25106 դիտում
20:59 16-12-2016
Կյանքից հեռացել է հայկական սպորտի լեգենդ, օլիմպիական չեմպիոն Ֆաինա Մելնիկը
Այսօր Մոսկվայում` 71 տարեկան հասակում վախճանվել է հայկական սպորտի լեգենդ, 1972թ. օլիմպիական չեմպիոն Ֆաինա Մելնիկը:
Շատ ենք հպարտանում օլիմպիական խաղերի հայաստանցի 14 չեմպիոններով: Նրանցից մեկն է անվանի սկավառականետորդուհի Ֆաինա Մելնիկը: Նա ծնվել է 1945 թ. Ուկրաինայի Կոստանդինովկա փոքրիկ քաղաքում: Հրավիրվեց Հայաստան, սիրեց մեր երկիրն ու դարձավ նրա առաջատար աթլետը: «Սևան» գյուղական մարզընկերության սանը Հայաստանի և ԽՍՀՄ հավաքականների կազմում դարձել է ԽՍՀՄ ութակի, եվրոպայի կրկնակի չեմպիոն, ԽՍՀՄ-ԱՄՆ մրցամարտերի և միջազգային խոշոր այլ մրցաշարերի բազմակի հաղթող:
Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի շրջանավարտը Մյունխենի օլիմպիական խաղերում /1972թ./ նվաճեց չեմպիոնի կոչումը` սահմանելով օլիմպիական ռեկորդ: Նրա «ոսկե վերադարձը» բարձր գնահատեց Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը և ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ մարզուհուն շնորհեց ՀՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի կոչում:
Ֆ.Մելնիկը սահմանել է համաշխարհային 11 ռեկորդ, որոնց շնորհիվ նա վեց մետրով ավելացրել է սկավառականետման բարձրագույն նիշը, այսինքն 64-ը հասցրել է 70 մետրի: Նման արդյունք պատմության ընթացքում աշխարհի ոչ մի նետորդուհի չէր սահմանել: Այդ հանգամանքը գնահատելով աթլետիկայի միջազգային ֆեդերացիան մեր մարզուհուն 1987թ. ճանաչել է բոլոր ժամանակների աշխարհի թիվ մեկ սկավառականետորդուհի, իսկ 2010թ. Հայաստանում թողարկվել է Ֆաինա Մելնիկին նվիրված նամականիշ:
Գործուն սպորտին հրաժեշտ տալուց հետո, 35-ը բոլորած չեմպիոնուհին ընդունվեց և ավարտեց Մոսկվայի բժշկական ինստիտուտը, ստացավ ստոմատոլոգի որակավորում /1986թ./:
Բայց նա հավատարիմ մնաց իր մարզաձևին և համատեղեց երկու մասնագիտությունները: Հուսալի բժշկուհին նաև հմուտ մարզիչ դարձավ: Նրա մոսկվացի սանուհիներից երկուսը` Նատալյա Լիսովսկայան և Սվետլանա Կրիվելյովան հաջորդաբար Սեուլում և Բարսելոնում դարձան օլիմպիական խաղերի չեմպիոնուհիներ:
Այսքանը բավական էր, որպեսզի Ֆաինան կոտրեր կարծրատիպն այն մասին, թե մեծ մարզիկներն անկարող են դառնալ մեծ մարզիչներ: Իսկ ահա նա իրենն արեց ու դրանից հետո միայն թողեց մարզչական գործը:
Նրան ճանաչողները խոստովանում են, որ բնավորությամբ ուժեղ է, համարձակ, կամքով արի, վառ անհատականություն է: Նա ինքն է կերտել իր ճակատագիրը: Եվ եթե նույնիսկ չի հասել ցանկալիին, ապա այդ մասին չի խոսել, լռել, խնամքով թաքցրել է հոգու խորքում:
Հայոց մարզաշխարհի մարդիկ, մարզական բոլոր կառույցների աշխատակիցները խոր վշտով ցավակցում են մեծանուն չեմպիոնուհու հարազատներին, ընկերներին, մարզասերներին: Նրա անունը անջնջելի կմնա համաշխարհային և հայկական սպորտի պատմագրքում, նշված է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ::
Նմանատիպ նյութեր
6986 դիտում
18:48 31-07-2016
Չկան չաղլիկ կանայք, կա գիրացնող հագուստ․ Ֆաինա Ռանևսկայա
1449 դիտում
14:42 28-10-2015
Կյանքից հեռացել է հեծանվային սպորտի վաստակավոր մարզիչ Ալբերտ Սոլոյանը
14112 դիտում
20:18 26-12-2020
Կյանքից հեռացել է շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովի մայրը
Այս բաժնից
2284 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2947 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2458 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում