1894 դիտում
14:25 18-01-2017
Քննարկվել է Երևանի քաղաքապետարանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի համատեղ ծրագրերի ընթացքը
Երևանի քաղաքապետարանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքի հետ կապված հարցեր են քննարկվել քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՎԶԵԲ-ի տնօրենների խորհրդի անդամ Ֆրանս Վիկերսի հետ հանդիպման ժամանակ:
Ողջունելով հյուրին և առանձնակի կարևորելով Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համագործակցությունը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ իրականացվող համատեղ ծրագրերն իսկապես կարևոր են Երևան քաղաքի ենթակառուցվածքների զարգացման համար:
«Մենք կարևորում ենք քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համագործակցությունը, նաև ուրախ եմ, որ արդեն իսկ ունենք հաջողությամբ կյանքի կոչված համատեղ տարբեր ծրագրեր։ ՎԶԵԲ-ի հետ համագործակցության շրջանակում, ինչպես տեղյակ եք, իրականացնում ենք տարբեր ծրագրեր՝ մետրոյի վերակառուցման, ջրամատակարարման բարելավման, կոշտ թափոնների կառավարման, քաղաքային լուսավորության, տրոլեյբուսների տեխնիկա-տնտեսական ուսումնասիրության և մի շարք այլ ուղղություններով: Վստահ եմ, որ այս ծրագրերի հաջող ընթացքն ու արդյունավետությունը հիմք կհանդիսանան, որ առաջիկա տարիներին մենք ընդլայնենք համագործակցության շրջանակներն ու ընդգրկենք նոր ուղղություններ», - նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու հավելել, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակներում պատրաստակամ է քննարկել բոլոր այն ծրագրերը, որոնք ուղղված են մայրաքաղաքի բնակիչների բարեկեցության ապահովմանը:
Ներկայացնելով քաղաքային տնտեսության կառավարման հարցում իր մոտեցումները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախանշել է նաև Երևան քաղաքի համար առաջնահերթ լուծումներ պահանջող խնդիրները: Քաղաքապետը մասնավորապես անդրադարձել է քաղաքային տրանսպորտի կանոնակարգմանն ու բազմաբնակարան բնակելի շենքերի պահպանմանը՝ նշելով, որ այս ուղղությամբ այսօր բանակցություններ են տարվում միջազգային տարբեր կառույցների հետ:
ՎԶԵԲ-ում Նիդերլանդների, Մոնղոլիայի, Չինաստանի, Մակեդոնիայի և ՀՀ գծով տնօրենների խորհրդի անդամ Ֆրանս Վիկերսն իր հերթին կարևորելով Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությունը՝ նկատել է, որ Երևան քաղաքն իսկապես վստահելի ու կարևոր գործընկեր է ՎԶԵԲ-ի համար:
«Պարոն քաղաքապետ, Երևանը մեզ համար իսկապես վստահելի գործընկեր է, և մենք պատրաստակամ ենք շարունակել ձևավորված համագործակցությունը քաղաքային տնտեսության այլ ուղղություններով ևս: Մենք բարձր ենք գնահատում Երևանի քաղաքապետարանի հետ առկա համագործակցությունը, քանզի իսկապես սահուն և արդյունավետ համագործակցության օրինակ է սա: Շնորհակալ եմ Երևան քաղաքի համար առաջնահերթություն հանդիսացող ծրագրերն ու առաջիկա անելիքներն անձամբ ներկայացնելու համար: Քաղաքի արդյունավետ կառավարման հարցում Ձեր մոտեցումներն իսկապես ողջունելի են, և վստահեցնում եմ, որ իմ հերթին կանեմ հնարավորը, որպեսզի շարունակվեն համատեղ ծրագրերն ու լուծումներ ստանան Ձեր կողմից նախանշված մյուս խնդիրները ևս»,- նշել է Ֆրանս Վիկերսը:
Հանդիպման շրջանակում քաղաքային ենթակառուցվածքների արդյունավետ կառավարման ու սպասարկման հարցում կարևորվել է նաև համայնք-մասնավոր հատված համագործակցությունը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ այս ուղղությամբ ևս Երևանի քաղաքապետարանն ունի հաջողված բազմաթիվ ծրագրեր, որոնք նույնպես լինելու են շարունակական:
Նմանատիպ նյութեր
2578 դիտում
18:51 01-12-2017
Քննարկվել է Երևանի քաղաքապետարանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի համատեղ ծրագրերի ընթացքը
Այս բաժնից
1579 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
493 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
469 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին