուց: Երբ մաքսայինի աշխատողը մեզնից կաշառք է ուզում, մենք կամ տալիս ենք կաշառքը, կամ ծանոթ ենք փնտրում, որ այդ կաշառքը չտանք: «Բա ի՞նչ եք ուզում խեղճ մարդուց՝ եթե նա վերևներին չմուծվի, այդ համակարգում չի աշխատի»,- կասեք դուք: Դա, իհարկե, ճիշտ է. բայց եթե 100 մաքսավորներից, 100 հարկահավաքներից, կադաստրի 100 աշխատակիցներից 10-ը նստի, արդյոք մնացած 90-ը կմտածե՞ն մուծվելու մասին: Դուք կասեք նաև՝ պետք է նստեցնել նրանց պետերին, որոնք «նալոգ» են պահանջում, չի լինի պետը՝ չի լինի «նալոգը»: Դա էլ է ճիշտ: Բայց մենք՝ շարքային քաղաքացիներս, պետերի հետ գործնական հարաբերությունների մեջ չենք մտնում: Պետերի հետ առնչվում են «մուծվողները»՝ նրանք կհամարձակվե՞ն իրենց անունից ահազանգել: Բնականաբար, ոչ: Նրանք եթե բողոքեն, ապա միայն իրենց ինքնությունը չբացահայտելու պայմանով: Կբողոքեն, եթե մենք հրաժարվենք «գործ տալը» պախարակելու ասիական, կիսագողական պրակտիկայից: Ինչո՞վ է տարբերվում «ազդարարի» ինստիտուտը ստալինյան մատնագրերից: Նախ՝ նրանով, որ այն վերաբերում է բացառապես չինովնիկների կոռուպցիային և ոչ թե «հակասովետական» ինչ-որ մտքերին կամ արտահայտություններին: Երկրորդ՝ նրանով, որ պարզապես ահազանգի հիման վրա ոչ մեկին չեն ձերբակալի, այդ ահազանգը պետք է ստուգվի, և եթե սուտ լինի, ոչ ոք մարդուն չի անհանգստացնի: Շատ հնարավոր է, որ չեն անհանգստացնի նույնիսկ այն դեպքում, եթե ահազանգը ճիշտ լինի»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր