2017թ. ԱԺ ընտրություններում տեխսարքավորումները ընտրատեղամասերում կսպասարկեն 4000 ուսուցված մասնագետներ. Տիգրան Մուկուչյան
2017թ. ԱԺ ընտրությունների ժամանակ ՀՀ բոլոր ընտրատեղամասերում կտեղադրվեն տեսախցիկներ, կհայտարարվի մրցույթ տեխնիկական սարքավորումները սպասարկող մասնագետների ընտրության համար: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
«Ինչպես գիտենք, խորհրդարանական ընտրությունների ժամանակ բոլոր ընտրատեղամասերում տեղադրվելու են տեխնիկական սարքավորումներ, և ընտրությունների մասնակցող քաղաքացիների ընտրությունն իրականացվելու է տեխնիկական սարքավորումների կիրառմամբ: Դա ենթադրում է, որ տեխսարքավորումները պետք է կիրառվեն քվեարկության օրը, ինչի համար անհրաժեշտ են համապատասխան սարքավորումներ և մասնագետներ»,- ասաց ԿԸՀ նախագահը:
Տիգրան Մուկուչյանը նշեց, որ սարքավորումները սպասարկող մասնագետների թիվը կհասնի 4000-ի( Այդ անձինք կանցնեն համապատասխան ուսուցում, կունենան ուղեցույց: ԿԸՀ նախագահն ասաց, որ սարքավորումները սպասարկող մասնագետները կարող են նաև կուսակցական լինել: