Հայաստանում կկայանան կանադական «Մոլինարի» լարային քառյակի համերգները
Ս. թ. նոյեմբերիի 29-30-ը, ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ Հայաստանում կկայանան կանադական «Մոլինարի» լարային քառյակի համերգները: Առաջին համերգը տեղի կունենա նոյեմբերի 29-ին, ժամը 19:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, այնուհետև, նոյեմբերի 30-ին, ժամը 19:00-ին` Կոմիտասի թանգարան-ինստիտուտի դահլիճում:
Հայաստանի շնորհալի երաժիշտ-կատարողների համար քառյակի երաժիշտները կանցկացնեն վարպետության դասեր. նոյեմբերիի 29-ին, ժամը 14:30-ին, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, իսկ նոյեմբերիի 30-ին, ժամը 14:30-ին` Պ. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում:
Համերգների ընթացքում կհնչեն կոմպոզիտոր Պետրոս Շուժունյանի, Լևոն Չաուշյանի, Քշիշտոֆ Պենդերեցկու և Մուրայ Շաֆերի ստեղծագործությունները:
Նույն օրերին կանադահայ կոմպոզիտոր Պետրոս Շուժունյանը, ով նաև կանադական կողմի ծրագրի համակարգողն է, կհանդիպի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժնի ուսանողների հետ:
Տեղեկացնենք, որ «Մոլինարի» լարային քառյակը ստեղծվել է 1997 թվականին: Իր ստեղծման օրից խումբը ստանձնել է 20-րդ և 21-րդ դարերի լարային քառյակի ստեղծագործություններ կատարելու, ինչպես նաև երիտասարդ երաժիշտներին կրթելու առաքելությունը: Բազմաթիվ մրցանակների արժանացած անվանի քառյակի կազմում են` ջութակահարներ Օլգա Ռանզենհոֆերը և Ֆրեդերիկ Բեդնարզը, ալտահար Ֆրեդերիկ Լամբերը և թավջութակահար Պիեռ-Ալեն Բուվրետը: