211652_close_icon
views-count3443 դիտում article-date 20:15 17-01-2017

Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը հանդիպեց Հունաստանի մշակույթի նախարարին

Հունվարի 16-ին Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը հանդիպեց Հունաստանի մշակույթի նախարար Լիդիա Կոնիորդուի հետ: Հանդիպմանը շոշափվեցին Հայաստանի և Հունաստանի միջև մշակութային կապերի ակտիվացման և նոր նախաձեռնություններով հանդես գալու հարցերը: Իր հերթին նախարար Կոնիորդուն նշեց երկկողմ մշակութային օրեր անցկացնելու անհրաժեշտությունը և պատրաստակամություն հայտնեց Հունաստանում հյուրընկալելու հայկական ֆիլմերի շաբաթ, ինչպես նաև Հայաստանում կազմակերպելու հունական ֆիլմերի ցուցադրություն: Երկու եղբայրական ժողովուրդների միջև մշակութային դիվանագիտության ակտիվացմանը նպաստելու համար նախարար Կոնիորդուն ցանկություն հայտնեց այցելել Հայաստան՝ տեղում հայկական մշակույթին ծանոթանալու և մշակութային փոխգործակցությանը նոր թափ հաղորդելու նպատակով: Նույն օրը ՀՀ դեսպան Չարչօղլյանը հանդիպեց նաև Խալանդրիի քաղաքապետ Սիմոս Ռուսոսին: Ողջունելով միմյանց և մաղթելով արդյունավետ համագործակցություն` զրուցակիցներն անդրադարձան հայ և հույն ժողովուրդներին պատմական առնչություններին և նրանց մշակութային ընդհանրություններին: Հանդիպման ընթացքում քաղաքապետ Ռուսոսն անդրադարձավ քաղաքապետարանի կողմից կազմակերպվող և իրականացվող մշակութային ծրագրերին ու միջոցառումներին, ինչպես նաև Եվրոպական միության անդամ այլ երկրների քաղաքապետարանների հետ համագործակցությանն ու եվրոպական ծրագրերում քաղաքապետարանի ներգրավվածությանը: Զրույցի ընթացքում ՀՀ դեսպանը, անդրադառնալով հայ-հունական հարուստ մշակույթային ժառանգությանը, ընդգծեց տվյալ ոլորտում շփումների և համագործակցության ավելի ակտիվացման կարևորությունը: Քույր քաղաքների համագործակցության համատեքստում զրուցակիցները քննարկեցին Խալանդրի քաղաքի և Հայաստանի Հանրապետության քաղաքների միջև համագործակցության հաստատման հնարավորությունը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է հաշվի առնել փոխգործակցության լայն դաշտը, առկա ներուժն ու հնարավորությունները:

Նմանատիպ նյութեր