211652_close_icon
views-count3678 դիտում article-date 14:34 11-11-2016

Նախարար Իգնատի Առաքելյանը ներկայացրել է ՀՀ ԳՆ ՍԱՊԾ նորանշանակ պետին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Իշխան Կարապետյանին: Իգնատի Առաքելյանը նախ շնորհակալություն է հայտնել Արմեն Հայրապետյանին իրականացրած մեծածավալ աշխատանքի համար` տեղեկացնելով, որ նա շարունակելու է իր գործունեությունը պետական կառավարման համակարգում` արդեն որպես գյուղատնտեսության նախարարի խորհրդական: Շնորհավորելով Իշխան Կարապետյանին ՍԱՊԾ պետի պաշտոնում նշանակվելու առթիվ` նախարարը նշել է, որ նա պատրաստված և պրոֆեսիոնալ մասնագետ է, քաջատեղյակ է ոլորտին և մաղթել հաջողություններ ու արդյունավետ աշխատանք: «Այսօր ունենք խնդիրներ անասնաբուժության, բուսասանիտարիայի ոլորտում, նաև պետք է ապահովել առավելագույնս խիստ վերահսկողություն սննդամթերքի անվտանգության ապահովման հարցում: Ձեր ամենօրյա աշխատանքը մշտապես հանրության ուշադրության և քննադատության առանցքում է, և ես լիահույս եմ, որ նոր ղեկավարի հետ համատեղ, կշարունակեք ստեղծված հիմքերի վրա բարելավել և զարգացնել Ծառայության աշխատանքների որակը` հասնելով առավել տպավորիչ արդյունքների և նոր հաջողությունների»,- իր խոսքում մասնավորապես նշել է նախարար Առաքելյանը: ՍԱՊԾ նորանշանակ ղեկավար Իշխան Կարապետյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել հանրապետության վարչապետին և նախարարին վստահության համար` հավաստիացնելով, որ ողջ թիմը կներդնի առավելագույն ջանքեր` առկա խնդիրների արդյունավետ լուծման և համակարգի հետագա զարգացման ու կատարելագործման համար: Արմեն Հայրապետյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել աշխատակազմին երկու տարվա համատեղ աշխատանքի համար և հաջողություն մաղթել Ծառայության նորանշանակ պետին: ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

Նմանատիպ նյութեր