211652_close_icon
views-count7894 դիտում article-date 09:57 07-12-2016

28 տարի առաջ այս օրը տեղի ունեցավ Սպիտակի ավերիչ երկրաշարժը

Սպիտակի ավերիչ երկրաշարժից անցել է 28 տարի։ 1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության հյուսիսային շրջաններում տեղի է ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զանգվածային վնասվածքների և փլուզումների ենթարկվեցին հազարավոր շինություններ, այն տասնյակ հազարավոր մարդկանց նահատակման պատճառ դարձավ: Սպիտակի երկրաշարժը տեղի է ունեցել 1988թ. դեկտեմբերի 7-ին, Գրինվիչի ժամանակով ժամը 7 անց 41 րոպե 22,7 վայրկյանին (տեղական ժամանակով 11 անց 41րոպե 22,7 վրկ.): Ուժգնությունը էպիկենտրոնում գնահատվել է 10բալ: Երկրաշարժը ընդգրկել է ՀՀ տարածքի մոտ 40%-ը, ուր ապրում էր 1մլն. մարդ: Ավերման գոտին, որտեղ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 8 բալ և ավելին, ընդգրկել է երեք հազար քառ. կմ տարածություն: Տուժել են 21 քաղաք և շրջան, 342 գյուղ: Անօթեւան են մնացել 514 հազար մարդ: Տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել մոտ 20000 մարդ, որոնցից հոսպիտալացվել են 12500 մարդ, զոհերի թիվը կազմել է 25000 մարդ: Զոհեր շատ են եղել հատկապես Գյումրիում (մոտ 15-17 հազար) եւ Սպիտակում (4հազ) մարդ: Ավերվել է ՀՀ-ի ամբողջ բնակֆոնդի 17%-ը, դադարել են գործել 170 արդյունաբերական ձեռնարկություն, մեծ վնաս է հասցվել գյուղերին և ագրոարդյունաբերական համալիրին: Մեծ վնաս է հասցվել նաև ճարտարապետական, պատմական, արվեստի հուշարձաններին, տուժել է ժողկրթության 917 օջախ: Անսպասելի աղետը հանկարծակիի բերեց ծայրահեղ իրավիճակում գործելու կոչված կազմակերպություններին և ծառայություններին: Կազմակերպված փրկարարական աշխատանքները հունի մեջ մտան 2-3 օր հետո: Երկրաշարժի առաջին րոպեներից անձնուրաց աշխատում էր ազգաբնակչությունը: Սակայն նրանց փորձի և շատ հաճախ ծայրահեղ իրավիճակներում գործելու տարրական գիտելիքների պակասը բացասաբար էին անդրադառնում փրկարարական աշխատանքների արդյունավետության վրա, երբեմն պատճառ դառնում անտեղի զոհերի: Խիստ զգացվում էր անհրաժեշտ փրկարարական տեխնիկայի պակասը: Ազգաբնակչության և փրկարարների ջանքերով փլատակներից, զոհված կամ կենդանի, հանվել է ավելի քան 45000 մարդ, հոսպիտալացվել 12500 մարդ: Վնասների հիմնական պատճառներն են` 1. Հանրապետության ողջ տարածքում թերագնահատված էր սեյսմիկ վտանգը, քանի որ մասնագետների կողմից այդ գոտու սեյսմիկ վտանգը գնահատված էր 7-8 բալ և դա այն դեպքում, երբ 1988թ երկրաշարժի ուժգնությունը Սպիտակում գնահատվեց 10, Ստեփանավանում` 9, Վանաձորում` 8-9 բալ: 2. Աղետի հետևանքներն ուսումնասիրող հատուկ կառավարական հանձնաժողովը հայտնաբերել է, որ թույլ էին տրված որոշակի սխալներ շենքերի եւ կառույցների նախագծման ժամանակ: Այսինքն` խախտված էին սեյսմակայուն շինարարության չափանիշներն ու կանոնները: 3. Ցածր է եղել շինարարության որակը: Կոպտորեն խախտվել է շինարարության տեխնոլոգիան, շինանյութերը չեն համապատասխանել պետստանդարտին: 4. Երկրաշարժի ժամանակ Գյումրի քաղաքի տարածքում գետնի տատանման գերակշռող պարբերության մեծությունը կազմել է մոտավորապես 0,4-0,8 վրկ., որը շատ մոտ է բարձրահարկ շենքերի հիմնական ձևերի սեփական տատանումների պարբերությունների մեծություններին: Նման դեպքերում առաջ են գալիս, այսպես կոչված, ռեզոնանսային անցանկալի երևույթներ` բերելով տատանումների ամպլիտուդաների աճին եւ շատ հաճախակի շենքերի փլուզմանը: 5. Երկրաշարժի տեւողությունը (մինչեւ 5 րոպե) եւ կրկնվող ցնցման փաստը, որի դեպքում շինությունների մեծամասնությունը չհասցրեցին "վերականգնվել" հիմնական ցնցումից: 6. Տատանումների ուղղահայաց բաղադրիչների զգալիությունը: 7. Թերագնահատվել է տարածքի սեյսմիկ վտանգը, հաշվի չեն առնվել տեղանքի ինժեներա-երկրաբանական պայմանների առանձնահատկությունները: 8. Շատ զոհերի պատճառ դարձան փրկարական աշխատանքների ձգձգումն ու ոչ ժամանակին կազմակերպումը: 9. Ազգաբնակչության համապատասխան հմտությունների եւ իրազեկման բացակայությունը էքստրեմալ պայմաններում: Պետք է, թեև ուշացած, բայց հիմնավոր դասեր քաղել մեծ ողբերգությունից, քանի որ թույլ տրված սխալները անհաշիվ են, իսկ սխալներ թույլ տվողները` աններելի շատ:

Նմանատիպ նյութեր