211652_close_icon
views-count27124 դիտում article-date 10:46 17-11-2016

Իմ աշխատավարձից ամեն ամիս վճարելու եմ ոչ թե 1000, այլ 10.000 դրամ. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Հիշո՞ւմ եք, մի պատվարժան կին ժամանակին ասել էր. «Ինչի՞ համար հարկեր մուծեմ, որ դրանք գնան կազինոներում ծախսե՞ն»: Ասել, որ ասվածի մեջ ոչ մի ռացիոնալ հատիկ չկա, իհարկե՝ սխալ կլիներ: Բայց եկեք համեմատենք երկու իրավիճակ. 1. դու մուծում ես հարկերը, պահանջում ես, որ դրանք օգտագործվեն ըստ նպատակի, և որևէ այլ հարաբերություն չես հաստատում իշխանությունների հետ, 2. դու նորմալ չես մուծում հարկերը, փորձում ես լեզու գտնել իշխանությունների հետ, գուցե նաև քո չմուծած հարկերի մի մասը կանխիկ տալիս ես նույն իշխանավորներին: Ո՞րն է պետության համար ավելի վտանգավոր: Դրա համար ճիշտ մոտեցումը պետք է լինի՝ վճարիր և պահանջիր: Ես իմ աշխատավարձից ամեն ամիս վճարելու եմ ոչ թե 1000, այլ 10 000 դրամ՝ զոհված և վիրավոր զինվորների համար՝ հենց որ բացվի համապատասխան հիմնադրամ։ Ի դեպ, իմ արած առաջարկներին ավելացնեմ մի տեխնիկական գաղափար ևս. Հանգանակությանը մասնակցելու համար պետք է բավարար լինի, որ ես դիմում գրեմ իմ տնօրենի կամ հաշվապահի անունով, որ նրանք փոխանցեն այդ 10 հազարը համապատասխան հիմնադրամին, որպեսզի ես ամեն ամիս դրա վրա ժամանակ չկորցնեմ։ Դարձյալ կրկնեմ՝ այն պետք է գործի կամավոր։ Ես պատրաստ եմ վճարել չունևորների, հասարակական ակտիվիստների, ընտրությունների պատրաստվող քաղաքական գործիչների, ամեն ինչի մեջ դժգոհության առիթ փնտրելու փոխարեն։ Վստահ եմ, որ ինձ նման հազարավոր մարդիկ կան և կլինեն։ Դա չի նշանակում, որ մենք ավելի շատ ենք վստահում իշխանություններին, քան քաղաքացիների վերը թվարկված կատեգորիաները։ Բայց եթե առաջնորդվենք «բա որ գողանան» տրամաբանությամբ, ապա, ինչպես արդեն ասվեց, կարելի է հարկերն էլ չմուծել։ Դա իհարկե նշանակում է, որ որոշակի պայմանավորվածությունների է պետք գալ իշխանությունների հետ, այսինքն՝ մեծացնել գողանալու հավանականությունը։ Իսկ հարկերը մուծելով, հակառակը՝ լեզուս երկար կլինի։ Վերջերս լրագրող ընկերներիցս մեկին «բռնացրել էին» մի խումբ թոշակառուներ և ավանդական հարցերի շարքում հարցրել էին՝ «էս երկիրը երբ է երկիր դառնալու»։ Հարցրեցին, փրփրեցին, գոռգոռացին, իսկ հետո անցան փողոցի հակառակ մայթը։ Ոչ թե 10 մետրի վրա գտնվող վերնանցումով, այլ բանուկ փողոցով՝ «մանևրելով» ջղային ազդանշաններ տվող մեքենաների միջև»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր