211652_close_icon
views-count2804 դիտում article-date 10:53 18-11-2016

Այն ցուցակը, որ կներկայացնենք, անակնկալների պակաս չի ունենա. «Իրատես»

«Իրատես» թերթը զրուցել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հետ: [b]Տեղեկություններ կան, որ լիբերալ հայացքներ ունեցող ուժերի միավորման գործընթաց է մեկնարկել։ Այդպե՞ս է։[/b] Ցանկացած կայացած քաղաքական ուժ, առավել ևս լիբերալ դաշտը ներկայացնող, պետք է իր ողջ գործունեության ընթացքում զբաղվի ազատականների համախմբմամբ։ Համենայն դեպս մենք այդպես ենք վարվել։ «Ազատ դեմոկրատներն» ամեն ինչ կանի, որ մեր հայացքները կիսող անհատները, ուժերը համախմբվեն ու միասին հանդես գան։ Այսօր քննարկվում է նաև ողջ ընդդիմադիր դաշտի համախմբման հարցը, ինչի առնչությամբ, անկեղծ ասած, թերահավատ եմ։ Կարծում եմ, դա «չաշխատող» միավորում կարող է լինել, քանի որ պետք է համախմբվել հանուն ինչ-որ գաղափարի։ Հանուն իշխանափոխության համախմբվելը ճիշտ չէ։ Այդ փոփոխությունից հետո քաղաքացուն պետք է հասկանալի լինի, թե ինչ Հայաստան ենք ուզում կառուցել։ [b]Այսօր համախմբվում են հանուն ապագա խորհրդարանում մանդատ «ձեռք գցելու»։[/b] Ցավոք, ճիշտ եք։ Շատ քաղաքական գործիչներ, իրենց պատեպատ տալով, մոռանում են նույնիսկ գաղափարների մասին։ Գաղտնիք չէ, որ մեր քաղաքական դաշտն ամենակոռումպացված ոլորտներից մեկն է, և իմիտացիան լուրջ դեր ունի։ Երբեմն զարմանում եմ, թե ինչպես կարող են քաղաքական տարբեր բևեռներում եղած մարդիկ միասին հանդես գալ, հայտարարելով, որ դա հանուն իշխանափոխության է։ Մեր կուսակցությունը հինգ տոկոսի շեմը հաղթահարելու խնդիր չունի, բայց կարևորում ենք համախմբումը։ Տպավորություն թող չստեղծվի, թե մեր նպատակը առանցքում լինելն է։ Մենք գնալու ենք մեր սեփական ցուցակով, ինչը չի նշանակում, որ բացառում ենք համագործակցությունը։ [b]Այսօր խորհրդարանում կան նոր ձևավորված ուժեր՝ «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները, նրանց հետ համագործակցությունը հնարավոր համարո՞ւմ եք։[/b] Ընդհանրապես, ուժերի միավորման առումով կարևոր է նաև տվյալ ուժի աշխարհաքաղաքական ուղղվածությունը, այսինքն, որտեղ են տեսնում Հայաստանը վաղը, հինգ տարի հետո։ ԵՏՄ-ին անդամակցությունը ոչ թե հնարավորություն էր, այլ մարտահրավեր, այս ժամանակահատվածն ապացուցեց ասվածի ճշմարտացիությունը։ Մեր ընդդիմախոսներն ասում էին, որ, այդ միությանն անդամակցելով, առնվազն երկրի անվտանգության խնդիրը կլուծվի, բայց քառօրյա պատերազմը հակառակն ապացուցեց։ Մեզ համար էական է, թե այս հարցում քաղաքական ուժերն ինչպես են իրենց դրսևորել, ինչպես են կողմնորոշվել ԵՏՄ-ին անդամակցության առումով: [b]Իսկ արտախորհրդարանական ուժերի հետ քննարկումներ կա՞ն, ովքե՞ր կլինեն ձեր ցուցակում։[/b] Ոչ միայն ուժերի, այլև անհատների, որոնք հասարակական կյանքում մեծ դերակատարում ունեն։ Կան մարդիկ, որոնք հասարակության լայն զանգվածներին ճանաչելի չեն, բայց պակաս ներդրում չունեն Հայաստանի զարգացման գործում։ Այս առումով, այն ցուցակը, որ կներկայացնենք, վստահաբար կարող եմ ասել, անակնկալների պակաս չի ունենա։ Մենք կկարողանանք ավելի մեծ ներկայացվածություն ապահովել ԱԺ-ում և վճռորոշ դերակատարում ունենալ որոշումների ընդունման վրա»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր