211652_close_icon
views-count1528 դիտում article-date 16:56 23-12-2016

ՊԵԿ-ը նախատոնական օրերին ձեռնարկում է կոռուպցիոն երևույթների կանխարգելման հատուկ միջոցառումներ

Պետական եկամուտների կոմիտեն հատուկ հսկողություն է սահմանել աշխատակիցների կողմից վարքագծի կանոնների պահպանման ուղղությամբ՝ հնարավոր կոռուպցիոն ռիսկերը վերհանելու և կանխելու նպատակով: Հարկային տեսչությունների ղեկավարներին հանձնարարվել է անհատական հսկողություն սահմանել աշխատակիցների ու հարկ վճարողների շփումների նկատմամբ և անհապաղ զեկուցել հարկային ծառայողի վարքագծի կանոններից տարբերվող վարքի կամ կոռուպցիոն դրսևորումների դեպքերում: Հանձնարարվել է հարկ վճարողների մոտ այցելություններն իրականացնել բացառապես ստուգման (ուսումնասիրության) հանձնարարագրերի կամ արտաքին դիտարկման վերաբերյալ գրավոր հանձնարարականի առկայության դեպքում՝ բացառելով հարկ վճարողների հետ չարտոնված շփումները, նրանց գործունեությանն անհարկի միջամտությունը: Վարքագծի կանոնների համաձայն՝ հարկային ծառայողը պարտավոր է խուսափել ցանկացած տեսակի հովանավորչությունից, միջնորդությունից, աջակցությունից, որոնց արդյունքում կխոչընդոտվի հարկային օրենսդրության պահանջների կատարումը: Նա պետք է զերծ մնա այնպիսի գործողություններից, որոնք կարող են վարկաբեկել հարկային ծառայությունը, հարկային ծառայողի կոչումն ու համբավը: Հարկային ծառայողի վարքագծի կանոններից շեղում նկատելու դեպքում ՊԵԿ-ը հորդորում է քաղաքացիներին և տնտեսվարողներին ահազանգել կոմիտեի նախագահի առաջին տեղակալին՝ 060-544-605 հեռախոսահամարով կամ զանգահարել թեժ գիծ՝ 060-544-444: Կոմիտեն պատրաստ է արագ արձագանքել և արդյունքների մասին տեղեկացնել հանրությանը: [b]ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին [/b]

Նմանատիպ նյութեր